Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Կուռքեր չշինե՛ս քեզ համար. «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել»

Կուռքեր չշինե՛ս քեզ համար. «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել»

Շատերի համար գուցե միանգամայն պարզ է այն, որ իրենք հաստատ չեն խախտում տասը պատվիրաններից երկրորդը`«Կուռքեր չշինես քեզ համար»: Բայց վերլուծելով, թե ինչ է կռապաշտությունը, տեսնում ենք, որ այն ավելի խոր և լայն հասկացություն է: Պարզվում է, որ այս պատվիրանը խախտում ենք այն դեպքում, երբ որևէ մեկին կամ ինչ-որ մի բան Աստծուց առավել ենք սիրում, կամ որևէ հետաքրքրություն մեզ ընդհանրապես մոռացնել է տալիս Աստծուն, կամ՝ ծայր աստիճանի հասած սիրահարվածությունը, քանի որ Աստված ասել է, որ սիրենք մարդուն և ոչ թե երկրպագենք: Այսինքն` այն, ինչ մարդկային սրտում զբաղեցնում է Աստծո տեղը, համարվում է կուռք, անկախ այն բանից` մարդն այդ գիտակցում է, թե` ոչ: Մարդու համար «կուռք» կարող է դառնալ իր աշխատանքը, սպորտով կամ մոլի խաղերով տարվելը, ինչ-որ մեկի համար կուռք է համարվում սիրած էակը, կինը, ընտանիքը, էստրադային երգիչը, դերասանը, մեքենան, համակարգիչը, թմրամոլությունը, հարբեցողությունը, ծխելը, շատակերությունը... ինչ որ պատահի:

 

Հատկապես դեռահասների մոտ կարող ես լսել հետևյալ արտահայտությունը. «Ես երկրպագում եմ այս կամ այն անձին»: Սխալը սկսում է նաև նրանից, երբ լրագրողը հետևյալ ոչ ճիշտ հարցադրումն է կատարում. «Ո՞վ է ձեր կուռքը կամ ո՞ւմ եք երկրպագում»: Էլվիս Պրեսլի, Ջոն Լենոն, Մայքլ Ջեքսոն, Պելե, Ալեն Դելոն, Ռիհաննա, Կրիշտիանու Ռոնալդու, Մադոննա, Լեդի Գագա, Ալ Պաչինո, Ռոբերտ Դե Նիրո, Հենրիկ Մխիթարյան և այլ անուններ. որոնք ունեցել են  և այսօր էլ ունեն երկրպագուների, այսինքն, կռապաշտների մեծ բանակ: Այս պատվիրանի խախտումը սարսափելի հետևանքներ է թողնում: 2009թ.-ին Մայքլ Ջեքսոնի մահից հետո ամենաքիչը 12 երկրպագուներ ինքնասպան եղան: Այսօր շատ ենք լսում աշխարհի տարբեր քաղաքներում ֆուտբոլի խաղերի ժամանակ «երկրպագուներ»-ի անկարգությունների մասին, շատ դեպքերում էլ մահվան ելքերով:
Եթե այս երիտասարդները, խելահեղության աստիճանի հասած, պատրաստ են անգամ իրենց կյանքից զրկվել հանուն այս կամ այն երգչի, դերասանի կամ ֆուտբոլիստի, ապա Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ավագ սաների համար դա իրենցից հեռու, խորթ մի վիճակ է: Նրանցից`Մարիետան, ասաց. «Եթե մենք այստեղ ենք գալիս, ապա «կուռք» ասվածը մեզանից շատ հեռու է, դեռ ավելին, մենք ենք փորձում մեր ընկերներին բացատրել, որ «կուռք» ունենալը կամ որևէ մեկին երկրպագելը մեղք է»:
«Սխալ է որևէ  երգչի, դերասանի կամ  հասարակական գործչին երկրպագելը: Մենք երկրպագություն բառն ենք առաջին հերթին խեղաթյուրում և երկրորդ դրսևորումը, որ իրականում երկրպագել պետք է միայն Աստծուն: «Երկրպագություն» բառը սխալ է ընկալվում: Այս բառի փոխարեն ավելի ճիշտ կլիներ գործածել  «հավատ» բառը, որն այնքան էլ ընդունված չէ մեր բառապաշարում»,- ասաց Տեր Եսայի քհն. Արթենյանը:

 

Անապատում Հիսուս չարի կողմից ենթարկվեց երեք փորձությունների, որոնցից մեկի ժամանակ չարը, իրեն երկրպագելու դիմաց, Հիսուսին խոստացավ  աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը: Իսկ մեր Տերը հաղթեց չարին՝ մեջբերելով Օրենքի գրքում գրվածը.«Քո Տեր Աստծուն պիտի պաշտես և միայն Նրա՛ն ծառայես» (Բ Օրենք 6.13):
Կռապաշտության մի տեսակ է նյութի պաշտամունքը կամ նյութապաշտությունը:   Մեկի Աստվածն իր փողն է, փողը նրա համար գերագույն և առաջնային նպատակ է: Այդպիսինները իրենց ողջ ժամանակը հատկացնում են հարստություն կուտակելուն և կարևորություն չեն տալիս հոգևոր արժեքներին: Նրանց սրտերն առավել կապված են դրամին, քան Աստծուն: Եվ դա հասնում է անգամ այն աստիճանի, որ նման մարդիկ պատրաստ են անգամ վաճառել իրենց խիղճը: Նրանք ուրիշ մտածում չունեն, բացի նրանից, թե` «եթե ես փո՜ղ ունենայի»: Սակայն դրամն ինքնին չարիք չէ, այլ դրան գերի դառնալը, այն չար ճանապարհներով ձեռք բերելն ու չարիքին ծառայեցնելն է մեղք: «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կսիրի և մյուսին կատի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի: Նույնպես և դուք չեք կարող ծառայել Աստծուն այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում եք դրամին» (Մատթեոս 6.24): Եվ իսկապես արծաթասիրությունը մեզ հեռացնում է Աստծուց:
Գիտնականների մեծամասնությունը, ընդդիմանալով Աստծուն, կուռք են դարձնում գիտությունը`գտնելով, որ հնարավոր է գիտության ուժով փրկել մարդկությանը: Արվեստն էլ կարող է դառնալ կուռք, երբ ծառայում է մարդկային կրքերին, աշխարհի աստվածացմանը և ոչ թե Աստծո փառքին:
Ծնողների համար կուռք կարող են դառնալ հենց իրենց հարազատ երեխաները, որոնց համար երբեմն պատրաստ են անգամ բառացիորեն իրենց հոգին չարին վաճառել:
Մեկ ուրիշի համար Աստված է դառնում փառքը, պատիվը: Շատերն էլ վախից ճակատագիրն են Աստված դարձրել և դողում են նրա առաջ. կարծես թե երկնքում Աստված չկա:
Իսկ գուցե ամեն պահին է մարդ իր համար կուռք ստեղծում`ամենամեծ կուռքը դարձնելով իր «ես»-ը, որն ամեն բանից բարձր է դասում: Այդ դեպքում իր «ես»-ի շուրջ է պտտվում ամեն մտածում, խոսք, ջանք, գործ և ինչու չէ` ամբողջ աշխարհը:

 

Բողոքականները երկրորդ պատվիրանին դեմ են համարում քրիստոնեական եկեղեցիներում սրբապատկերների գոյությունը`դա համարելով «հեթանոսության նշաններ»: Նրանք նախատում են քրիստոնյային սրբապատկերների հանդեպ առանձնահատուկ հարգանքի`դրանք համբուրելու, դրանց առջև մոմ վառելու և ծնկի գալու համար: Նրանց առարկումը գալիս է տեքստից կտրված նախադասության վերլուծության հետևանքով: Քանի որ Աստված այս պատվիրանը տվել է Իր ժողովրդին  այն ժամանակ, երբ հեթանոսությունն էր գերակշռում: Նա արգելել էր պատկերներ և արձաններ օգտագործել` ասելով .«Դրանց երկրպագություն չանես և ծառայություն չմատուցես»: Այսինքն, եթե դրանց երկրպագելու կամ ծառայություն մատուցելու նպատակ չկա, ուրեմն պատվիրանն էլ չի խախտվում: Պատկերներ և արձանիկներ կերտելը արգելող Աստված Ինքը հրամայեց Մովսեսին (երբ ժողովուրդը օձերի խայթոցից մահանում էր) պղենձե օձ պատրաստել (Թվեր 21.8): Ավելին. մեր Տեր Հիսուս Քրիստոս սովորեցնում է, որ դա Իր խաչելության նախօրինակն է. «Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի նա, ով հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.14-15):

 

Մովսեսը Աստծուց հրաման է ստանում Վկայության խորանում կամ հրեական շարժական տաճարում, հատկապես ներսի մասում, և Ուխտի տապանակի վրա  պատրաստել Քերովբենների պատկերներ (Ելք 36.8, 37.7-9): Նպատակը հրեշտակներին երկրպագելը չէր, որ ներկայացված էին Քերովբենների տեսքով: Հեսուն և ժողովուրդը երեսնիվայր, Աստծո Ուխտի տապանակի առջև ընկնելով, մեղք չգործեցին, որովհետև նրանք Տապանակը չէր, որ երկրպագեցին, այլ`Աստծուն, որ իջնում և խոսում էր Քերովբենների մեջտեղից: Ինքը`Հիսուս Քրիստոս, Եդեսիայի հայոց արքա`Աբգարին, ուղարկեց Իր անձեռակերտ պատկերը: Ըստ ավանդության ավետարանիչներից Ղուկասը, որ մասնագիտությամբ բժիշկ էր և նկարիչ, առաջինը ինքն է նկարել Աստվածամորը մանուկ Հիսուսը գրկին:  Իսկ քրիստոնեության ծագման արշալույսին եկեղեցիների պատերը սկսեցին զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից:  Այդպես և քրիստոնյան չի երկրպագում սրբապատկերներին, այլ հարգանք է ցուցաբերում նրանց, ովքեր պատկերված են այնտեղ: Եկեղեցում ամեն մի սպասք, աստվածապաշտական իր օրհնվում է և օծվում: Սրբապատկերները ևս աղոթքով և օծմամբ են կախվում տաճարներում:Եվ այն հարգանքն ու մեծարանքը, որ ընծայում ենք դրանց, մեր միտքն առ Աստված բարձրացնելով, պատկերինը չէ, այլ Աստծունը: Սրբապատկերների գործածությունն այն ժամանակ կհակասի երկրորդ պատվիրանին, երբ դրանք աստվածացվեն կամ պաշտվեն որպես  աստված: Եկեղեցու հայրերից Սբ. Բարսեղ Մեծն ասում է. «Սրբապատկերները նման են Աստվածաշնչին, որտեղ բառերի փոխարեն գրված են դիմապատկերներ և առարկաներ», և դրանց նկատմամբ նույնպիսի հարգանք պետք է ցուցաբերվի, ինչպես Սբ. Գրքի նկատմամբ: Նույնը կարելի է ասել նաև Խաչի վերաբերյալ: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Գալով ինձ` քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ`Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ…», այնուհետև բացատրում է իր այդպիսի վերաբերմունքը Խաչի հանդեպ.«Այդ Խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար» (Գաղատացիներ 6.14):
Աստվածաշնչում կարդում ենք. «Վերևում`երկնքում, ներքևում`երկրի վրա և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց» (Ելք 20.4-5):
Ուրեմն, եթե ամեն բանից առավել Աստծո վրա հույս դնենք և սիրենք Նրան, ապա այն ժամանակ կարող ենք ասել, որ կատարում ենք այս պատվիրանը և չունենք մեր կյանքում ոչ մի կուռք:
  

 

Սկզբնաղբյուներ`
Архимандрит Рафаил (Карелин), Умение умирать или искусство жить
Սահակ քհն. Սահակեանց, «Ուսուցումն քրիստոնեական կրոնի», 1898թ.
Աղոթագիրք, «Գանձասար» մատենաշար
Շենուդա III, «Բողոքականների մոլորությունները»
«Վարք Սրբոց», Բեյրութ, 1975թ

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 6692
2013.03.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.