Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Հոգեգալուստ. առ այսօր բաշխվում է մխիթարություն, խաղաղություն և զորություն

Հոգեգալուստ. առ այսօր բաշխվում է մխիթարություն, խաղաղություն և զորություն

«Հոգի՛ Աստուծոյ եւ խորհրդոյ, աղաչեմք, շնորհեա
եւ մե՛զ ողորմութեամբ ի Քոց պարգեւաց»
 (Շարակնոց)

Հրեաները Սուրբ Զատկից հիսուն օր հետո, ի հիշատակ տասնաբանյա օրենքի ստացման, հատուկ տոն ունեին` Պենտեկոստե: Քրիստոնեական Հոգեգալստյան տոնը` Սուրբ Հոգու գալուստը (Գործք Առաքելոց 2.1-13) համընկնեց Պենտեկոստեի օրվա հետ և իրականացավ Հիսուս Քրիստոսի խոստումը, որ Նա տվել էր Իր աշակերտներին Հուդայի դավաճանության նախաշեմին:

«Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն`սաստիկ հողմից եկած ձայնի նման, և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ`նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք Առաքելոց 2.1-4): Եվ սքանչելի քարոզը, որ այլևայլ լեզուներով էր կատարվում, շատերի դարձի պատճառ դարձավ`կազմավորելով Քրիստոսի Սուրբ եկեղեցին, և այս առումով էլ Հոգեգալստյան օրը համարվում է Քրիստոսի Եկեղեցու ծննդյան օր: Այս տոնի պատմությունն էլ չարափոխելով` սկիզբ առան մի շարք կրոնական կազմակերպություններ:

Սուրբ Գրիգոր Տաթևացին այս տոնի հետ կապված հետևյալ մեկնաբանությունն է տվել.«Մեծամեծ թագավորների սովորությունն է տարին չորս տոն կատարել: Նախ`իրենց ծննդյան օրը, ապա`երբ հաղթում են, այնուհետև`երբ պսակվում են և վերջապես`երբ քաղաք են կառուցում: Երբ թագավորը հաղթում է, այնժամ պսակվում է, իսկ հետո քաղաքում նստելով`խաղաղությամբ օրինադրում: Նույնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոս, Ով Թագավորն է բոլոր արարածների, նախ` ծնվեց Կույսից, ապա` խաչով և Իր Հարությամբ հաղթեց սատանային, այնուհետև` համբարձմամբ պսակվեց և հետո` Սուրբ Հոգու գալստյամբ սկիզբ դրեց Իր քաղաքի`սուրբ Եկեղեցու շինության:                                                                                                                                Սուրբ Հոգին ժամանակի երեք հատկություններն է մեզ սովորեցնում: Նախ այն մասին, որ ցերեկը եկավ, ոչ թե գիշերը: Սուրբ Հոգին եկավ հիսուներորդ օրը և երրորդ ժամին իջավ: Սողոմոնը Աստծուց գիշերը իմաստություն ստացավ` երազային տեսիլքով: Սա ցույց է տալիս, որ նրա իմաստությունը մինչև վախճան չէր մնալու, որովհետև Սողոմոնը ցանկանում էր մեղքեր գործել և դրա պատճառով կորցրեց իմաստությունը: Նույնպես էլ գիշեր էր, երբ Հուդան կամենում էր Քրիստոսին մատնել: Բայց Աստված Աբրահամին կեսօրին` տոթ ժամին երևաց, որ ցույց է տալիս, թե Աստծո սիրո ջերմությունը մինչև վերջ մնալու է: Այսպես առաքյալները Սուրբ Հոգին ցերեկն ընդունեցին ու իմաստնացան և Աստծո սիրով լուսավորվեցին ու ջերմացան: Սուրբ Հոգին հիսուներորդ օրը եկավ. նախ` հիսուն օրը յոթ շաբաթ ունի, իսկ յոթը բոլոր գործերի ավարտն ու հոգևոր հանգիստն է ցույց տալիս: Հիսունը հինգ տասնյակ է. տասը ցույց է տալիս տասը պատվիրանները, իսկ հինգը`հինգ զգայությունները: Որովհետև Սուրբ Հոգու շնորհներով ենք կատարում տասը պատվիրաններն ու հինգ զգայությունները մեղքերից զերծ պահում: Հիսունը հոբելյան է, որը Հին Ուխտում ազատության տարի է կոչվում: Այսպես էլ Սուրբ Հոգին մեզ ազատեց օրենքի ծառայությունից ու վերացեց մեր միջից օրենքի լուծը: Հին օրենքը Մովսեսի միջոցով հին զատկից ու գառան մորթելուց հիսուն օր հետո տրվեց: Նույնպես էլ նոր օրենքը Քրիստոսի`ճշմարիտ գառի զոհաբերումից հիսուն օր հետո Սուրբ Հոգու ձեռքով տրվեց: Բայց այստեղ մի տարբերություն կա: Հին օրենքը հին զատկից`գառան զոհաբերությունից հիսուն օր հետո տրվեց, իսկ նոր օրենքը Քրիստոսի Հարությունից հիսուն օր հետո`Սուրբ Հոգու գալստյամբ տրվեց: Հին օրենքը մահվան օրենքն էր, որի համար էլ սկզբում մահն ուներ, իսկ նոր օրենքը`կյանքի օրենքն էր, որի պատճառով որպես սկիզբ Քրիստոսի հարությունն ունի: Սուրբ Հոգին երրորդ ժամին իջավ. նախ որ Աստված Ադամին երրորդ ժամին ստեղծեց, և այդ ժամին է արեգակը բարձրանում, լուսավորում և ջերմացնում: Նույնպես Ադամին փառքով բարձրացրեց, լուսավորեց իմաստությամբ ու շնորհներով լուսավորեց և առաջինից առավել սիրով ջերմացրեց: Թեպետև Աստվածությունը եռանձնյա է, և Հոր, Որդու ու Սուրբ Հոգու գործերը`հավասար, բայց ստեղծագործությունը հատուկ Հորն ենք ասում, որովհետև Հայրը Կարող է կոչվում, փրկագործությունը` Որդուն, որովհետև Որդին Փրկիչ է կոչվում, իսկ վարդապետության ուսուցումը` Սուրբ Հոգուն, ինչպես Քրիստոս ասաց. «Սուրբ Հոգին, Որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ»: Սուրբ Հոգին ո՞րտեղ ընդունեցին առաքյալները, Երուսաղեմո՞ւմ, տա՞նը, թե՞ վերնատանը: Սա երեք բաներ է մեզ սովորեցնում: Նախ, որ Սուրբ Հոգին հավատացյալներին այս աշխարհի խռովությունից խաղաղեցնում է, իսկ Երուսաղեմ խաղաղություն է թարգմանվում: Երկրորդ`տան մեջ, որովհետև բոլորին կամենում էր բերել դեպի քրիստոնեական հավատի միաբանությանը: Իսկ վերնատունը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին մեզ այս աշխարհի սիրուց հեռացնում է դեպի Աստվածային սերը: Դարձյալ, Քրիստոս վերնատանը տվեց Իր մարմինը մեզ որպես կերակուր, որը ցույց է տալիս, թե Սուրբ Հոգին այն տեղում է պարգևներ տալիս, ուր հոգևոր կերակուր կա: Սուրբ Հոգին լսելի և տեսանելի հայտնվեց.«Հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման», և երկրորդ` տեսանելի. «Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների»: Հոգին կամեցավ Եկեղեցու սկիզբը հայտնապես ցույց տալ ու սահմանել Եկեղեցու խորհուրդները: Ինչպես մկրտության պահին ջրի տարրն առանց խոսքի անկատար է, նույնպես և մյուսը: Երբ որևէ մեկը կամենում է արթնացնել մեկ ուրիշին ու նրան մի իր ցույց տալ, նախ նրան ձայն է տալիս, հետո նրան ցույց տալիս այն, ինչը որ տալու է: Նույնպես Սուրբ Հոգին նախ արթնացրեց նրանց ծուլությունից, երբ սաստիկ հողմի ձայն հնչեցրեց, ապա բոցեղեն լեզուների երևումով նրանց շնորհներ տվեց ու լուսավորեց: Սուրբ Հոգին ոչ միայն կրակի ձևով երևաց, այլ նաև լեզվի նմանությամբ: Լեզվի ձևը սուր է, և Սուրբ Հոգին առաքյալների սրտերը մտավ ու սրեց նրանց մտքերն Աստծո ամենայն խորագիտությամբ: Սուրբ Հոգին առաքյալներին ուղարկեց Ավետարան քարոզելու ու նրանց տվեց բոլոր լեզուների գիտությունը: Ինչպես զգալի խոսքը սրտից է գալիս և լեզվով ու բերանով դուրս ելնում, այնպես էլ Սուրբ Հոգին միայն Հորից է բխում` ըստ խոսքի. «Ճշմարտության հոգին, որ ելնում է Հորից», և Որդիով մեզ է գալիս ու խոսում. «Եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ»: Իսկ այն որ հուրը մեկ էր, իսկ լեզուները` բաժանված, ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին մի է, իսկ բխած շնորհները` զանազան, ըստ յուրաքանչյուր անձի, ինչպես Պողոսն է կորնթացիներին ասում. «Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է»: Ոմանք ասում են, թե երբ առաքյալները շատ ժողովուրդների էին քարոզում, ովքեր մեկտեղ հավաքվել էին բազում ազգերից, մեկ լեզվով էին քարոզում, բայց նրանցից յուրաքանչյուրը իր լեզվով էր լսում: Եվ եթե առաքյալները տարբեր լեզուներով քարոզեին, ապա խոսքը շատ կերկարեր: Եվ այդ հրաշքները ժողովրդի համար էին լինում, ոչ թե առաքյալների: Այս տարակուսանքներին վարդապետները պատասխանում են, թե առաքյալները յուրաքանչյուր ազգի իրենց իսկ լեզվով քարոզեցին, քանի որ յուրաքանչյուր ագզ մի լեզվով է խոսում: Իսկ երբ Պետրոսը Երուսաղեմում Սուրբ Հոգու իջման օրը հրեաներին քարոզեց, որովհետև բոլորն էլ հրեաներ էին: Եվ բոլոր ժողովուրդները լսեցին օրհնություն ու փառաբանություն նրանցից, ովքեր վերնատանն էին հավաքվել, ու բոլոր լեզուներով Աստված էր օրհնվում: Փառաբանության ձայնից բոլոր հրեաներն այնտեղ հավաքվեցին ու ասում էին. «Լսում ենք նրանց խոսքերը, որ մեր լեզվով Աստծո մեծամեծությունների մասին է պատմում»: Առաքյալները ստացան բոլոր լեզուների գիտությունը. նախ` Ավետարանի քարոզության համար, որովհետև բոլոր լեզուների գիտենալը անհրաժեշտություն էր, որպեսզի Քրիստոսի հավատին դարձնեին բոլոր ազգերին: Պետք էր, որ ամեն  ազգ Աստծուն պաշտելու ու օրհնության սպասավորության գար, և բոլոր ազգերից եկեղեցի կառուցվեր: Նաև Սուրբ Հոգու իշխանությունն ու կարողությունը սովորեցնելու համար, որովհետև երբ այս նշանները տեսան, բոլոր հեթանոս ազգերն էլ շատ զարմացան, ինչպես Պողոսն է կորնթացիներին ասում. «Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հավատացյալների, այլ անհավատների համար»: Ցույց տալու համար Քրիստոսի և Նրա անդամների խոնարհությունը, ինչպես որ սատանայի և նրա անդամների հպարտության պատճառով բաժանվեցին լեզուները Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ, նույնպես  Քրիստոսի խոնարհության շնորհիվ միաբանվեցին լեզուները Եկեղեցու շինության համար: Սուրբ Հոգու հրով երևալը մեզ իշխանությունն ու կարողությունն է սովորեցնում, որ ստացավ Եկեղեցին Սուրբ Հոգուց ու սիրով ջերմացավ Աստծուն ծառայելու համար: Սուրբ Հոգու պարգևները յոթն են, որովհետև յոթն են մահացու մեղքերը, քանզի Սուրբ Հոգու շնորհներով ենք մեղքի դեմ պատերազմում ու հաղթում: Եթե մեկը Հոգու յոթ շնորհները, որ մեր հոգու օգնականն ու զորությունն են, իրենից մերժում է, այսպես ընկնում է սատանայի ձեռքը, ով էլ կուրացնելով` դժոխքի բանտն է տանում: Սակայն մենք պետք է Սուրբ Հոգի Աստծուն աղաչենք, որ Իր շնորհներով մեր հոգիները զորացնի,այստեղ դևերի փորձանքներից փրկի, իսկ այնտեղ`հավիտենական կրակից: Եբ Նրան Ամենակալ Հոր ու Միածին Որդու հետ փառք, պատիվ ու երկրպագություն այժմ և միշտ և հավիտյանս. ամեն»:

 

                                                                                             
Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ                                                                                                                                                                                                               

Դիտվել է 2032
2013.05.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.