Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Մաքուր և լուսե երանելի մեծ վկայուհիները

Մաքուր և լուսե երանելի մեծ վկայուհիները

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին, հիշատակում է Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Ագաթանգեղոս պատմիչը գրում է, որ Հռոմում լեռների մեջ մեկուսացած մի վանք կար, ուր ապրում էին քրիստոնեական հավատով լի, սրբակենցաղ շուրջ 300 կույսեր` Օգոստոս կայսեր ցեղից սերող մայրապետ Գայանեի հետ միասին: Այդ վանքում էր մեծանում նաև գեղանի Հռիփսիմեն: Մաքուր և լուսե այս մեծ վկայուհին նույնպես թագավորական ծագում ուներ (ըստ ավանդության Կլավդիոս կայսեր ցեղից սերող): Նրան մանկությունից սկսած դաստիարակել է Գայանե կույսը:

 

Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը (284-305թթ.), չնայած իր կնոջ կենդանությանը, կամենում է ևս մի կին ունենալ: Նա ճարտար նկարիչներ ուղարկեց իր կայսրության բոլոր կողմերը, որպեսզի նկարեն գեղեցիկ կանանց և նրանց պատկերները իրեն ներկայացնեն: Նկարիչները բռնությամբ մտնում են այն կուսանոցը, որտեղ ապրում էին քրիստոսասեր կույսերը, այնտեղ տեսնում բարձրահասակ ու վայելչագեղ Հռիփսիմեին, և հիանալով նրա գեղեցկությամբ` մի մարդահասակ տախտակի վրա նկարում են նրան ու պատկերը տանում Դիոկղետիանոս կայսրին: Վերջինս, աննման գեղեցկությամբ զմայլվելով, հրամայում է իր մոտ բերել Հռիփսիմեին և հարսանիքի պատրաստություն տեսնել: Իմանալով այդ մասին` քրիստոսասեր Հռիփսիմեն մայրապետ Գայանեի և մյուս կույսերի հետ փախչում գալիս է Հայոց երկիր` Վաղարշապատ մայրաքաղաք:

Նավարկելով նախ գնացին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, այնուհետև ուղևորվեցին Երուսաղեմ: Գեթսեմանի այգում Աստվածամայրը տեսիլքով հայտնվեց Սուրբ Գայանեին և պատվիրեց գնալ Եդեսիա (Ուռհա) քաղաքը: Եդեսիայում Տիրամայրը դարձյալ տեսիլքով երևաց և պատվիրեց նրան գնալ բուն Հայաստան: Հայաստանում զանազան վայրեր շրջելով` հասան Վան և ժամանակավորապես բնակություն հաստատեցին այնտեղ:

 

Ավանդությունը պատմում է, որ Կլավդիոս կայսեր կին Պատրոնիկե թագուհուն պատկանելիս է եղել Տիրոջ խաչափայտից մի մասունք, որը փոխանցվելով այս ցեղի սերունդներին` վերջապես բաժին է ընկել Սուրբ Հռիփսիմեի ծնողներին, ովքեր նրան մանուկ տարիքում Սուրբ Գայանեին հանձնելիս խաչափայտի այդ մասունքը գցել են իրենց դստեր պարանոցին: Այս սուրբ մասունքի միջոցով բազում հրաշքներ են գործվում Հայոց աշխարհում: Տերունական խաչի մասունքը ամփոփելով Վարագա լեռան վրա` կույսերը 37 հոգով եկան Վաղարշապատ քաղաքը, որն այդ ժամանակ Նորաքաղաք էր կոչվում և նստավայրն էր հայոց թագավորների: Նրանք բնակություն հաստատեցին քաղաքի հյուսիս-արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում: Կույսերը, ապրուստի միջոցներ չունենալով, սկսեցին վաճառել իրենց ունեցվածքը: Նրանցից մեկը ապակեգործ էր և ուլունքներ էր պատրաստում, դրանով օրական ապրուստի որոշ դրամ վաստակում: Կուսերն իրենց կարիքները այսպես էին հոգում:

 

Իսկ այդ նույն ժամանակ Դիոկղետիանոս կայսրն իր տերության տարբեր կողմերն էր ուղարկել սուրհանդակներ` փախստական կույսերին գտնելու համար: Կասկածելով, որ կույսերը Հայաստանում են, կայսրը պատվիրակ ուղարկեց նաև հայոց Տրդատ թագավորի մոտ, որը նրան տվեց կայսեր հրովարտակը: Հրովարտակում գրված էր. «Ինքնակալ կայսր Դիոկղետիանոսը մեր սիրելի եղբայր և աթոռակից Տրդատին, ողջույն: … պատահեց, որ տեսա նրանց (քրիստոնյաների) ուսմունքի աղանդից մի գեղեցիկ կույս օրիորդի և կամեցա նրան կնության առնել, սակայն հանդգնեցին նրան ևս ինձանից խորամանկորեն հեռացնել… և սնուցիչ դայակի միջոցով նրան թաքուն ուղարկեցին ձեր տերության կողմերը»: Այնուհետև նա գրում էր, որ եթե Տրդատ արքան գտնի չքնաղագեղ կույսին, անմիջապես Հռոմ թող ուղարկի, իսկ եթե հավանի նրա գեղեցկությունը` իր մոտ թող պահի: Ընթերցելով այս հրովարտակը` Տրդատը հրամայեց հետախուզել իր իշխանության բոլոր վայրերը, սուրհանդակներ ուղարկեց բոլոր կողմերը, որպեսզի կույսերին գտնեն և բերեն իր մոտ: Շուտով հայտնաբերվում են փախստական կույսերը: Արքայի պատվիրակները նրանց գտան այն հնձանում, որտեղ ապրում էին: Կույսերին շրջապատեց մի ամբողջ լեգեոն, որպեսզի չկարողանան փախչել: Սրբուհի Հռիփսիմեի և նրա սքանչելի գեղեցկության մասին պատմեցին Տրդատին: Արքան պատվական զգեստներ ուղարկեց` Հռիփսիմեին զարդարելու և պալատ բերելու: Նրա պատգամավորները ողջունեցին սրբուհուն ու ասացին.

-Ավետի՜ս քեզ, ազա՛տ կին, քանի որ դարձար Մեծ Հայքի տիկինը: Դուրս արի այդ հնձանից և մտիր արքունի ապարանք:

Երբ կույսերն այդ խոսքերը լսեցին, բարձրաձայն սկսեցին ողբալ ու աղաչել Աստծուն, որ իրենց փրկի անօրենների հետ խառնակությունից: Նույն պահին երկնքից մի ձայն լսվեց.

-Զորացե՛ք և մի՛ երկնչեք, Իմ սիրելիներ, քանզի Ես ձեզ հետ եմ հավիտյան:

Հեթանոսներն այդ ձայնի ահեղ որոտումից գետնին ընկան, ապա, ուշքի գալով, փախան, գնացին զեկուցեցին արքային, թե` Սուրբ Հռիփսիմեն չի ուզում գալ: Տրդատը հրամայեց բռնությամբ բերել նրան: Բռնեցին սրբուհուն և մերթ քարշ տալով, մերթ ոտքի վրա` բերեցին արքայի սենյակը: Այս ընթացքում Հռիփսիմեն աղոթում էր և բարձրաձայն կանչում.

-Տե՛ր Հիսուս, ողորմիր և օգնիր ինձ:

Տրդատը, տեսնելով Հռիփսիմեին, հմայվում է նրա գեղեցկությամբ և ցանկանում բռնությամբ տիրանալ նրան: Սակայն չի կարողանում. իր զորեղ ուժով ու քաջագործություններով հռչակված արքան, գրեթե յոթ ժամ մաքառելուց հետո, պարտվում է Սուրբ Հոգով զորացած կույսից: Ի վերջո հրամայում է բերել Գայանեին և երկուսին էլ սպանելու սպառնալիքով ստիպում, որ Գայանեն իր սանին համոզի կատարելու արքայի հրամանը: Սակայն մայրապետը սրտապնդում է Հռիփսիմեին, պատվիրում չերկյուղել և չենթարկվել հեթանոս թագավորին.

-Դո՛ւստր իմ, հիշի՛ր, որ սրբությամբ սնվեցիր ու մաքուր վարքով մեծացար: Հիշի՛ր, որ կամավորապես հրաժարվեցիր հայրենի արքունական պատվի քո մեծությունից, ելար ու հեռացար տնից ու ազգականներից: Հիշի՛ր, որ հարսնացար Քրիստոսին և նշանվեցիր սուրբ խաչով`հանձնվելով Աստվածամոր հովանավորությանը: Արդ, հաստատո՛ւն մնա քո սրբության մեջ, որպեսզի արժանի լինես անանց պսակին և լուսեղեն հարսնարանին:

Երբ արքայի սպասավորները լսեցին այս խոսքերը, սկսեցին քարերով հարվածել Սուրբ Գայանեի դեմքին ու ատամները փշրեցին, սակայն նա հաստատակամորեն նույնն էր հորդորում:

 

Հաղթված և զայրացած արքան հրամայում է չարչարանքների ենթարկվելով սպանել Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս 32 կույսերին: Արքունական զինվորների և հեթանոս ամբոխի ձեռքով բազում չարչարանքների ենթարկվելուց հետո նահատակվում են կույսերը` իրենց վարդագույն արյամբ ոռոգելով հայոց հողը: Նրանց բոլորի մարմինները գցեցին շների առջև, սակայն շները չմոտեցան: Այսպես սրբուհիներն արյամբ վկայեցին իրենց հավատարմությունը Քրիստոսին:

 

Երկու օրում նահատակվեց 37 սրբուհի. Հռիփսիմյանք` 34, Գայանյանք` 3 հոգի: Երեք օր անց աստվածային բարկությունից արքայի կերպարանքը փոխվեց և խոզակերպ դարձավ: Պատուհասվեց նաև զորքը: Խոսրովիդուխտ արքայաքրոջը երազով հայտնվեց, որ նրանց կարող է բժշկել միայն Խոր Վիրապում բանտարկված Սուրբ Գրիգորը: Ով Վիրապում մարգարեական աչքով տեսնում է կույսերի նահատակությունը և Վիրապից դուրս հանվելուց հետո հարցնում է մարդկանց. «Ո՞ւր են վկաների նշխարները»: Զարմացած հարցնում են.  «Ո՞ր վկաների»: Սուրբ Գրիգորը տալիս է կույսերի անունները, և նրան տանում են այն վայրերն, ուր անթաղ ընկած էին սուրբերի մարմինները: Չնայած 9 օր էր անցել նահատակությունից, սակայն նրանց մարմինները անապական էր մնացել, ինչը նահատակների սրբության վկայությունն էր: Սուրբ Գրիգորը, նրանց մարմինները հավաքելով, ամփոփեց: Եվ միայն 70-օրյա ապաշխարությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքով Աստված Տրդատին վերադարձրեց մարդկային կերպարանքը: Սբ. Գրիգորը նրանց նահատակության վայրերում կառուցում է երեք վկայարան` համաձայն իրեն ցույց տված տեսիլքի. մեկը`Սբ. Հռիփսիմյանց նահատակության վայրում, մյուսը` Սբ. Գայանյանց, մյուսն էլ` հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը:

 

Հետագայում նրանց նշխարների վրա կառուցվում են Սուրբ Հռիփսիմե (618թ., Կոմիտաս Ա Աղցեցի հայրապետ) և Սուրբ Գայանե (630թ., Եզր հայրապետ) եկեղեցիները, որոնք Աստծո զորությամբ կանգուն են մինչև այսօր և նվիրական վայրեր են յուրաքանչյուր հայի համար:

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 8186
2013.05.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.