Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Երրորդ պատվիրան. Աստծո անունը զուր տեղը մի տուր

Երրորդ պատվիրան. Աստծո անունը զուր տեղը մի տուր

«Սուրբ թող լինի քո անունը». Տերունական աղոթքի այս տողերը մեզ հիշեցնում են, որ Տիրոջ անունը սուրբ է, և այն մեծ ակնածանքով ու փառաբանությամբ պիտի արտաբերենք:

Աստծո անունը համանիշ է Իրեն: Մարդ չի կարող որևիցե մեկին ասել, թե գող ես և հետո արդարանա, ասելով, թե քեզ չէի ասում, այլ քո անվանը: Քանի որ անունը արատավորողը անձին է արատավորում: Նույնը և Աստծո պարագային. Նրա անունը Նրա էությունն է: Ոչ ոք իր մաքուր շորերը անվայել ձևով չի պահում, կամ մարգարիտն աղբի մեջ չի գցում, բայց ամենաբարձրյալ, ամենասուրբ Աստծու անունը շատերը միշտ չէ, որ հարգում են:

Տասը պատվիրաններից երրորդի դեմ են գործում նրանք, ովքեր.

  • մոգություն, կախարդություն և գուշակություն են անում և, իբրև թե Աստծուց և սրբերից հայտնություններ և պատգամներ ստացած, մոլորեցնում են, ճշմարիտ ուղուց շեղում և կործանում անտեղյակ մարդկանց:
  • վատաբանում են Աստծուն (փարիսեցիները վատաբանում էին Տիրոջը, ասելով, որ Նա դևերի իշխանի` Բեեղզեբուղի զորությամբ է դևերին հանում, Մատթեոս 12.24 ):
  • Տիրոջ անունով խոստում են տալիս`ամբողջ հոգով և զորությամբ ծառայել Աստծուն, Եկեղեցուն և հայրենիքին, սակայն ծառայում են իրենց շահերին:
  • խոսքով, մտքով և գործով արտահայտում են ոչ ուղղափառ, կեղծ, հերետիկոսական (գիտակցական ու միտումնավոր շեղում` հստակորեն արտահայտված ու բանաձևված քրիստոնեական ուղղափառ դավանանքից), հայհոյական կամ ծաղրական կարծիքներ և տեսակետներ Ամենասուրբ Երրորդության, Նրա սուրբ պատվիրանների, Եկեղեցու խորհուրդների և արարողությունների մասին, պարսավում են Սուրբ Մարիամ Աստվածածնին և սրբերին: Երրորդ պատվիրանը խախտում է մարդը, երբ ասում է` թե ի՞նչ տարբերություն Հայ Առաքելական եկեղեցի թե՞ «Կյանքի խոսք», թե՞ «Հոգեգալստական», թե՞ «Մորմոններ կամ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի», թե՞ «Ավետարանական» կամ ուրիշ այլ կրոնական կազմակերպություններ, բոլորն էլ նույնն են, այնտեղ էլ է նույն Սուրբ Գրքից Աստծո խոսքը հնչում: Բայց մի փոքր ուշադրության կամ ուսումնասիրության արդյունքում կարելի է բացահայտել և տեսնել ահռելի, անհամեմատելի տարբերություն և այս պատվիրանի բացահայտ խախտում: Ամեն մարդ չի կարող Տիրոջ անունից խոսել, այլ միայն նա, ով կոչված է ծառայել Աստծուն և ունի հոգևորը մարդկանց սրտին հասցնելու շնորհ:


Տասը պատվիրաններից երրորդը խախտում են այն դեպքում.

 

  • Երբ տրտնջում են Աստծո դեմ (հրեաները իրենց անապատային տարիների ժամանակ հաճախ էին տրտնջում Աստծո դեմ, Երկրորդ Օրենք 4-6):
  • Երբ սրբապղծություն են գործում. խզբզում են խոնարհված եկեղեցիների պատերին: Բաբելոնի վերջին արքան`Բաղդասարը մեծամեծների հետ ընթրիքի ժամանակ, երբ հարբեց, հրամայեց բերել Երուսաղեմի տաճարից ավար առած արծաթյա և ոսկյա սպասքը: Այդ սրբապղծության պատճառով նույն գիշեր նա սպանվեց:
  • Երբ մարդ մեղանչում է աստվածանարգ մտքերով, խոսքերով, ինչպես նաև աստվածանարգ գրքերով, երգերով և ֆիլմերով:
  • Երբ խնջույքի ժամանակ դիմացինից պահանջում են խմել երեք բաժակ ալկոհոլ` ասելով. «Դե մեկ բաժակը ինչ է, որ խմես, որպես «խեր, շառ, Աստված»  երեքը պետք է խմես»:
  • Երբ երդվում են կամ էլ դիմացինից են պահանջում երդվել, այնինչ մեր Տերը պատգամում է. «Ես ձեզ ասում եմ`ամենևին չերդվել, այլ ձեր այո-ն թող այո լինի և ոչ-ը`ոչ: Դրանից ավելին չարից է գալիս» (Մատթեոս 5.34,37):
  • Երբ ոմանք պղծում են իրենց լեզուն զանազան անեծքներով, հայհոյանքներով և ամենևին չեն գիտակցում, որ չարիք ցանկանալով իրենց մերձավորին`խախտում են այս պատվիրանը:
  • Երրորդ պատվիրանով արգելվում է Աստծո անունը զուր տեղը տալ առանց ակնածանքի: Աստծո անունը զուր տեղն է հնչում դատարկ խոսակցությունների, կատակների ժամանակ, Աստծուն տված ուխտը խախտելիս: Կամ երբ մարդ աղոթելիս անուշադիր է, կամ էլ աղոթում է առանց երկյուղի: Այս մասին Քրիստոս ասել է. «Չկարծե՛ք, թե ով որ Ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, Երկնքի Արքայություն է մտնելու, այլ մտնելու է միայն նա, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7.21):

 

- Շատ հաճախ մարդը օրվա մեջ տեղի-անտեղի հիշում է Աստծուն` տալով Նրա անունը, առանց հասկանալու, որ շատ իրավիճակներում ընդհանրապես պետք չէ Աստծո անունը տալ: Օրինակ, երբ իր արած գործը աստվածահաճո չէ և խնդրում է  Աստծուն, որ  օգնի իրեն: Սա ավելի շատ գալիս է նրանից, որ մարդիկ չեն կարողանում տարբերել ինչը իրենք պետք է անեն իրենց կյանքում, ինչը` Աստված: Աստծո անունը պետք է հիշել այն դեպքում, երբ աղոթական վիճակում ես`ակնկալելով Աստծու օգնությունն ու զորակցությունը: Աստծու անունը զորություն ունի: Եվ Նրա անունը տալիս` ակնկալում ենք այդ զորության ներգործությունը մեր կյանքում: Իսկ եթե  ուղղակի ենք տալիս որպես անուն, նշանակում է խախտում ենք երրորդ պատվիրանը,- բացատրում է տեր Եսայի քհն. Արթենյանը և վկայակոչում այն հրաշքները, որ Քրիստոսի անունից գործեցին առաքյալները (Գործք Առաքելոց 3.1-11, 5.12-17,9.36-43): Երրորդ պատվիրանը պահել նշանակում է ողջ կյանքում հնազադվել Աստծո անվանը,  մեր ժամանակը և ողջ սիրտը Նրանով լիացնել և հարստացնել:


Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 4343
2013.04.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.