Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Դատավորի կիրակի

Դատավորի կիրակի

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկաս 8. 1-9): Ըստ առակի, կար մի խեղճ այրի կին, որ մի անպիտան մարդու անիրավության զոհ էր դարձել և շարունակ նեղվում էր նրանից: Թե ինչ տեսակի նեղություն է, բացատրված չէ: Խեղճ այրին, չկարողանալով թշնամու դեմ կանգնել, դիմում է քաղաքի դատավորին, որ իրավունք ու արդարություն պաշտպանի և իրեն ազատի հակառակորդի ձեռքից: Այրին անընդհատ գնում է, գալիս, բայց դատավորն անգամ ուշադրության չի դարձնում: Սակայն խեղճ այրին այդ անտարբերությունից չի ձանձրանում և շարունակ նույն դատավորի դուռն է գալիս ու կրկնում, որ միայն ինքը`դատավորը, կարող է իրեն ազատել իր անիրավ հակառակորդից: Դատավորը, ոչ պակաս անիրավ, քան հակառակորդը, որ ո՛չ Աստծու վախով էր փափկում և ո՛չ էլ մարդկանց խոսքերից էր ամաչում, վերջապես պարտվեց այրու հայտարարությունից ու ասաց. «Այս կնոջը գործը վերջացնեմ, որ աղաչանքից ազատվեմ, ուզածն անեմ, որ շարունակ աղաչելը վերջանա»: «Լսեցե՛ք,- եզրակացնում  է Հիսուս,- թե ի՛նչ  է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի  նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կշպատպանի: Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգնի՞ երկրի վրա»:

  
«Աստծու կողմից շինված քաղաք է յուրաքանչյուր մարդ ըստ այն խոսքի, թե`«Աստծո կենդանի տաճար եք դուք»: Դատավորը միտքն է, թշնամիները` մարդու հոգին և մարմինը: Սրա համար էլ ասվում է, թե` «Մի քաղաքում մի դատավոր կար», արդ քաղաքը մարդն է: Մարդն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ` զգայարանները, բնակիչներ` հոգին, իբրև իշխանավորներ` միտքը, իսկ իբրև զինվորներ`ցանկությունն ու ցասումը: Իսկ ունեցվածքն ու հարստությունն են` հավատը, հույսը և սերը, ինչպես նաև խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը: Եվ ինչպես որ թշնամիների և սիրելիների համար քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը դռան միջոցով է, այնպես էլ մեր միջով է բարի և չար գործերի ելքն ու մուտքը, որ հինգ զգայարաններով են լինում, քանի որ սրանցով ենք մեղք գործում, այսինքն` աչքով գեղեցիկ բաներ ենք ցանկանում, ականջով`հաճույքով լսում ենք այն, ինչ օգտակար չէ և վնասակար է մեր հոգու համար, հոտոտելիքով` թուլանում, լեզվով սուտ խոսում և բերանով ագահի պես ուտում և խմում, ձեռքով զրկում և վնասում ենք: Իսկ երբ ցանկանանք ետ դառնալ մեր մեղքերից, հենց այս զգայարաններով ենք բարին գործելու: Քաղաքին արդար դատավոր կարգեց միտքը` արդարությամբ քննող և տանջող, որովհետև ուր որ բողոք կա, քննում և որոշում է չարն ու բարին, միշտ փախչում է չարից և հետևում բարուն: Իսկ եթե սխալվելով ընկնի չար գործերի մեջ, այնժամ խղճմտանքը կչարչարի ու կտանջի նրան որպես հանցավորի: Ազգերի դատավորները չորս ձևով են կեղծում դատաստանները`տգիտությամբ կամ կաշառքով, վախենալով կամ երեսպաշտությամբ: Իսկ միտքն արդար դատավոր է հոգու և մարմնի համար և սրանցից ոչ մի շեղվածություն չունի, որովհետև միտքը իմաստուն է և ունեցվածքի անկարոտ: Այս պատճառով էլ անկաշառ է և նրանց իշխանը այս պատճառով էլ չի երկնչում: Եվ քանի որ արդար է, դրա համար էլ որևէ ակնկալություն չունի, ապա ուրեմն արդար է դատում: Ինչպես ասաց Հովհաննեսն իր ընդհանրական թղթում. «Եղբայրնե՛ր, եթե մեր մտքերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ», որովհետև միտքը վկա է մեր ստությանն ու ճշմարտությանը, սրանից չենք կարող ծածկել մեր մեղքերը, սա ամեն ժամ մեզ հետ է որպես ուսուցիչ և խրատող: «Մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Որովհետև փակ տեղում է, և որևէ մեկը նրան չի տեսնում, այդ պատճառով էլ մարդկանցից չի ամաչում, իսկ որ Աստծուց չի վախենում այն պատճառով է, որ նա իշխանությամբ ազատ է և ոչ թե ծառա: Եվ եթե որևէ մեկն ասի, թե` ինչո՞ւ ենք ազատ կամքով, ինչո՞ւ Աստված մեզ  հարկերի  տակ չստեղծեց, որպեսզի չկարողանայինք մեղանչել: Այսպիսիններին առաքելական սաստող խոսքով կասենք. «մի՞թե կավը կասի բրուտին, թե` ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»: Եվ քանի որ ստեղծված ենք, ակամա փոփոխական ենք, որի պատճառով մեր ազատությունն էլ փոփոխական է, այսինքն տատանվում է բարու և չարի միջև:Աստված մարդուն անձնիշխանություն և ազատ կամք է տվել, որպեսզի ազատաբար ընտրի բարին, ինչպես արեցին հրեշտակներն ու բոլոր սրբերը: Բայց մարդիկ, այդ անձնիշխանությունը ի չարս գործադրելով, նմանվում են սատանային` ընտրելով չարն ու խորշելով բարուց: Հետևաբար Աստված մեղադրելի չէ, որ բարիք գործադրելու համար ազատ կամք և անձնիշխանություն պարգևեց, բայց նրանք այդ վերածեցին չարիքի: Արդար դատավորը և ազատ միտքը, երբ գործում է կարգ ու կանոնով, խորշելով չարից, բարին կատարելով,ապա նաև հոգին իր հետ վեր է բարձրացնում, մարդն ամբողջովին Աստծո նման երկնային է դառնում: Իսկ երբ միտքը պարտվում է բարի  մտքերից, այնժամ գերվում է զգայություններից և  ծառայում հաճույքներին: Այն ժամանակ ոսոխ մարմինը, զորանալով, մտքից հարձակվում է հոգու վրա` կեղեքելով, չարչարում է նրան: Իսկ այնուհետև հոգին այրիանում է փեսա Քրիստոսից, որովհետև, սիրով Աստծո կամքը կատարելով, Քրիստոսի հարսն էր դարձել: Այդպես և հոգին, երբ թողնում է Աստծո կամքը`այրիանում է, այսինքն բարի գործերից անզավակ և անպտուղ է մնում: Եվ այրին գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես», այսինքն հոգին գալիս էր դատավոր մտքի մոտ և թախանձում նրան դատաստան տեսնել թշնամի մարմնի նկատմամբ, քանի որ անիրավ է և զրկում է իրեն բարիքներից և հեռացնում է Աստծո կամքից: Իսկ միտքը, մարմնի հետ հեշտանալով, ո՛չ կամենում է լսել հոգուն և ո՛չ դատել, որի պատճառով էլ անիրավ դատավոր է կոչվում: Բայց հետո, սթափվելով, ասում է. «Եթե բարեկամության համար չեմ անում, սակայն թախանձանքի պատճառով նրա դատը տեսնեմ, որպեսզի ինձ չանհանգստացնի», - այսինքն խղճմտանքը քննադատում է մտքին անիրավության համար: Այն ժամանակ միտքը, զղջալով, դարձի է գալիս և արդար դատաստան տեսնում, այսինքն ապաշխարությամբ և զղջմամբ հրաժարվում է մեղքերից և հանգիստ գտնում խղճմտանքով: Եվ անիրավ դատավորն իր զղջման և ապաշխարության միջոցով դառնում է արդար դատավոր: Այսպես և Աստված դատ կանի նրանց, ովքեր գիշեր և ցերեկ աղաղակում են: Իսկ եթե դու, ինչպես ասում է առաքյալը, արհամարհում ես Աստծո ներողամտությունը, ապա քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար: Որովհետև. «Ով սիրում է մեղքը, ատում է իր անձը»,- ասում է մարգարեն: Եվ արդ, լսեցե´ք, եղբայրներ, թե ինչ էր դատավորը անիրավությամբ անում. «Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Մեղավորին դարձի են բերում Աստծո հանդեպ երկյուղն ու ամոթը մարդկանցից, որովհետև Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից և ամոթահար լինելով՝ խուսափում ենք չարից:Եվ արդ, մենք պետք է երկնչենք Աստծուց և ամաչենք մարդկանցից, որովհետև ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը: Եվ ինչպես Ինքը Տերն ասաց. «Եվ մի´ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը»: Որի պատճառով էլ Քրիստոս փրկում է Իր անունով մեզ և բոլոր հավատացյալներին հավիտենական կրակի տանջանքներից և Իր ողորմությամբ արժանի է անում անճառելի ուրախությունների և անպատմելի ցնծության` Քրիստոս Հիսուսի մեր Տիրոջ հետ, Ով օրհնյալ է Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս ամեն» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 8483
2013.03.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.