Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Մորմոններ> Աստծուն հավատում ենք առանց «եթե»-ների և «այլն»-ների

Աստծուն հավատում ենք առանց «եթե»-ների և «այլն»-ների

«Ի՞նչ վատ բան կա նրանում, որ ես պարզապես հյուր գնամ և տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ»: Սա այն հարցերից է, որ տալիս են այն մարդիկ, ովքեր անտեղյակ են կամ էլ մակերեսորեն են ծանոթ Աստվածաշնչյան ճշմարտություններին: Գնալով այնտեղ`եզրակացնում են. «Նրանք ամենևին էլ գազաններ չեն, հաճելի մարդիկ են, իհարկե, մի քիչ կպչուն են, բայց ո՞վ թերություն չունի»: Այս ժամանակ էլ կատարվում է ամենավտանգավորը. հոգեորսությունը սկսված է, թակարդը պատրաստ, զոհն առավել ևս: Ահա այս դեպքում շատ դյուրին է մոլորեցնել, գցել թակարդը և թույլ տալ, որ կյանքդ կառավարեն կոկիկ հագնված, քաղաքավարի ինչ-որ օտարերկրացի մարդիկ: Նրանք հրաշալի տիրապետում են հայերենին, շատ համբերատար և համառ են, լավ մշակված մեթոդիկա ունեն:  Նման մարդիկ հանդիպում են մեզ փողոցում և նախքան խոսակցությունն սկսելը` անպայման թույտվություն են հարցնում: Մինչև «զոհը» կհասցնի հասկանալ, թե ինչ է կատարվում, արդեն ուշ կլինի, քանի որ խճճված կլինի ցանցի մեջ: Հետևաբար, չի կարող գնահատել իր ֆիզիկական և հոգևոր առողջությանը սպառնացող այն վտանգը, որն սպասվում է առաջարկվող աղանդին անդամակցելիս: Խոսքը «Մորմոններ կամ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության մասին է:


Մորմոնները ցանկանում են երևալ որպես ժամանակակից սրբեր: Մորմոն միսիոներները արտաքնապես հասարակ մարդիկ են, մաքուր հագնված, և սիրում են ճամփորդել հեծանիվներով: Մարդկանց հրապուրում են իրենց պատշաճ և գեղեցիկ վարվեցողությամբ, շեշտված կրթությամբ և ընդգծված քաղաքակիրթ սովորություններով: Նրանք ձգտում են հնարավորինս հրապուրիչ երևալ նոր անդամագրվողներին:


Օրեր առաջ ծանոթներիցս մեկին փորձեցին իրենց «զոհը» դարձնել «Մորմոններ» կրոնական կազմակերպության անդամներից երկու հոգի` երեց մինը և երեց չնաքին (ի դեպ նրանց  անունները փոքրատառով էր գրված այն թերթոնի վերջում, որ իրենք էին տվել`չմոռանալով նշել նաև իրենց հեռախոսահամարը, դրանով իսկ վստահություն ներշնչելով դիմացինի մոտ և այդ ձևով պահանջելով «զոհի» հեռախոսահամարը): Այդ թերթոնը ընդգրկում էր մորմոնների հիմնադիր Ժոզեֆ Սմիթի կողմից գրված հավատո հանգանակները:


Յուրաքանչյուր քրիստոնյայի համար առաջնահերթ նշանակություն ունի, թե ինքն ինչի՞ն է հավատում, ո՞րն է իր հավատամքը:
Հավատո հանգանակները կազմվեցին ոչ միայն Եկեղեցու հավատը միասնական պահելու, այլև ժամանակի զանազան հերձվածողական ուսմունքներին ուղղափառորեն հակադրվելու համար: Հայ եկեղեցին դավանում է այն Հավատո հանգանակը, որն ընդունվեց առաջին երեք Տիեզերաժողովների արդյունքում: Այն հանդիսավորապես ընթերցվում է սուրբ Պատարագի ժամանակ:


Եկեղեցին ունի հավատի հստակ համակարգված ու ձևակերպված հոգևոր ուսմունք` հավատի դավանության դարերի փորձառություն անցած հանգանակ: Ուստի հավատի ինքնահնար բոլոր կարգի դրսևորումները, տվյալ դեպքում Ժոզեֆ Սմիթի կողմից գրված «հավատո հանգանակները», որևէ առնչություն չունեն ո՛չ քրիստոնեությանն ընհանրապես և ո՛չ էլ մանավանդ` Եկեղեցու վարդապետության հետ: Այդ հանգանակում օգտագործվում են քրիստոնեական բառեր, բայց այն ամենևին էլ քրիստոնեական չէ:


Թեև մորմոնների պաշտոնական անվանման մեջ առկա է «Հիսուս Քրիստոս» անունը, սակայն նրանք բավականին հեռու են քրիստոնեությունից, քրիստոնեական տարրերն էլ այնքանով են ընդունելի նրանց աստվածաբանների կողմից, որքանով դրանք չեն հակասում Ժոզեֆ Սմիթի «հայտնություններին»:
Սա պարզ է դառնում` ընթերցելով նրանց հավատամքը, որ բաղկացած է 13 դրույթներից:

1. Մենք հավատում ենք Աստծուն` Հավիտենական Հորը, Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն:
Այս կետից երևում է, որ հանգանակը ավելի բազմաստվածյան է, քան`միաստվածյան: Այստեղ բացակայում է «մի» բառը, որն առկա է քրիստոնեական հավատամքներում, ինչպես Նիկիականում`«Հաւատամք ի մի Աստուած»: Այս կետից անգամ չի բխում Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու Աստվածությունը, այսինքն` Սուրբ Երրորդության գոյությունը որպես մեկ Աստված:

2. Մենք հավատում ենք, որ մարդիկ կպատժվեն ոչ թե Ադամի մեղսագործության, այլ`իրենց իսկ գործած մեղքերի համար:
Այս դրույթով նրանք չեն ընդունում սկզբնական կամ ադամական մեղք հասկացողությունը, այնինչ այն առկա է մարդու ծննդյան իսկ պահից, և մաքրվում է  միայն մկրտության խորհրդով:

3. Մենք հավատում ենք, որ Քրիստոսի քավության շնորհիվ ամբողջ մարդկությունը կփրկվի հնազանդվելով Ավետարանի օրենքներին ու արարողություններին:
Այս դրույթը ներկայացնում է մորմոնական փրկությունը:

4. Մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջինը` հավատ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, երկրորդը` ապաշխարություն, երրորդը` մկրտություն` ընկղմամբ մեղքերի թողության համար, չորրորդը` Սուրբ Հոգու շնորհում` ձեռնադրմամբ:
Սմիթը այս դրույթով ձեռնադրությունը պարտադիր է համարում բոլորի համար, այսինքն բոլորը պետք է ձեռնադրվեն փրկվելու համար: Այնինչ անհատի փրկագործության համար պարտադիր չէ, որ բոլորը ձեռնադրված լինեն: Ակնհայտ է նման դրույթի պարտադիր լինելու պատճառը, քանի որ ձեռնադրվելով, անհատը կախված կլինի ձեռնադրողից, որը հայտնությամբ և աղոթքներով է որոշում այս կամ այն արժանավորին:

5. Մենք հավատում ենք, որ Ավետարանը քարոզելու, օրհնություններ տալու և արարողություններ կատարելու համար մարդը պետք է մարգարեությամբ կոչված լինի Աստծո կողմից և ձեռնադրված`լիազորված մարդկանց կողմից:
Հավատքի մեջ պարտադրանք չկա, իսկ այս դրույթը այն ծայրահեղ սկզբունքներից է, որ պարտադրում է անդամներին գնալու ավետարանչության միայն նրա համար, որ աշխարհը առանց իրենց կկործանվի, քանի որ նրանք աստվածային հայտնությամբ են կանչվել:

6. Մենք հավատում ենք նույն կազմակերպությանը, որ գոյություն է ունեցել սկզբնական Եկեղեցում` իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով ու մյուս մարդկանցով:
Համաձայն Սմիթի քրիստոնեական և ոչ մի եկեղեցի այլևս հաճելի չէ Աստծուն, և միայն իր`Սմիթի հիմնածն է հաճելին:

7. Մենք հավատում ենք լեզուների պարգևին, մարգարեության, հայտնությունների, տեսիլքների, բժշկումների, լեզուների թարգմանությունների և այլ ընծաների:
Այստեղ թվարկված են Սուրբ Հոգու պարգևները (Ա Կորնթ. 12.1-11), բայց այդ ամենը ընդգրկել Հանգանակի մեջ, նշանակում է պարտադրել եկեղեցու անդամներին սահմանափակվել միայն այդ պարգևներով, այսինքն` Սուրբ Հոգու գործունեությունը սահմանափակել ինչ-որ շրջանակների մեջ, մանավանդ, որ այս դրույթը ավարտվում է անորոշ «և այլն»-ով:

8. Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է այնքանով, որքանով այն ճիշտ է թարգմանված, մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի գիրքը  Աստծո խոսքն է:
Համաձայն այս կետի`Աստվածաշունչը ընդունելի է, եթե այն ճիշտ է թարգմանված: Այսինքն` այն, ինչ ընդունելի չէ, որակվում է որպես թարգմանչական անկատարություն:
Իսկ, ըստ այս դրույթի, Մորմոնի գիրքը համարվում է կատարյալ հայտնություն, և խոսք լինել չի կարող թարգմանության որակի մասին: Ժոզեֆ Սմիթն այն կոչել է «ամենաճշմարիտ գիրքը երկրի երեսին գոյություն ունեցողներից» (Teachings of the Prophet Joseph Smith, 1949, էջ 194): Փաստորեն Մորմոնի գիրքը դրվում է նույն դասին, ինչ որ Սուրբ Գիրքը: Ավելին, Սուրբ Գրքի`Աստծո խոսք լինելու համար մի պայման է դրված, մինչդեռ Մորմոնի գրքի պարագայում ոչ մի պայման չկա: Մորմոնի գիրքը անվերապահորեն ընդունվում է որպես աստվածաշունչ, իսկ Սուրբ Գրքի համար «եթե» կա:

9. Մենք հավատում ենք այն ամենին, որ Աստված բացահայտել է, այն ամենին, որ Նա այժմ բացահայտում է, և մենք հավատում ենք, որ Նա դեռ կբացահայտի Աստծո Թագավորությանը վերաբերող մեծ ու կարևոր շատ բաներ:
Այստեղ հայտնություններին շարունակական բնույթ է տրվում`դրանով իսկ վավերացնելով իր`Սմիթի և նրա հաջորդ մարգարեների  հետագա հայտնությունները:

10. Մենք հավատում ենք բառի ուղղակի իմաստով Իսրայելի տան հավաքմանը, նրա տաս ցեղերի վերականգնմանը, որ Սիոնը (Նոր Երուսաղեմը) կկառուցվի Ամերիկյան մայրցամաքի վրա, որ Քրիստոսն անձամբ կկառավարի երկիրը և, որ երկիրը կվերափոխվի  ու կընդունի դրախտային փառքը:
Նորօրյա բոլոր աղանդները, որպես կանոն, իրենց համարում են հենց այդ կորած տասը ցեղերը, որոնք «վերականգնվել» են:

11. Մենք ընդունում ենք Ամենազոր Աստծուն երկրպագելու մեր արտոնությունը համաձայն մեր խղճի թելադրանքի  և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ում, ինչպես և որտեղ կկամենան:
Այս դրույթը տարօրինակ է այնքանով, որ չի համապատասխանում մորմոն դավանանքին, որը չի ընդունում այլ կրոնների ճշմարտացիությունը:

12. Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, ղեկավարներին և մյուս իշխանություններին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն ու պաշտպանելուն:
Այս դրույթով մորմոնները ճկուն դիրքորոշում են ցուցաբերում, որով և տարբերվում են մյուս կրոնական ուղղություններից, որոնք անհանդուրժող կեցվածք են ցուցաբերում: Այլ կերպ ասած` այս «այն ինչը չի կարելի շրջանցել, պետք է ենթարկվել» հարմարվողական դրույթն է:

13. Մենք հավատում ենք ազնիվ, արդար, ողջախոհ, գթասիրտ, արժանավոր լինելուն և բոլոր մարդկանց բարիք պարգևելուն, մենք իրավացիորեն կարող ենք ասել, որ հետևում ենք Պողոսի հորդորանքին`մենք հավատում ենք բոլոր բաներին, մենք ապավինում ենք բոլոր բաներին, մենք շատ բաների ենք տոկացել և հույս ունենք տոկալ ամեն ինչի: Եթե կան արժանավոր, գեղեցիկ, բարի համբավ ունեցող կամ գովասանքի արժանի բաներ, ապա մենք ձգտում ենք դրանց:
Սմիթի այս կետը որևէ նորություն կամ հայտնություն չի բերում աշխարհին, բացի ավետարանական պատվիրանների կրկնությունից:


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հավատամքը`Հավատո Հանգանակը


Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, Արարչին երկնքի և երկրի, տեսանելի և անտեսանելի բաների:

Եվ մեկ Տիրոջ`Հիսուս Քրիստոսին`Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց`Միածին, այսինքն Հոր էությունից: Աստված է Աստծուց, Լույս`Լույսից, ճշմարիտ Աստված`ճշմարիտ Աստծուց, ծնված, այլ ոչ թե ստեղծված:


Նույն ինքն է` բնությամբ Հոր, որով եղավ ամեն բան թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա`տեսանելի և անտեսանելի:
Որը երկնքից իջավ մեզ` մարդկանց համար և մեր փրկության նպատակով, մարմնացավ, մարդացավ, կատարյալ կերպով ծնվեց սուրբ կույս Մարիամից`Սուրբ Հոգով:
Որից էլ իրական և ոչ թե թվացող մարմին առավ, հոգի և միտք, և այն ամենը, ինչ կա մարդու մեջ:
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ: Նույն մարմնով ելավ երկինք, նստեց Հոր աջ կողմում:
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով`դատելու ողջերին և մեռածներին և որի թագավորությունն անվախճան է:
Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն, որն անեղ է և կատարյալ, որը խոսեց Օրենքի և Մարգարեների գրքերում և Ավետարանում:
Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ:
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և Առաքելական սուրբ Եկեղեցուն. մեկ մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը:
Մեռյալների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնային արքայությանը և հավիտենական կյանքին:


Առաքելահիմն եկեղեցու հավատքի բանաձևի հիմքում ընկած է Սուրբ Երրորդությունը և Նիկիո հանգանակով  ամրագրված դավանաբանական հիմնադրույթները: Կրոնական կազմակերպություններն ու խմբավորումները, որոնք հերքում են վերոնշյալ հիմնադրույթները, նրանք են, որ անվանվում են աղանդներ և հերձվածներ:

Եթե անգամ ծանոթ չլինենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հավատամքին և կարդանք Ժոզեֆ Սմիթի կողմից գրված «հավատո հանգանակները», ապա բացահայտ նկատելի է դառնում, թե ինչպե՞ս կարելի է Աստծուն հավատալ «եթե»-ներով (հավատո հանգանակ, 8), ինչպե՞ս կարելի է ձեռնադրությունը պարտադիր համարել փրկության համար (հավատո հանգանակ, 4) և ինչպե՞ս կարելի է Սուրբ Հոգու գործունեությունը սահմանափակել ինչ-որ շրջանակների մեջ (հավատո հանգանակ, 7):
Եկեղեցու ներքին, հոգևոր միությունը խարսխված է հավատի միասնական դավանության վրա: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հավատո Հանգանակի» մեջ ներառնված բոլոր դավանաբանական բանաձևումները նպատակ ունեն զերծ պահել հավատացյալին ամեն տեսակ կրոնական կազմակերպություններից և տալ նրան Քրիստոսի փրկագործության ճշմարիտ լույսը:
Ուստի աշխատենք հնարավորինս խուսափել այդ «սիրալիր» և կպչուն անծանոթների հետ շփումներից: Պետք չէ վերցնել նրանց կողմից առաջարկվող գրքերն ու թերթոնները, առավել ևս տալ հասցե կամ հեռախոսի համար:

 

Օգտագործված գրականության և հղումների ցանկ

1. Սերժ Մայիլյան, «Ժամանակակից աղանդները Հայաստանում», Սբ. Էջմիածին, 2000
2. Ջոշ Մաք-Դաուել, Դոն Ստյուարտ, «Մոլորեցնողները» (Ինչի են հավատում աղանդի անդամները, ինչպես են հետևորդներ որսում), Երևան, 2002
3. Ի.Վ. Օլեյնիկ, Վ.Ա. Սոսնին, «Քայքայիչ աղանդ. ինչպես դիմակայել դրա ազդեցությանը» (հոդված)
4. Գրիգոր ա. քհն. Հայրապետյան, Եղիա քհն. Հայրապետյան, «Գայլեր մեր մեջ», 1999
5. Մորմոններ (http://holytrinity.am/posts/view/357)
6. Ժոզեֆ Սմիթ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի, «Հավատո հանգանակներ», Articles of Faith Card-ի թարգմանությունը, 1994, 1999 by Intellectual Reserve, Inc.

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 9336
2013.05.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.