Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Արարչագործության երրորդ օրվա պատմություն (ըստ Հայսմավուրքի)

Արարչագործության երրորդ օրվա պատմություն (ըստ Հայսմավուրքի)

Այսօր հիշատակն է Աստծո արարչության երրորդ օրվա. այս օրն Աստված ասաց. «Թող երկնքի տակ գտնվող ջրերը հավաքվեն մի տեղ, և երևա ցամաքը». ու կոչեց ցամաքը երկիր:

 

Եվ հայտնի է, որ ցամաքը երկրի անունը չէ (*այլ հատկությունն է): Որպես և ամեն չոր իր ցամաք է ասվում: Եվ չորս պատճառով է երկիր կոչվում. նախ (*երկ[ու] իր)՝ որովհետև 2 երկակի ծայր ունի՝ երկուսը երկարությամբ՝ արևելքն ու արևմուտքը, և երկուսը լայնությամբ՝ հյուսիսն ու հարավը: Դարձյալ, երկիր է կոչվում, քանի որ կրող է, որ կրում է իր վրա համատարած ջուրը և որոնք գոյանում են ջրից ու հողից և դարձյալ մեռնում. հողում են ծածկված մարդը և անասունները, բույսերն ու կանաչները, խոտերն ու բանջարները, ծառերն ու տունկերը: Սրանք բոլորը երկրի վրա են պարարտանում ու դարձյալ, հող դառնալով, երկրում են պահվում և կորչում: Երկիր անվանելու չորրորդ պատճառն այս է. երկրայինները միշտ երերման ու տատանման մեջ են գտնվում, նեղությունների, վշտերի ու փորձությունների մեջ: Ըստ որում Պողոսն ասում է, թե` երկի´ր (*երկյուղ ունեցիր) և կասկածի´ր (*քեզ վրա), գուցե ընկնես: Ինչպես որ «աշխարհ» ասելն էլ նույնն է նշանակում. որ աշխար (*ցավ, լաց, այստեղից ապաշխարել = ապա աշխարել) և սուգ է, և կո´ծ, և ողբերի´ աղետ, և հովիտ՝ վշտերի ու տրտմության:

 

Աստված հավաքված ջրերը կոչեց ծովեր: Տե՛ս, ծովեր է ասում, և ոչ թե՝ ծով: Եվ սա երեք պատճառով է: Նախ՝ ցույց է տալիս բազում ծովերի խորշերը և փոսերը, ականջներն ու ծոցերը: Եվ դարձյալ, ծովեր է ասում, որովհետև ծփանքից ու շաչյունից շարունակ ծավալվում են ու շարժվում և, ափերից դուրս գալով, իրենց մեջ ճոճվում ու տարածվում են ալիքների ծալմամբ: Եվ աշխարհի ծայրում կա առաջին ու արտաքին ծովը, որ կոչվում է Օվկիանոս, քանզի նրանում կենդանի չկա, ոչ էլ նավը կարող է անցնել նրանով, որովհետև անխորշ է և անլեռ, հարթահատակ, և ջրի ներքևում հողը հավասար հարթ է ու ողորկ (*հնում Ովկիանոս էին անվանում ջրերը, որ շրջապատում էին հայտնի աշխարհը արևմուտքից): Եվ կա աշխարհի ծայրը, ուր ջրից ներքև հող չկա, այլ սաստիկ հողմ է ջրի հատակում, որ իրեն մերձեցողներին քշում է արագընթաց արշավմամբ: (*Վարդան Արևելցին (1200-1271թթ.) իր «Աշխարհացույց»-ում այսպես է նկարագրում աշխարհը: Աշխարհը խորանարդաձև է, բոլոր և քառանկյունի (*տան պես, ըստ աշխարհի 4 կողմի): Չորս իր է պատում Դրախտը և ցամաք երկիրը. նախ` Ովկիանոս ծովը և Լեւիաթան ձուկը (*հիշատակվում է Հոբի գրքում և Սաղմոսներում, խորհրդանիշն է չարի), որի գլուխն ու տուտը արևմտյան կողմում միատեղ են դրված, ապա Քեռինոս կղզին, որ շրջանաձև է` 2 ծովի մեջտեղում զետեղված, Անդլնդական ծովը):

 

Իսկ Քեռինոս կղզուց այս կողմում գտնվող ծովը Անդլնդական է կոչվում (*Ատլանտյան օվկիանոս), քանզի Քեռինոսը երկու ծովերի միջև գտնվող և երկրի շուրջը բոլորված շրջանաձև կղզի է: Այնտեղ կան լեռնակերպ ահարկու գազաններ և անճոռնի ու վիթխարի վիշապներ, որոնց խառնակության գարշահոտությունը հողմերը, բերելով, նետում են երկրի վրա. սրանից են մարդկանց ցավերն, անասունների, պտուղների ու բերքի հիվանդությունները: Ու աշխարհի բոլոր ցավերն այնտեղից են լինում:

 

Իսկ ծովն Անդլնդային, որ կղզու այս կողմում է, լեռնամեջ ու խորաձոր երկիր է. որի վրա հաստատված են ջրերը, և անվնաս ծնվում են կենդանիներն ու սնվում, այլև նավորդներն են նրա վրայով վստահորեն գնում, իսկ նրա ափերին ողջախոհ ու հաջողակ մարդիկ են ապրում, որի մասին և ասվում է` Անդլնդական, որ այնտեղ կենդանություն կա` զվարթագին խաղաղությամբ: Անդլնդական ծովը այս կողմում եզրերով և միջասահմաններով, խորշերով և ծոցերով բաժանվում է աշխարհիս մեջ չորս ծովի` Արևելյան, Արևմտյան, Հյուսիսայինի և Հարավայինի: Բայց Արիստոտելն (*հին հույն գիտնական, իմաստասեր) Օվկիանոս է կոչում այն ջրերը, որ ցամաքի շուրջ են: Կարծես հիանում է կենդանիների զանազանությամբ, որ այնտեղ կան և ճոխությամբ լիանում են: Ասում է՝ զարմանալի է, թե ո՞վ կա նրանց մեջ, սա միայն Արարիչը գիտի: Եվ այն ջրերը, որ Քեռինոս կղզու այն կողմում են, Անդլնդական է անվանում. անկարելի է, որ այնտեղ կենդանի մեկը լինի, քանի որ անհատակ են ջրերը:

Եվ Աստված ասաց. «Թող երկիրն աճեցնի խոտեղեն բույս». և այս հրամանով աճեցին ծառերն ու տունկերը, բույսերն ու դալար խոտերը՝ կատարյալ սերմերով և հասուն մրգերով. սրանց հետ և դրախտն Ադամի:

 

Սրանք են երրորդ օրվա գործերը՝ ջրերի հավաքումը ծովերում և երկրի ցամաքումը, բույսերի, տունկերի ու ծառերի աճեցումը: Եվ ինչպե՞ս է ասում, որ յուրաքանչյուր բույս և ծառ իր սերմը պարունակի, որովհետև եղեգի, սզի, քրքումի ու թարխունի և շատ այլ բույսերի սերմերը կատարում չեն, այլ արմատում են. և չկա մի բույս կամ տունկ, որ կատարից կամ արմատից սերելու զորությունը չունենա: Հայտնի է, որ տնկում են, և՛ ճյուղը, և՛ տերևը պատրուսում, և այն, կպնելով, արմատանում է: Եվ գիտելի է, որ պիտանի բույսերի հետ մեկտեղ, որ ունեն դեղերի, սպեղանիների ու կերակրի զորությունը, բուսան նաև վնասակարները ու մահաբերները: Քանզի ոչ բոլորը ուտելու համար են տնկվել, այլև աշխարհի ամբողջության համար և այլ պետքերի համար, թեպետև մենք չիմանանք: Ինչպես լորերն ու հավփալները (*վայրի աղավնի) ուտում են եղեբորոսն ու մեկոնիոնը (* թունավոր բույսեր) և չեն վնասվում՝ նուրբ լեզվակ ու նեղ խածի ունենալով, որ նախքան թույնի ազդելն ու տարածվելը, մարսում ու ծրտում են, քանի որ իրենք տաք են բնությամբ: Այլև բժիշկները օգտագործում են դրանք բժշկության համար՝ ի փառս Արարչի:

 

Այլև գիտելի է, որ զգալի ծառերի ու տունկերի հետ Արարչի կամքը տնկեց իմանալի տունկերը, այսինքն՝ արդարների և մարգարեների դասերը, ինչպես Պողոսն է ասում. «Աշխարհի լինելուց առաջ ընտրեց մեզ Աստված»: Որպես և Սուրբ Առաքյալների ընտրությունը հինգերորդ օրում եղավ, ջրայինների (*ծովային ձկների և կենդանիների) և օդայինների (*թռչունների) ստեղծման օրը: Այսպես էլ Սուրբ Մարգարեների ընտրությունը երրորդ օրն եղավ բույսերի ու տունկերի հետ: Ինչպես մեր Սուրբ հայրապետ Ներսես Շնորհալին է ասում. «Երկրի զգալի (*մարմնավոր) ծառերի հետ տնկեց և տունկերը իմանալի (*հոգևոր)»: Եվ տե՛ս, որ մարգարեներն առաջ էին, քան Քրիստոս, իսկ առաքյալները՝ հետո: Այսպես և նրանց ընտրությունը նկարեց Աստված արարչությամբ երրորդ օրում` ծառերի հետ` մարգարեներին: Իսկ չորրորդ օրը՝ լուսատուների հետ` ամենքի լույս Քրիստոսին Կույս Մարիամի արգանդում, ումից ծագեց մեզ համար արեգակը բարձունքներից՝ լուսավորելու մեր խավարը: Եվ ջրերի ստեղծածների հետ՝ ընտրեց Սուրբ Առաքյալներին, ովքեր աշխարհիս ծովում երկնավորներ եղան՝ նման թռչունների, որոնք ծովի ջրերից օդ են ելնում՝ ի փառս Քրիստոսի՝ մեր Աստծո:

 

Քրիստո՛ս Աստված, Քո սուրբերի բարեխոսությամբ ողորմի՛ր այս գիրը կարդացողին:

 

թարգմանեց Անի Կարապետյանը

Դիտվել է 4417
2013.05.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.