Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Հայ ուխտավորի քայլերը դեպի Երուսաղեմ շարունակվում են

Հայ ուխտավորի քայլերը դեպի Երուսաղեմ շարունակվում են

Երուսաղեմը` խաղաղության քաղաքը, դարեր շարունակ հյուրընկալում, խաղաղություն և օրհնություն է բաշխում դեպի իրեն եկող ուխտավորին: Իսկ դեպի Երուսաղեմ գնացող ուխտավորների թիվը մեծ է, նրանք ողջ տարի տարբեր երկրներից են ժամանում: Յուրաքանչյուր ուխտավորի մեծ փափագն է ջերմեռանդ հավատով երկրպագել Տնօրինական այն սրբավայրերին, ուր մարդկության Փրկիչը ծնվեց, ապրեց, քարոզեց, մեր մեղքերի քավության համար չարչարվեց, խաչվեց, ապա և հրաշափառ կերպով հարություն առավ ու երկինք համբարձվեց, նստեց Իր Երկնավոր Հոր աջակողմում:


Այն, որ 7-րդ դարում հայերը յոթանասուն վանք են ունեցել Երուսաղեմում, կարող է փաստել, որ հայի համար դեպի խաղաղության քաղաք տանող ճանապարհը վաղուց է սկսված: Դրա մասին պատմում են նաև մատենագիտական աղբյուրները` վկայելով, որ Երուսաղեմի առաջին ուխտավորներից են եղել նաև հայերը` իրենց կարևոր նպաստը բերելով Տնօրինական սրբավայրերում քրիստոնեական առաջին շինությունների կառուցմանը: Հիշենք, որ դեռևս հայոց անդրանիկ հավատացյալ թագավոր Աբգար Առաջինի դարձից հետո, նրա բարեպաշտ կինը` Հեղինեն, մատուռներ էր կառուցել և՛ Գլխադիր կոչված Խորանին (Սբ. Հակոբյանց վանք), և՛ այլ տեղերում, ուր առ այսօր հայկական վանքեր ու եկեղեցիներ կան:


Իսկ թե ինչպես էր պատրաստվում Երուսաղեմ ուխտի գնալ մեր առաջին կաթողիկոսը` Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ահա մի քանի հին ավանդություններ և նրանց վրա խարսխված պատմագրական հիշատակություններ. «Սբ. Գիրգոր Լուսավորիչը, առանձնանալով Սեպուհ լեռան վրա, կամենում է Երուսաղեմ ուխտի գնալ: Իր ուխտը, սակայն, ցանկանում է իրականացնել ոչ թե քայլերով, այլ երեսն ի վայր ու ծնկների վրա գնալով: 1439թ. գրված մի «Յայսմաւուրք»- ում ասվում է, թե իր ճգնության այրից երբ այսպես լեռն ի վար իջնում է ներքև ու վեր ելնում մի ձորակով, կենդանի նահատակին երևում է Տիրոջ հրեշտակը և թույլ չի տալիս նման տաժանելի կերպով շարունակել ուխտագնացությունը: Ի պատիվ հրեշտակի երևման, Լուսավորիչն այստեղ մի խաչ է կանգնեցնում, որն ուներ հրաշագործ զորություն: Սերովբեք է կոչվում նաև այնտեղ գտնվող գյուղը: Հասնելով Երուսաղեմ` Լուսավորիչն իրեն արժանի չի համարում մոտենալու Տիրոջ գերեզմանին և յոթ տարի ճգնում է Խաչգյուտի եկեղեցում, որն այսպես է անվանվում, քանի որ, համաձայն ավանդության, այստեղ է Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինե թագուհին, գտել Քրիստոսի Խաչափայտը: Յոթնամյա ճգնությունից հետո Զատկի ճրագալույցին, երբ Լուսավորիչը մոտենում է Տիրոջ գերեզմանին, վառվում են այնտեղ կախված բոլոր կանթեղները, և Սբ. Գրիգորը երգում է «Լոյս Զուարթ»-ը: Ասվում է, թե ի հիշատակ կանթեղների հրաշալի այս վառվելուն է մեր Եկեղեցում ամեն շաբաթվա ճրագալույցին երգվում  «Լոյս Զուարթ»-ը» (Վարդան Դևրիկյան «Երուսաղեմի Հայ Ուխտավորը»):


Հայոց թագավորներն ու նախարարները բազմաթիվ եկեղեցիներ են կառուցել: Հայ իշխանների հոգածությունը քրիստոնեական սրբավայրերի հանդեպ այնքան մեծ էր, որ ոչ միայն հայկականներն էին տարբերակվում, այլև առանձնացվում էին ըստ նախարարական տների և նահանգների:
Այսպիսով դեպի Երուսաղեմ հայոց ուխտագնացության ժամանակագրությունը սկիզբ է դրել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ապա այն շարունակել են մեր Թարգմանիչ վարդապետները, եկեղեցու հայրերը, հայոց արքաներն ու իշխանները, ինչպես նաև հայ ժողովրդի մնացյալ խավերն ու դասերը` կազմելով հայոց ուխտագնացության ոսկե շղթան, որը շարունակվում է առ այսօր: 


Մայիսի 22-ին այս ոսկե շղթայի շարունակողները եղան Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքի հավատացյալները Տեր Եսայի քհն. Արթենյանի առաջնորդությամբ: Ուխտավորներից առաջին անգամ էին Երուսաղեմ գնում Աննան և Սուսաննան, որոնց ոգևորությունը մեծ էր: Մինչ մեկնելը Սուսաննան ասաց. «Երբ առաջին անգամ լսեցի, որ Արարատյան թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ, ուրախալի զգացողություն ունեցա, որ կա հնարավորություն Հայաստանից էլ մեկնել Սուրբ Երկիր: Ամուսնուս հետ որոշեցինք, որ առաջիկա ուխտագնացությանը մենք էլ կմասնակցենք: Ցանկացած  հայ քրիստոնյա, իմ կարծիքով, պետք է լինի Երուսաղեմում, անցնի այն ճանապարհներով, որով անցել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Ես հավատում եմ Աստծուն, Նրա գոյությանը: Այդ պատճառով էլ ուզում էի տեսնել այն, ինչ գրված կա Աստվածաշնչում, լինեի բոլոր այն սրբավայրերում, որ կապված են մեր Տիրոջ հետ, Սբ. Հարության տաճարում, Ազգերի և Սբ. Աստվածածնի եկեղեցիներում, որ ձիթենիների այգում է: Եվ քանի որ մենք վեց տարի է ինչ ամուսնացած ենք և բալիկ չունենք, բազմազան տարբերակները երեխա ունենանալու մի կողմ թողնելով, ավելի շատ հավատում ենք Աստծուն և հույս ունենք, որ Իր կամքով մեզ բալիկ կպարգևվի: Այդ պատճառով որոշեցինք ուխտի գնալ Երուսաղեմ` հույս ունենալով, որ մեր նպատակը հաստատ կիրականանա»:


Իսկ Աննան կարծում է, որ յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է գնալ  Երուսաղեմ: Վաղուց է նպատակ ունեցել գնալ Երուսաղեմ, սակայն դա հիմա է հնարավոր դարձել իրականացնել: Ապա Աննան ավելացրեց. «Դեպի Սուրբ Երկիր գնալու գաղափարը, երբ հասունանում է, պետք է գնաս: Ինձ մոտ հիմա այդ պահն է, ես ինքս աստվածաբանական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից եմ եղել: Այն ժամանակվանից էի դեռևս ուզում գնալ, չէր ստացվում: Վեց տարի Աստվածաշունչը ուսումնասիրելուց հետո, այս մեկ ամսում նորից եմ ամբողջը կարդացել, և լրիվ այլ ընկալունակությամբ»:


Իսկ թե որքանո՞ վ է կարևոր քրիստոնյայի համար Երուսաղեմ ուխտի գնալը Տեր Եսայի քհն. Արթենյանն ասաց. «Հավատքն է, որ առաջին հերթին առաջնորդում է քրիստոնյային գնալ որևէ սրբավայր ուխտի և առավել ևս դեպի Երուսաղեմ` հաղորդակցվելու Սուրբ վայրերի հետ, որոնք անմիջապես կապ ունեն Հիսուս Քրիստոսի տնօրինական խորհուրդների և երկրային կյանքի տարիների հետ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյայի համար շատ կարևոր է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ լինել Երուսաղեմում, որովհետև դա այն վայրն է, ուր մարդն իր բոլոր հոգևոր հարցերի պատասխանը ինքնըստինքյան գտնում է` առանց գրքերը պրպտելու կամ ընթերցանությամբ, այլ պարզապես լինելով Երուսաղեմում: Այսինքն, ամբողջ Ավետարանական պատմությունները վերաիմաստավորվում են և մարդու մտքում ամբողջական շղթա կազմում, երբ մարդն իր աչքերով գործնականում տեսնում է, թե որտե՞ղ ծնվեց Քրիստոս, որտե՞ղ մկրտվեց, խաչվեց, հարություն առավ և համբարձվեց, որտեղի՞ց ձերբակալեցին և ո՞ւր տարան, որտե՞ղ էր Կայիափայի տունը: Այստեղ ամեն տեսակ հարց դառնում է անիմաստ, ամեն կասկած վերանում է: Մարդն Ավետարանական իրականության իրողությունների մեջ է և այս իմաստով շատ կարևոր է քրիստոնյայի համար լինել Երուսաղեմում»:


Հետաքրքրությունն ու հնարավորությունը ճամփորդել սիրող անձի ուղին կարող են որևիցե մի օր ուղենշել դեպի Սուրբ Երկիր` Երուսաղեմ: Այն հարցին, թե նման մարդկանց հետաքրքրությունը կարո՞ղ է շրջադարձային լինելով վերածվել հոգևոր կյանքում լուրջ փոփոխությունների, Տեր Եսային պատասխանեց. «Եղել են նաև ուխտավորներ, ովքեր պարզապես հետաքրքրությունից ելնելով են այցելել Երուսաղեմ` որպես հերթական երկիր, և գրեթե բոլոր դեպքերում նրանք փոխվել են, որովհետև հնարավոր չէ լինել Հարության տաճարում, Քրիստոսի գերեզմանում, վկա լինել, որ գերեզմանը թափուր է և մնալ նախկին մարդը»:


Հայաստան վերադարձից հետո Աննայի և Սուսաննայի ոգևորությունը կրկնապատկվել էր և գուցե նաև եռապատկվել:
-Աննկարագրելի հաճելի օրեր եմ անցկացրել Երուսաղեմում։ Աստծուն այդքան մոտ լինելով` մի ուրիշ հանգստություն ես զգում։ Ամեն մի սրբավայր այցելելուց և Աստվածաշնչյան պատմություններն ընթերցելուց հետո մարմինս փշաքաղվում էր այն զգացումից, որ իրո´ք, սա իրականությո´ւն է, և ես այն վայրերում եմ, որտեղ եղել է Հիսուս Քրիստոսը։ Մեր տասնօրյա ծրագիրն այնքան հետաքրքիր էր և հագեցած, որ աննկատ շատ արագ անցան այդ «երկնային» օրերը։ Մեր խմբի յուրաքանչյուր անդամից ինչ-որ բան էինք սովորում, կիսվում։ Բուրիկ տատիկը, ում մասին չեմ կարող չպատմել, մեր խմբի ուրախությունն էր։ Թեև 84 տարեկան է, բայց իրեն երիտասարդ էր զգում։ Ամբողջ կյանքում երազել էր Երուսաղեմում լինել։ Եվ ես ողջունում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր նրան հնարավորություն էին ընձեռնել լինել Երուսաղեմում։ Ամեն մի սրբավայր մտնելուց նա աղոթում էր նաև մեզ համար: Երբեք չեմ մոռանա Հարության տաճարում մեր անցկացրած այդ երկնային ու խորհրդավոր գիշերը: Հիսուսի գերեզմանում մենք ամուսնուս հետ աղոթեցինք, որ Աստված մեզ զավակ պարգևի։ Իսկ հաջորդ օրը, երբ եղանք Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում և հայր սուրբը պատմեց ձիթենու ծառի և նրա պտղաբերություն պարգևող պտղի մասին, ես խնդրեցի, որ այդ պտուղներից մեզ էլ տան։ Ապա Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցում պատարագից հետո, ես և ամուսինս աղոթքով և հավատով ճաշակեցինք ձիթենու պտուղները։ Մեծ հույսով և հավատով սպասում ենք այն հրաշքին, որ Աստված հաստատ կպարգևի մեզ։ Իսկ Գալիլեայում մեր ամուսնությունն օրհնվեց, և մեր սերն ու միությունն այդ սուրբ վայրում հաստատվեց,- պատմում էր Սուսաննան:


Աննան դժվարանում էր իր տպավորությունները բառերով արտահայտել: Բայց ամեն դեպքում փորձեց. «Ես այստեղ` Հայաստանում էլ եմ աշխատում լրացնել հոգևոր բացերը, անմասն չմնալ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից դարեր ի վեր փոխանցված մեր հայրերի հոգևոր արժեքներից, սակայն պետք է նշեմ, որ Երուսաղեմում ես  լցրեցի իմ մեջ գոյացած մի մեծ անդունդ, ինչ-որ մի պակաս, ստացա դրական մեծ լիցքեր, որը բերեցի ինձ հետ Հայաստան և փորձում եմ այդ լույսով կիսվել նաև իմ հարազատների, ընկերների ու բարեկամների հետ: Կարծում եմ, որ շատերին եմ «վարակել» այդ հոգևոր, անբացատրելի լույսով, և դեռևս մոտ ապագայում շատ ավելի ուխտավորներ ենք ունենալու դեպի Երուսաղեմ, ինչպես նաև դեպի հայոց մյուս սրբավայրեր:


Ի վերջո, իմ մեծ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել Տեր Եսայի քհն. Արթենյանին, ով իր իմացությամբ և հոգատարությամբ լրացրեց մեր ուխտագնացությունը, ով եղավ մեզ ընկեր և եղբայր, ինչպես նաև զավակ` մեծահասակների համար»:
Հայ ուխտագնացության պատմության փորձը ցույց է տալիս, որ Երուսաղեմ մեկ անգամ ուխտի գնացողը դարձյալ է գնացել և այն էլ մի քանի անգամ: Սուսաննային մտորելու առիթ էր տվել այն, որ իրենց խմբից շատերը երկրորդ, երրորդ անգամ են ուխտի գնում Երուսաղեմ: Բայց նա իր հարցի պատասխանը ստացավ Սուրբ Երկիրը տեսնելուց և զգալուց հետո: «Ուզում եմ կրկնվի այն զգացողությունը, ինչ ունեցել եմ յուրաքանչյուր սրբավայր մտնելուց, կրկին տեսնել, լսել և ավելի մոտ լինել Աստծուն: Կցանկանամ, որ ինձ շրջապատող յուրաքանչյուր մարդ գա և տեսնի այն, ինչ ես եմ տեսել, զգա և ունենա այն զգացողությունները, ինչ ես եմ զգացել»,- ավելացրեց Սուսաննան:


«Եղել եմ շատ երկրներում, ծանոթացել տարբեր ազգերի հոգևոր և մշակութային արժեքներին, սակայն մտածել եմ ոչ թե ևս մեկ անգամ վերադառնալ տվյալ երկիրը, այլ ճանապարհորդել այլ երկրներ և տեսնել մեկ ուրիշը: Դեռևս առաջին օրերին էր, որ Երուսաղեմում էինք, նոր-նոր էինք ծանոթանում սրբավայրերին, հոգևոր և մշակութային արժեքներին, երբ հասկացա, որ մեկ անգամը բավարար չէ ընկալելու, հասկանալու, միահյուսվելու այդ ամենին, և ես վերադառնալու եմ այստեղ կրկին: Ինչ-որ ներքին զգացում տանում է քեզ դեպի այնտեղ, ասես քո մի մասնիկն այնտեղ ես թողել ու պետք է վերադառնաս, որպեսզի լրացնես քեզ»,- ասաց Աննան:


Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը, հունաց պատրիարք Մոդեստոսի թղթին պատասխանելով, գրել է հայ ուխտավորների մասին`  ասելով, թե ուխտագնացությունների ընթացքում նրանք «մոռանում էին բոլոր վշտերը և այս աշխարհի տրտմությունները»: Արդյո՞ք, այսօր էլ հայ ուխտավորը նույն զգացումն է ունենում:
«Ես կարծում եմ, որ միանշանակ պահպանվում է այդ զգացումը, ոչինչ գրեթե այդ իմաստով չի փոխվել նախկինում և այսօր, որովհետև Երուսաղեմում ամեն ինչ` կենցաղային հոգսեր, խնդիրներ դառնում են երկրորդական: Սուրբ Երկրում հավատացյալին առաջնորդում է իր սիրտը և ոչ թե բանականությունը, միտքը: Եվ ուխտավորի մոտ անընդհատ ներքին պայքար կա` սիրտը հնարավորինս լայն բաց անելու, որովհետև սրբավայրերը և նրանց հետ կապված պատմությունները հնարավոր չէ բանականությամբ ընկալել: Պետք է մարդու սիրտը բաց լինի, որովհետև դրանք կենդանի Աստվածային հայտնություններ են մեր կյանքում, իսկ Աստվածային ցանկացած հայտնություն ոչ թե բանականությամբ պետք է ընկալել, այլ սրտով»,- ասաց Տեր Եսային:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2941
2013.06.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.