Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Համբարձում. խորհուրդ և պատկերագրություն

Համբարձում. խորհուրդ և պատկերագրություն

Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով`Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին:


Համբարձման մասին Ավետարանները պատմում են շատ համառոտ`մասնավորապես նշելով համբարձման վայրը և ձևը:


Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանում հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում այդօրինակ վաղագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից (Պտղնիի ու Օձունի եկեղեցիների որմնաքանդակները, Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմի փորագիր պատկերները): Մանրանկարչության մեջ դա 862 թվականի Մլքե թագուհու Ավետարանի մանրանկարն է (Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ՄՄ 86): Համբարձման տեսարանի պատկերագրական և կոմպոզիցիոն ավարտուն տեսքը հետևյալն է: Մանրանկարի վերին մասում պատկերվում են`Հիսուս Քրիստոսը ձվածիր մանդոռլայի (Աստծո փառքի առարկայական արտահայտությունը) մեջ և հրեշտակները, որոնք դեպի երկինք են վերափոխում Հիսուսին (արևելյան պատկերագրություն): Արևմտյան օրինակներում երկինք տարվող գահի վրա պատկերվում է Գառն Աստծո: Ստորին մասում խիստ պայմանական, պատկերված է Ձիթենյաց լեռը, որի վրա`կենտրոնում կանգնած է Աստվածամայրը, աջից և ձախից`մեկական հրեշտակ, Պետրոս և Պողոս առաքյալները, և մյուս առաքյալները` բաժանված հավասարաթիվ խմբերի: Համբարձման տեսարանի առավել տարածված այս տարբերակը հայտնի է 6-րդ դարից (Ռաբուլայի Ավետարան, Մոնցայի սրվակ և այլն):


Քրիստոնեական արվեստի այս շրջանից հայտնի է մեկ այլ տարբերակ, որտեղ համբարձման գաղափարը արտահայտվում է ավելի խորհրդանշական ձևով, իսկ կոմպոզիցիան`պարզ պատկերագրությամբ: Պատկերվում են երկու ճախրող հրեշտակ, որոնք դեպի վեր են տանում հաղթության դափնեպսակ (փոխարինում է մանդոռլային), մեջտեղում`հավասարաթև խաչ (խորհրդանշում է Հիսուսին), ինչպես Էջմիածնի Ավետարանի կազմի պատկերում, կամ էլ մանդոռլայի մեջ պատկերում էին Հիսուսին (Պտղնի) և երեքական առաքյալ: Մյուս գործող անձինք համանման գեղարվեստական կոմպոզիցիաներում բացակայում են:


Համբարձման տեսարանում Հիսուս Քրիստոս ներկայացվում է հետևյալ նկարաձևերով`գոտկատեղից վեր, գահի վրա նստած կամ կանգնած: Աջ ձեռքով օրհնում է աշակերտներին, ձախում պահում է գիրք կամ գալարափաթեթ (հաճախ փաթեթը բացված է): Մանդոռլան տանող հրեշտակները լինում են թվով երկուսը կամ չորսը: Որոշ մանրանկարներում հրեշտակերը չեն պահում մանդոռլան, այլ միայն նախանշում են այդ շարժումը, որը ցույց է տալիս համբարձման խարհրդավոր բնույթը: Մանդոռլան պատկերվում է մի քանի տարբերակով`կլոր, ձվածիր, ուղղանկյուն և այլն: Որոշ արևմտյան օրինակներում Քրիստոս բռնել է Հայր Աստծո Աջը, կամ Իր ձեռքն ուղղել է դեպի Մարիամն ու աշակերտները: Ուշ շրջանում Հիսուս պատկերվում էր ամպերի մեջ ընկղմված:


Համբարձման տեսարանում կերպարներից առանձնանում է Աստվածամայրը (կան մանրանկարներ, որտեղ Աստվածամայրը պատկերված չէ): Նա պատկերվում է կանգնած, ձեռքերը աղոթքի նշանով պահած կրծքի մոտ (Օրանտ): Ավետարաններում և Գործք Առաքելեցում Աստվածամոր ներկայությունը համբարձման պահին հիշատակված չէ, և այս առումով Տիրամոր կերպարը զուտ խորհրդանշական իմաստ է կրում: Համբարձման տեսարանում խորհրդաբանորեն արտահայտված է Քրիստոսի Եկեղեցու գաղափարը`Քրիստոս որպես Գլուխ Եկեղեցու, Աստվածամայրը որպես Եկեղեցի, Մայր հավատացյալների և Բարեխոս, առաքյալները`Եկեղեցու անդամներ, որն է Քրիստոսի մարմինը:


Աստվածամոր կողքին կանգնած հրեշտակները խորհրդանշում են երկնային ուժերի ներկայությունը Եկեղեցու մեջ, իսկ Պետրոս և Պողոս առաքյալները մարմնավորում են Եկեղեցու հրեական և հեթանոսական դարձի եկած համայնքները (Ավետարանական պատկերներ, Տերունական շարքի 12 գլխավոր պատկերները, Երևան, 1993թ.):

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու, Ձիթենյաց լեռան վրա Քրիստոս ստեղծեց Եկեղեցու նվիրապետական կարգը`առաքյալներին շնորհելով կաթողիկոսից մինչև դպիր բոլոր հոգևոր աստիճանները: Անդրադառնալով համբարձման բուն էությանը` Տաթևացին գրում է. «Եւ ուր Գլուխն է` անդր ժողովեսցին անդամքն: Եւ ուր Փեսայն է`անդ է հրաւիրեալ եւ Հարսն, որ է եկեղեցի սուրբ եւ հաւատացեալք Քրիստոսի»:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7051
2013.05.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.