Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Ծիածանված ուխտագնացություն կամ մի նոր հանդիպում Աստծո հետ

Ծիածանված ուխտագնացություն կամ մի նոր հանդիպում Աստծո հետ

Մայիսի 19-ի  առավոտյան, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էին հավաքվել եկեղեցու երիտասարդաց միության անդամները, որպեսզի ուղևորվեին ուխտագնացության: Աստծո նախախնամությամբ ուխտագնացության օրը համընկել էր Հոգեգալստյան տոնի հետ, ինչն էլ ավելի նշանակալի էր դարձնում օրն ու օրվա խորհուրդը: Երիտասարդ ուխտագնացների ուղղությունն այս անգամ դեպի հայրաքաղաք Գյումրի էր. մի քաղաք, որը դժվար է պատկերացնել առանց եկեղեցիների: Ներկայումս Գյումրիում գործում են չորս եկեղեցիներ, սակայն 19-րդ դարում դրանց թիվն անցնում էր տասնհինգից:


Առաջին կանգառը Գյումրիի Յոթ Վերք կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որտեղ մատուցվող պատարագին մասնակից դարձան երիտասարդ ուխտագնացները ևս:
Յոթ Վերք կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է:
Այն կառուցվել է 19-րդ դարում և մեծ նշանակություն է ունեցել գյումրեցիների հոգևոր-մշակութային կյանքի զարգացման գործում: Եկեղեցու անվանումը կապված է Աստվածամոր  Յոթ Վերքերի հետ: Վարդապետների վկայությամբ, Հիսուսի կրած ամեն մի տանջանքը մի վերք էր Տիրամոր սրտին: Հենց այս պատումի մոտիվներով ժամանակին շատ սրբապատկերներ են ստեղծվել, որոնք հենց այդպես էլ կոչվել են՝ Յոթ Վերք: 1796 թվականին այդ նկարներից մեկը Արևմտյան Հայաստանից տեղափոխվում է Արևելյան Հայաստան: Սկզբում այս սրբապատկերը տեղ է գտնում Հառիճավանքում, ապա տեղափոխվում է Էջմիածին: Իսկ 19-րդ դարում, երբ կառուցվում է Յոթ Վերք եկեղեցին, գյումրեցիները նկարը տեղափոխում են այստեղ:


Սրբապատկերը իսկապես սիրվել է ժողովրդի կողմից, իսկ դրա հրաշագործ ուժի մասին շատ պատմություններ կան: Նկարի բժշկող հատկության մասին խոսվում է նաև մեր օրերում:
Երիտասարդ ուխտագնացների հաջորդ կանգառը Մարմաշեն վանքն էր:

Կանաչ և արևավառ դաշտերի գրկում արդեն շուրջ տասը դար ապրում է Մարմաշենը՝  հայ ազգային ճարտարապետության ողջ շքեղությունը կրող եկեղեցիներից մեկը:
Գլխավոր եկեղեցին, ըստ եկեղեցու պատին թողնված արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանի կողմից, 988-1029 թվականների ընթացքում:
Ըստ որոշ աղբյուրների՝«Մարմաշեն» անվանումը Մարիամաշեն բառի փոփոխված ձևն է:


Մարմաշենում Տեր Եսայի քահանա Արթենյանն անցկացրեց երեկոյան ժամերգություն, որին հաջորդեց քարոզը՝ միտված ուխտավորների սրտում էլ ավելի ամրապնդելու ուխտագնացության խորհուրդը: «Ուխտագնացությունը մեզ համար ավանդույթի պես մի բան է դարձել, սակայն ամեն ուխտագնացություն նոր առաքելություն է, Աստծո հետ մի նոր հանդիպման ակնկալիք: Մեր յուրաքանչյուր ուխտագնացություն Նոր Ուխտի շարունակությունն է:  Ճանապարհը, որ անցնում ենք սրբավայր հասնելու համար, խորհելու և խոկման ժամանակահատված պետք է լինի մեզ համար: Մինչև եկեղեցի հասնելը՝ մենք եկեղեցին մեր մեջ պիտի հիմնենք և մեր հոգու մեջ Աստծուն գտնենք:


Ուխտ բառը հենց խոստում է նշանակում: Աստված մեզ չի խոստացել երջանկություն, առողջություն կամ բարեկեցիկ կյանք. Նա մեզ փրկություն է խոստացել: Տերը միշտ հավատարիմ է Իր խոստմանը, մնում է մենք արժևորենք մեր խոսքը, մեր ուխտը, որ արժանանանք մեր Տիրոջն ու Նրա Փրկությանը»,- իր խոսքում նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ողջ օրվա ընթացքում արեգակն իր ջերմությունն ու լույսը կիսել էր ուխտագնացների հետ:
Սակայն տունդարձի ճանապարհին տեղատարափ անձրև սկսվեց, հետո երկնքում հայտնվեց Աստծո և մարդու բարեկամության և ուխտի խորհրդանիշը՝ ծիածանը:
Ծիածանը  վկան էր այն բանի, որ ուխտն իսկապես ընդունելի էր:


«Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ, ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ` թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի եւ երկրի բոլոր կենդանիների հետ: Իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ: Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը: Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ: Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակների միջեւ…Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ» (Ծննդոց  9. 9-10; 13-17):

 

Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
        
 

Դիտվել է 1195
2013.05.20
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.