Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Գալստյան կիրակի. անցավոր ժամանակը ծուլությամբ մի՛ անցկացրեք

Գալստյան կիրակի. անցավոր ժամանակը ծուլությամբ մի՛ անցկացրեք

Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթայի նախավերջին կիրակին կոչվում է Գալստյան, որը հիշեցնում է Փրկչի թե՛ Առաջին  և թե՛ Երկրորդ Գալուստները: Առաջինով, այսինքն`Աստվածհայտնությամբ, մարդուն հնարավորություն տրվեց փրկությանն արժանանալու, քանդվեցին դժոխքի կապանքներն ու բացվեցին դրախտի դռները: Իսկ Երկրորդ Գալստյան հիշատակությամբ վերստին հիշում ենք, որ Քրիստոսը աշխարհի վախճանին «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով`դատելու ողջերին ու մեռածներին» («Հավատո հանգանակ»):

 

Սբ. Գրիգոր Տաթևացին, փրկության արժանանալու համար, խորհուրդ է տալիս ամեն ժամ բարին գործել, իսկ մեղքերի համար չզլանալ`զղջալ և ապաշխարել: Նա հետևյալն է ասում. «Մարդն է բոլոր կենդանի էակներից ամենապատվականը, որ պարտավոր է մշտապես գործել. եթե չգործի, թռչուններն ու այն նվաստ կենդանիները կհանդիմանեն նրան, քանզի նրանք մշտապես գործում են, ինչպես ասում է Սողոմոնը. «Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, կամ մեղվի մոտ գնա, տես թե ինչպե~ս գործունյա է նա»: Այս պատճառով է Քրիստոս ծուլացողներին ասում. «Ինչո՞ւ եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»: Պետք է Տիրոջ այգին մշակել երկու պատճառով. նախ, որովհետև այս այգու տանուտերն Աստված է և խիստ մտահոգված է մշակներ վարձելու համար, այս պատճառով մշտապես մշակներ վարձելու է ելնում: Այգին` Աստծո եկեղեցին է, և ոմանք ասում են, թե սկսած Աբելից մինչև վերջին արդարները, որքան սուրբեր, որ եղել են, այնքան էլ Աստծո այգու մշակներն են: Եվ վարդապետների միջոցով սկզբից մինչև վերջ տարբեր ժամերին Աստված չի ծուլանում խնամել հավատացյալ ժողովրդին: Հետո Ինքն անձամբ դուրս եկավ, որովհետև մինչ այս մարգարեների և հրեշտակների միջոցով էր հայտնել Իր կամքը, և այժմ Նա անձամբ հայտնապես եկավ, և, հեթանոսներին անգործության մեջ ու բարությունից զուրկ տեսնելով, կանչեց նրանց: Ուրեմն, չպետք է անհույս լինենք Աստծո ողորմության պատճառով, որովհետև ամեն ժամ Աստված պատրաստ է մեղավորին ապաշխարության կանչելու, նույնիսկ մինչև խոր ծերություն, որովհետև մանկությունից մինչև ծերություն խնամում և ապաշխարության է կոչում նրան, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Դուք մինչև խոր ծերություն էլ, որ հասնեք, Ես նույնն եմ, Ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, Ես ստեղծեցի և Ես էլ պիտի հանդուրժեմ, Ես պիտի ընդունեմ և փրկեմ ձեզ»: Սքանչելի է Աստված, և քաղցր է Նրա ողորմությունը: Մայրը կերակրում է որդուն, երբ նա մանուկ է, կուրծք է տալիս և իր գրկում պահում, սակայն երբ մեծանում է, դուրս է թողնում, մինչդեռ Աստված մանկությունից մինչև ծերություն խնամում է մարդուն: Այգու տերը` Հայր Աստված է, իսկ գավառապետը` Քրիստոս է, Ում վերջին օրն Իր աթոռին է կանչում, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Մենք բոլորս պետք է կանգնենք Աստծո աթոռի առաջ» և տալիս է վարձը, սկսելով վերջիններից, նախ` ավազակին է տալիս, ասելով. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես», հետո` Ադամին, Նոյին, Աբրահամին, Մովսեսին և այլոց, ում ազատեց դժոխքից: Հարկ է արիությամբ բարի գործեր գործել, որովհետև Աստված չորս տուն շինեց, որոնք են` արքայությունը, դրախտը, սուրբ եկեղեցին և դժոխքը: Արդ, ծույլերը, որ երբեք բարիք չեն անում, ո՞ւր են գնում, ո՛չ արքայություն, ո՛չ դրախտ, ո՛չ եկեղեցի, որովհետև այստեղ եկեղեցում է մեղքերի քավությունը, ովքեր խոստովանում են և բարին գործում ու քավում իրենց մեղքերը: Նրանք, ով ծույլ են, չեն ապաշխարում և չեն քավում իրենց մեղքերը, ահա հայտնի է, որ դժոխք են գնում: Այսինքն, ծույլերը, ովքեր այստեղ չապաշխարեցին ու չքավեցին իրենց մեղքերը, այլ ծուլացան և ծանրացան մեղքերով, դժոխք են իջնում` սատանայի հետ հավիտենապես տանջվելու: Արդ, այն մասին, թե ինչո՞ւ է այդքան մեծ ծույլերի պատիժը, և գործավորների պարգևն այնքան մեծ: Օրինակ` սուրը, որ իր պատյանի մեջ անգործ է, ժանգոտվում է, բայց երբ գործածում են այն`, անախտ ու մաքուր է մնում: Այսպես է և մարդու հոգին`, անգործ մնալով, ժանգոտվում է մեղքով, բայց երբ գործում է`, անախտ է մնում: Նաև հագուստը, որ պահում են և չեն հագնում, ցեցոտվում ու փտում է, բայց երբ հագնում են`անփուտ է մնում: Այսպես ծույլը մեղքերի բազում որդեր է ծնում իր հոգում, իսկ գործունյան անվնաս է մնում: Սրա համար վարդապետներն ասում են, թե միշտ գործիր, որ սատանան, քեզ, գործի մեջ տեսնելով, չմոտենա, ինչպես ճանճը չի համարձակվում մոտենալ եռացող ջրին կամ կաթին, և միայն հանգստանալու և սառելու ժամանակ են հավաքվում ճանճերը: Այդպես էլ դևերն են մարդու հոգու հանդեպ` փախչում են գործավորից և պարապ մարդու մոտ գնում: Պետք է գործել, որովհետև որքան ժամանակ, որ այս աշխարհում ենք, այնքան ապաշխարության տեղում ենք, ո´չ թե հանգստավայրում: Սատանան նախ փառք սիրեց ու հանգստացավ և սրա համար դժոխք մտավ, նույնպես և հիմար կույսերը, որ ծուլացան այստեղ և հետո, այնտեղ, գնացին յուղ գնելու: Փեսան եկավ, և ով պատրաստ էր մտավ հարսանիքի սրահը, իսկ նրանք դուրս մնացին և ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա», և Նա ասաց. «Ձեզ չեմ ճանաչում»: Որի համար էլ հանուն Քրիստոսի սիրո աղաչում եմ ձեզ, անցավոր ժամանակը ծուլությամբ մի´ անցկացրեք: Մենք պետք է այստեղ գործենք բարին, որպեսզի այնտեղ հատուցվի, այստեղ սերմանենք և այնտեղ հնձենք, այստեղ բաժանենք և տանք աղքատներին և այնտեղ հավաքենք հավիտենական կյանքում, այստեղ պատրաստենք ողորմության յուղը և այնտեղ իմաստուն կույսերի հետ մտնենք լույսի առագաստն ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, Ով օրհնյալ է հավիտյանս հավիտենից ամեն»:
 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 8854
2013.03.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.