Ընթերցանություն
Գլխավոր>Բարի կամք> Դունյա տատիկը մարդկային ձայնի կարիք ունի

Դունյա տատիկը մարդկային ձայնի կարիք ունի

Մեկի բնակարանից  կարող ես լսել երեխայի լացի, կամ ծիծաղի ձայն, մյուսի բնակարանից` երիտասարդների աղմուկ, ինչպես նաև սիրո և տարբեր թեմաների շուրջ խոսակցություններ:  Կան բնակարաններ, սակայն, որտեղ տան տերը` լռությունն է. թակում ես դուռը, բայց  բացող չկա: Եթե տան բնակչից տեղյակ չլինես, կմտածես, թե մարդ չի ապրում, բայց պարզվում է, որ ապրում են լսողությունից թույլ և տարբեր տկարություններով միայնակ ծերեր: Նրանցից մեկն է  88–ամյա Դունյա Սարգսյանը, ով բողոքում է լսողությունից. «Ականջներս լռության մեջ խշշում են. այդ խշշոցը լռեցնելու համար միացնում եմ հեռուստացույցը, որ գոնե այդ ձայնը լսեմ»,- նշում է ծեր կինը:


Դունյա Սարգսյանն իր ամբողջ կյանքում ստեղծագործել է: Նրա սենյակի պատից կախված են իր պատրաստած ծղոտե աշխատանքները,  ունի նաև  հոգևոր թեմաներով  ծղոտե գործեր`խաչ, Հաղպատի, Էջմիածնի վանքերը: Աստծուց տրված շնորհ է համարում նա ձեռագործ աշխատանքներ անելու իր վարպետությունը: Ասեղ ու թել բռնող նրա ծերացած , բայց  ճկուն մատները մինչև այսօր էլ շարունակում են արարել:  Զանազան ձեռագործ աշխատանքներ է պատրաստում և նվիրում եկեղեցիներին,  իր բարեկամներին, իրեն օգնող և օժանդակող մարդկանց: Տիկին Դունյան ասում է, որ   աշխատանքները վաճառվելուն պես, սենյակը կարգի կբերի. «Եթե մի տարի պետք է ապրեմ, տունս վերանորոգեմ, մաքրություն անեմ ու ապրեմ մարդուն վայել կերպ»,- ասում է միայնակ կինը:


Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամների օգնությամբ բացվել է Դունյա Սարգսյանի  ձեռագործ աշխատանքերը ցուցադրող էջ: Այդ էջի միջոցով միության անդամները փորձում են վաճառել աշխատանքերը:
Միայնակ ու ծեր կնոջ ապրուստի միակ միջոցը թոշակն է: 2003 թվականին հորեղբոր տղայի մահից հետո ոչ մեկ չի օգնել նրան, բավարարվել է իր համեստ թոշակով. «20 000 դրամը  պետք է տրամադրեմ գազի  վճարմանը, բնակվարձն ու աղբն էլ որ վճարեմ,  25 հազար կլինի: Այս ամիս չգիտեմ` ոնց է պատահել, որ լույսս շատ է  գրել. կամ գողանում են,  կամ էլ կեղծիքներ  անում, բայց փա~ռք Աստծո, կարողանում եմ յոլա գնալ»: Դունյա Սարգսյանը ունի «մուտքի և ելքի» տետր, որտեղ գրում է` ինչքան է ստացել և ինչքան է ծախսում. «միշտ գրում եմ, որ կարողանամ ապրել և կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է ունենա մուտքի և ելքի տետր»:


Ծեր ուսուցչուհու շնորհքն այնքան մեծ է, որ մինչև այսօր էլ բաշխում է մարդկանց: Այսօր Դունյա Սարգսյանը ունի երեք աշակերտ, որոնց անվճար սովորեցնում է ձեռագործ աշխատանքներ պատրաստել: Պատահում է, որ հարևանների, բարեկամների երեխաները մաթեմատիկա, հայոց լեզու առարկաներից դժվարացել են,  մեծ սիրով օգնել է.«թող սովորեն, ես այսօր կամ վաղը չկամ,սովորեն, որ իմանան, վաղն էլ իրենք սովորեցնեն», -ասում է ծեր ուսուցչուհին:
«Իմ հույս, իմ հավատ, իմ սեր, իմ Փրկիչ, իմ Տեր, դու ինձ տվել ես համառություն, աշխատասիրություն, և շնորհ»,- այսպես է Դունյա Սարգսյանը ամեն օր իր  շնորհակալությունը հայտնում Աստծուն` իրեն տրված ստեղծագործական շնորհների համար:


Դունյա Սարգսյանը ծնվել է 1925թ. մայիսի 9-ին Լենինականում` բանվորի ընտանիքում:  Տանը միայն հայրն է գումար վաստակել: Քանի որ տանը 6 երեխա են եղել, Դունյան իր պարտքն է համարել օգնել հայրիկին, և այդ պատճառով 6-րդ դասարանից  աշխատել է ճակնդեղի մթերակայանում:  Իր ծնողներին հիշում է որպես  խելացի, պահանջող, առաքինի և ազնիվ մարդիկ: 1950թ.-ին  Դունյան ընդունվեց Լենինականի երկամյա ուսուցչական ինստիտուտ: Դունյա Սարգսյանը ցանկացել է ճարտարապետ դառնալ, բայց  որոշ հանգամանքներ խանգարել են: Երկար տարիներ կինը աշխատել է դպրոցում, չի ամուսնացել, սակայն սիրել և կրթել է երեխաներին, և մինչև այսօր նրա աշակերտները  հիշում  և այցելում  են իրենց ուսուցչուհուն: Իր աշակերտների հետ երբեք գումարով չի պարապել, նվեր չի ընդունել. «Անհոտ ծաղիկ ինձ հարկավոր չէ»,- այսպես է պատասխանել վատ սովորող աշակերտին, երբ նա  ծաղիկ է ուզեցել նվիրել իրեն:


Մանկուց տատիկի հետ միասին եկեղեցի է հաճախել, հիշում է. «Երբ տատիկս կուրացավ, ես էի օգնում, բռնում էի ձեռքից և ուղեկցում»: Եկեղեցի հաճախելու տարիներից հատկապես տպավորվել է քահանայի ասածը, որ ճշմարտությունը  վազող ջրի նման երկար է, իսկ ստի ոտը կարճ  է:
88-ամյա կնոջ կյանքը կորուստներով ու դժվարություններով լի է եղել, բայց դրանց պատճառով նա չի չարացել. «Մեր ընտանիքը շատ նեղ է ապրել, բայց երբեք իմ մտքով չի անցել չարանալ կամ հավատքս կորցնել առ Աստված»: Դունյա Սարգսյանը նաև կարծում է, որ մարդու էությունից է կախված, թե ինչպես կհաղթահարի իրեն հանդիպած դժվարությունները:


Այսօր այս կինն ունի մի կտոր ուշադրության և սիրո կարիք: Լռությունը միայն ծանր լռում է, լռությունը քո ես-ի հետ հանդիպումն է շատ գեղեցիկ կազմակերպում, բայց այս կանայք մեզ հետ հանդիպելու և զրուցելու կարիքն ունեն, նրանք մարդկային ձայնի կարիքն ունեն: Ուշադրությունն ու սերը մեր կողքինի` բարեկամի, հարևանի համար կարող է  լինել փրկություն և նոր կյանքի սկիզբ:

 

Շողիկ Հարությունյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2892
2013.04.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.