Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից

Հայ ժողովրդի համար շրջադարձային եղավ 301թ-ը, երբ քրիստոնեությունը հաղթականորեն իր հովանու տակ առավ ողջ Հայաստանը: Հայոց մեծ դարձի պատմությունը շարադրում է Ագաթանգեղոսը, ում լրացնում են Մովսես Խորենացին, Հովհան Մամիկոնյանը և այլ պատմիչներ ու սկզբնաղբյուրներ, որոնք վկայում են Տրդատ Գ-ի օրոք հայոց աշխարհ եկած Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչի մասին: Հայ ժողովրդի համար նվիրական է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելու տոնը` որպես ամենանշանակալի իրադարձություն:

 

Հայոց Տրդատ արքան, տարված Սբ. Հռիփսիմեի գեղեցկությամբ, չկարողանալով տիրել նազենի կույսին, հրամայեց չարչարանքների ենթարկելով սպանել Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս կույսերին: Այս ամենից հետո թագավորը պատուհասվեց: Ավանդությունը պատմում է, որ Տրդատը որսի գնալիս կառք էր նստել: Եվ հենց այդ պահին էլ նրան «Տիրոջ պատուհասը հասավ». նա իր մարդկային կերպարանքից զրկվեց և նմանվեց վայրի խոզի: «Այնուհետև, մտնելով եղեգնուտը, խոտաճարակ դարձավ, անզգայությամբ դաշտերում կրծելով իր մերկ մարմինը»,-գրում է Ագաթանգեղոսը` ցանկանալով ընդգծել նրա մեղքի ծանրությունը: Նրա հետ միասին հարվածներ ստացան նաև թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները: Այս վիճակը տրտմություն և խոր մտահոգություն առաջացրեց ողջ պալատականների և հայոց ազգի շրջանում: Այդ ժամանակ լուսեղեն մի տեսիլք երևաց թագավորի քրոջը` Խոսրովիդուխտին, և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի Խոր Վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժշկվել ցավերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին և ուղարկեցին Արտաշատ, ուր 13 տարի առաջ վիրապն էր իջեցվել Տրդատի հրամանով մահվան դատապարտված Գրիգորը:

 

Երկար, հաստ պարաններ իրար կապելով` իջեցրին գուբը: Ապա բարձր ձայնով աղաղակեց նախարարը. «Գրիգո՜ր, եթե ողջ ես` դո՛ւրս արի, որովհետև քո Տեր Աստվածը հրամայեց հանել քեզ այդտեղից»: Գրիգորը անմիջապես ոտքի կանգնեց, ամուր բռնեց պարանը և այն շարժեց: Պալատականների ծաղրն ու ծիծաղը զարմանքի վերածվեց, իսկ զարմանքը` վախի: Նրան գբից հանեցին և առաջնորդեցին Վաղարշապատ: Հրաշք էր, որ Գրիգորը ողջ էր մնացել, բայց առավել մեծ հրաշք էր, որ նա բժշկեց զղջացող թագավորին ու մյուս մոլագարներին: Նա աղոթքով ու պաղատանքով Աստծուց թագավորի համար բժշկություն խնդրեց, և բոլորի աչքերի առաջ արքայի դեմքը փոխվեց, վերստացավ իր մարդկային տեսքը:

 

Վիրապից ելնելուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը նախ նահատակման վայրերում ամփոփեց կույսերի մարմինները և ապաշխարության համար սահմանեց հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայ Եկեղեցում և կոչվում «Առաջավորաց» (առաջին պահքը) : Վաթսունվեց օր Սբ. Գրիգոր Լուսավորիչը քարոզեց Քրիստոսի վարդապետությունը, և նրանից չհեռացան թագավորն ու մեծամեծները: Մեծ ուշադրությամբ լսեցին ավետաբեր խոսքը և վաթսունվեց օր պահք պահեցին: Սբ. Գրիգորի միակ ցանկությունն էր խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորել Աստծո ճշմարիտ Ավետարանի լույսով, և նրանց մղել հոգևոր վերածնունդի:

 

Քարոզության վերջին օրը Սբ. Գրիգոր Լուսավորչին հայտնվեց Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով: Աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց տրվեց Մայր տաճարի հիմնադրման վայրը : Տերը պատգամեց նաև վկայարաններ կառուցել Սբ. Հռիփսիմյանց կույսերի նահատակման վայրերում:

 

Իսկ երբ ավարտվեց Լուսավորչի սահմանած պահքը, թագավորը Վաղարշապատ մայրաքաղաքում հայոց ավագանու խորհուրդ հրավիրեց, որը միակամ որոշեց Գրիգորին ուղարկել Կեսարիա` եպիսկոպոսական ձեռնադրություն ընդունելու` հայոց հոգևոր իշխանության գլուխ կանգնելու համար: Հայոց քահանայապետ դարձած Սբ. Գրիգորը, երբ հասավ Արածանիի ափերին, այստեղ նրան ընդառաջ ելավ Տրդատ թագավորը` արքայական ընտանիքի և հայոց ավագանու հետ: Այստեղ էլ Սբ. Գրիգոր Լուսավորիչը մկրտեց բոլորին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Մկրտությունից անմիջապես հետո Լուսավորիչ Հայրապետը բացօթյա Սբ. Պատարագ մատուցեց և բոլորին Սբ. Հաղորդություն տվեց:

 

Ամբողջ Հայոց երկրում սկսվեց քրիստոնեական քարոզչությունը: Սբ. Գրիգորի կամքով և թագավորի հրամանով երկրի տարբեր նահանգներից, գավառներից մանկահասակ երեխաներ բերեցին, որպեսզի հմուտ ուսուցիչները կրթեն նրանց: Շեն ու անշեն շատ վայրերում վանականների բազում խմբեր ստեղծեց: Սբ. Գրիգորը իր աշակերտներից արժանավորներին մինչև եպիսկոպոսական աստիճանի հասցրեց ու ձեռնադրեց:

 

Սբ. Գրիգոր Լուսավորիչը թողել է մատենագիտական ժառանգություն: նրա անունով մեզ է հասել «Հաճախապատում» գիրքը, որը պարունակում է քսաներեք ճառ: Դրանք բովանդակում են հավատի և քրիստոնեավայել վարքի բացատրությունները: Ագաթանգեղոսը հիշատակում է նաև «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» գրվածքը:

 

Հայ ժողովրդին հեթանոսության խավարից քրիստոնեության լույսին դարձնելու համար Սուրբ Գրիգորն անվանվեց Լուսավորիչ: Նա Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված Հայ Եկեղեցին հիմնովին վերանորոգեց և վերականդանացրեց:

 

Լուսավորչի` վիրապից ելնելու տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Էջմիածնի տոնին նախորդող շաբաթ օրը:

 

Սկզբնաղբյուրներ` Գայանե Անտոնյան «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի հանարապետության պետական տոներ, Հիշատակի օրեր» Պատկերազարդ տոնացույց, Ս. Էջմիածին, 2006թ. Հայոց Եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք, Ս. Էջմիածին, 1999թ. Պարթև աբեղա Կիւլիւմեան, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եւ Հայաստանի դարձը

Կազմեց Գայանե Սուգիկյանը

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 964
2013.06.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.