Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Եպիփան Կիպրացու, Բաբելաս հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օր

Սուրբ Եպիփան Կիպրացու, Բաբելաս հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օր

Սուրբ Եպիփանը Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնելի համաքրիստոնեական սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով: Նա Կիպրոսի Սալամինա քաղաքի (կոչվում էր նաև Կոստանցա) եպիսկոպոսն էր: Ծնվել է 315թ-ին, բնիկ փյունիկեցի էր, ազգությամբ հրեա, Ելևթերոպոլիս քաղաքից: Պատանեկան տարիներին ուսանել է հրեական գիտությունն ու ավանդությունները, ձեռք բերել բազմակողմանի գիտելիքներ, տիրապետել եբրայերենին, ասորենենին, հունարենին, լատիներենին: Քրիստոնյա միայնակյացների կյանքից խորապես տպավորվելով` մկրտվեց, և իր սրբակրոն կյանքով պատկառելի դարձավ: Սուրբ Եպիփան Կիպրացին աչքի է ընկել բացառիկ աղքատասիրությամբ, անապատական պարզ, խստաբարո կենցաղավարությամբ, եղել վանական-ճգնավորական շարժման հռչակավոր ներկայացուցիչներից: Նիկիական դավանության ջերմ պաշտպան լինելով` ամբողջ իր կյանքի ընթացքում եղել է զորավոր ախոյան հերետիկոսների և հերձվածողների: Այս իսկ պատճառով իր մատենագրական գլխավոր երկն է «Հերքումն ամենայն հերետիկոսութեանց»: Այս գրքում մեկ առ մեկ հիշվում և հերքվում են Քրիստոնեական Եկեղեցու մեջ ծնված բոլոր աղանդները սկզբից մինչև իր օրերը: Անդադար գրել և քարոզել է իր դարի և նախընթաց դարերի հերետիկոսության, մասնավորապես Արիոսի  հետևողների դեմ: Նրա  բազմաթիվ  գործեր և մեկնաբանական  ճառեր թարգմանվել են հայերեն: Մահացել է առաջացած տարիքում, 403թ-ին:


Բաբելասը Անտիոքի եպիսկոպոսն էր Նոմերիանոս կայսեր օրոք (283-284թթ.): Երբ վերջինս Անտիոքում  կուռքերի մեհյաններին   զոհ մատուցեց, ցանկացավ մտնել Աստծո եկեղեցի` արհամարհելու քրիստոնեական սուրբ պաշտամունքը: Հավատացյալները երբ իմացան, որ կայսրը  եկեղեցի է գալիս, շփոթվեցին և ցանկացան փախուստի դիմել: Բաբելասը, նրանց հանդարտեցնելով, թույլ չտվեց ոչ ոքի եկեղեցուց դուրս գալ: Կանգնեց եկեղեցու մուտքի մոտ և  արգելեց կայսրին  մտնել եկեղեցի` ասելով.
- Արժանի չես պիղծ ձեռքերովդ, որոնք շաղախված են կուռքերի զոհի արյունով, Աստծո եկեղեցին մտնել:
Կայսրը զայրացած հրամայեց շղթայել,  քարշ տալ քաղաքի մեջ և հետո բանտ նետել: 


Բանտում Բաբելասին այցելեցին իր երեք պատանի աշակերտները, որոնց աստվածպաշտությամբ դաստիարակել էր սուրբ հայրապետը: Նոմերիանոսը, լսելով նրանց այցելության մասին, հրամայեց մանուկներին և նրանց մորը իր մոտ բերել: Փորձեց նրանց համոզել վերադառնալ կռապաշտության: Սակայն թե՛ տղաները և  թե՛ մայրը քրիստոնեական կրոնի հետ իրենց կապը հաստատեցին վճռականորեն:  Այդ ժամանակ կայսրը զայրանալով հրամայեց, որ յուրաքանչյուրին մտրակեն իրենց  տարիքի թվի համաձայն. մեկին հարվածեցին տասներկու, երկրորդին` ինը, իսկ երրորդին` յոթ անգամ: Նրանք մի մարդու պես ասացին. «Օրհնյալ է Աստված, որ Նրա համար չարչարվում ենք»: Կայսրը փորձեց այլ միջոցների դիմել և ասաց նրանց. «Որդյակնե՛ր, համաձայնվեք և բազում պատիվներ կշնորհեմ ձեզ, որ ուրիշ մեկը չի կարող»: Իսկ նրանք միաձայն ասացին. «Խորամանկ և նենգավոր, մեզ մահ մի՛ նյութիր, քանի որ քո բոլոր շնորհները լի են գեհենի պատվով: Երբ որ մեր վարդապետը տերունական կնիքը տվեց մեզ` կատարյալ դարձանք և մեզնից վանեցինք չար խորհուրդները, և հաղորդվեցինք հաստատուն կերակրին. պատրաստ ենք մեռնելու Քրիստոսի անվան համար»: Այս անգամ  էլ կայսեր ջանքերը զուր անցան նրանց  տարհամոզելու:


Երբ Բաբելասին Նոմերիանոսի մոտ բերեցին, վերջինս ասաց. «Ինչո՞ւ այս երեք մանուկները ամեն ինչով քեզ են նման»: Բաբելասն ասաց. «Աղոթքով խնդրում եմ, որ ամբողջապես ինձ նման լինեն, բացի իմ մեղքերից»:
Ի վերջո կայսրը փորձեց ստիպել Բաբելասին զոհ մատուցել կուռքերին` սպառնալով չարչարել և անգամ մահապատժի ենթարկել: Սակայն հայրապետը  համարձակ հայտարարեց իր հավատքը Քրիստոսի հանդեպ: Չորսին էլ երկար տանջելով` նահատակեցին: Մահից առաջ երանելին և իր երեք պատանի աշակերտները` Որբանոսը, Պռիլիդիանոսը և Եպողոնիոսը, սաղմոսում էին. «Փրկեցիր մեզ մեր թշնամիներից և մեր ատելիներին ամոթահար արեցիր» (Սաղմոս 43.8):
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Եպիփան Կիպրացու, Բաբելաս հայրապետի և իր երեք աշակերտներին հիշատակում է Հոգեգալստյան տոնի 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

                
Սկզբնաղբյուրներ`
1. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, «Համաքրիստոնէական սուրբեր», 1997թ.
2. «Քրիստոնյա Հայաստան»  հանրագիտարան, 2002թ.
3.Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք եւ տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ», 1981թ.
4. Վարք Սրբոց Ա, Սբ. Էջմիածին, 2009թ.

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 4943
2013.06.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.