Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> «Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան»

«Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան»

Այս խոսքերն ասաց Սուրբ Մարիամ Աստվածածինը, երբ այցելել էր իր ազգականուհուն`Եղիսաբեթին`Սուրբ Հովհաննես Մկրտչի մորը (Ղուկաս 1.48): Ընդհանրական Եկեղեցին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մասնավորապես առանձնահատուկ հարգանք, սեր և ակնածանք են տածում Սուրբ Կույսի հանդեպ: Գաբրիել հրեշտակապետը այսպես է ողջունել Սբ. Կույսին. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում» (Ղուկաս 1.42):


Այս տարի` հունիսի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Կույսին նվիրված տոներից մեկը` տուփի գյուտի տոնը: Աստվածամոր հանդեպ իր ակնածանքը Հայ եկեղեցին արտահայտել է Սուրբ Կույսին նվիրված յոթ տոներով, նրան ուղղված բարեխոսական մաղթանքներով, ինչպես նաև շարականներով, տաղերով, գովաբանական ճառերով:

Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից Սուրբ Եփրեմ Ասորին հետևյալ գովաբանական ճառն ունի ուղղված Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին.  «Սիրելինե՛րս, մեծ զարմանք է ապրում յուրաքանչյուր մարդ, ով սկսում է խորհրդածել այն հրաշքի մասին, թե ինչպես Աստված ցած իջավ և մայրական արգանդում բնակություն հաստատեց, և թե ինչպես Աստվածային Էությունը մարդկային մարմին առավ և չխորշեց ինը ամիս որովայնի մեջ բնակվելուց, և որ որովայնը, մարմին լինելով, կարող էր իր մեջ բնակեցնել հուրը, որ թույլ որովայնում բնակվեց և չայրեց այն: Ինչպես Քորեբում մորենու  բոցն էր իր մեջ ընդգրկում Աստծուն, այդպես և Մարիամն իր որովայնում կրեց Քրիստոսին: Լսելիքի միջոցով Աստված մտավ որովայնը, և այնտեղից աստվածամարդը մաքուր աշխարհ եկավ:


Կույսն իր որովայնում հղացավ Աստծուն, կուսության հետ իր մեջ կրեց անսերմին, և անսերմ որդին խայտաց` դառնալով կուսական որովայնում մարմին: Երկրածինների մեջ Աստված նոր հրաշք կատարեց. և՛ Ինքը ծնվեց անիմանալի ամուսնուց,  և՛ Նրա մարգարեն ծնվեց ոչ բնական կարգով: Նա երկինքն Իր թզաչափերով չափեց և տեղավորվեց երկրային թզաչափով չափվող երկարությամբ մսուրում: Նա ցողն իր բռերով էր չափում, և Ինքը քարանձավում ծնվեց: Երկինքը լցված է Նրա փառքով, և մսուրը լցված է Նրա մեծությամբ: Մովսեսը ցանկանում էր տեսնել Նրա փառքը և չտեսավ այն, ինչպես որ ինքն էր ցանկանում այդ: Այժմ թող գա և տեսնի Նրան, Ով մսուրի մեջ է խանձարուրով փաթաթված: Այն ժամանակ մարդը չէր կարող տեսնել Աստծուն և կենդանի մնալ: Հիմա ով տեսնում է Նրան` կփրկվի երկրորդ մահից: Մովսեսը կանխագուշակեց այս գաղտնիքը, որովհետև տեսավ հուրը ընդերքում: Մոգերը տեսան խորհրդի կատարվելը, որովհետև տեսան լույսին` խանձարուրի մեջ փաթաթված: Մի ձայն Մովսեսին մորենու միջից ասաց. «Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»: Աստղը լուռ ուղղություն ցույց տվեց մոգերին, որպեսզի գնան սուրբ վայրը:


Մովսեսը դեմ առ դեմ չի տեսել Աստծուն: Մոգերը եկան և տեսան Աստծուն մարդու պատկերով: Ե՛վ այն, և՛ այս քարանձավը նման են իրար, նաև Մովսեսն էր նման մոգերին: Լսողը կասի, թե ի՞նչ համեմատություն կարելի է անել Մովսեսի` մարգարեների առաջնորդի, և մոգերի` պարսիկ իշխանների միջև: Լսողի այս կասկածները ցրում է Աստված` տարակույսներ վճռող իմաստունը: Եթե Նա նախօրոք չընտրեր մոգերին` Իր քարոզիչները լինելու, ապա անմաքուրների ձեռքից չէր ընդունի ընծաներ: Մովսեսի դեմքը լույս էր ճառագում, քանի որ նրա հետ Աստված էր խոսում, և նրա դեմքին քող էր գցված, որովհետև ժողովուրդը նրա վրա չէր կարող նայել: Այդպես մեր մարդացած Տերն Իրեն ծածկեց մարմնի քողով, դուրս եկավ որովայնից ու հայտնվեց, և մոգերը տեսան, ընծաներ բերեցին Նրան: Երկրի վրա մեծ հրաշք տեղի ունեցավ, դեպի երկիր խոնարհվեց բոլորի Տերը, Աստված մարդացավ, զառամյալը նորածին դարձավ, Աստված նմանվեց ծառայի և թագավորի որդին` մուրացկանի: Բարձրագույն Էությունն անարգեց Իրեն և ուրախացավ մեր բնության մեջ, և ինչ որ խորթ էր Նրա Էությանը, Նա բոլորիս համար Իր վրա վերցրեց մեզնից: Ո՞վ ուշադրության չի արժանացնում այս հրաշքը. Աստված գալիս է, որ ծնվի, ո՞վ զարմանք չի ապրում տեսնելով, որ ծնվում է հրեշտակների Տերը: Առանց հարցասիրության հավատա´ և հաստատվի´ր, որովհետև դա իսկապես այդպես է: Ձեր հայացքները, սիրելինե՛րս, դարձրեք Մարիամին: Ահա նրա մոտ է գալիս Գաբրիելը, և կույսը հարցնում է նրան, թե` ինչպե՞ս դա կպատահի ինձ:


Սուրբ Հոգու ծառան Մարիամին ասում է, որ Աստծո համար անկարելի ոչինչ չկա: Մարիամը հավատաց լսածին և ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»: Եվ այդժամ Բանը խոնարհվեց, և ինչպես միայն իրեն էր հայտնի, մտավ Մարիամի մեջ և բնակվեց նրանում, և նա չզգաց այդ: Ոչինչ չկրելով` ընդունեց Նրան, և տիեզերքի Արարիչը բնակվեց նրա որովայնում իբրև նորածին: Նա նվաստացրեց Իր անձը, որպեսզի նորոգի հին Ադամին: Երբ լսում ես Աստծո ծննդյան մասին, լո՛ւռ ունկնդրիր, և մտքով դատիր այն մասին, ինչ ասաց Գաբրիելը: Ամենակալ Աստծո համար անհնարին ոչինչ չկա, որ մեզ համար խոնարհվեց երկրին և ծնվեց մեր մեջ` մեզանից: Այսօր մեզ համար Մարիամը երկինք դարձավ, Աստվածային աթոռ, որովհետև իջավ և նրա մեջ բնակվեց բարձրագույն Աստվածությունը: Որպեսզի մեծարի մեզ, աստվածությունը նրա մեջ նվաստացավ` չնվաստանալով Իր Էությամբ:


Նրա մեջ զգեստավորվեց մարմնով մեզ համար, որպեսզի մեզ հասցնի Նրա փրկությունը: Մարիամի վրա կատարվեցին մարգարեների և քարոզիչների մարգարեությունները, նրանից մեզ համար շողշողաց լույսը, որ ցրեց հեթանոսության խավարը: Շատ են Մարիամի անունները, և ինձ համար առավել փափագելի է նրան հետևյալ անուններով ողջունել` տաճար, որի մեջ բնակվեց թագավորների Թագավորը և նրանից դուրս եկավ ոչ այնպիսին, ինչպիսին մտել էր, քանզի դուրս եկավ մարմին առած: Նա նաև նոր երկինք է, որովհետև նրա մեջ փայլատակեց Նա և աշխարհ եկավ Նրա պատկերը վերցրած, Նրա նմանությամբ մարմնավորված: Նա խաղողի որթատունկ է, աճած ողկույզ: Նա բնական օրենքով չտվեց այս պտուղը, իր մեջ մարմնավորվածն իբրև պտուղ իրենից հայտնվեց: Նա ակունք է, որովհետև կենդանարար ջուրը նրանից բխեց ծարավածների համար, և այս ջուրը խմողները տալիս են հարյուրապատիկից ավելի պտուղներ: Այս օրը նման չէ աշխարհի արարման օրվան. այն օրը ստեղծվեցին արարածները, այսօր` նորոգվում է երկինքը և օրհնություն է ստանում Ադամի համար, որի պատճառով անիծված էր: Ադամն ու Եվան իրենց պատվիրանազանցությամբ աշխարհ բերեցին մահը, սակայն Տերը Մարիամից մեզ նոր կյանք պարգևեց:


Սատանան օձի միջոցով Եվայի լսելիքի մեջ թափեց իր թույնը, իսկ բարերար Տերը խոնարհեցրեց իր շնորհները և Մարիամի լսելիքի միջոցով մտավ նրա մեջ: Նույն դռնով, որ մտել էր մահը, մտավ նաև կյանքը, որ ոչնչացրեց մահը: Քերովբեների կողմից տարվողին Մարիամի ձեռքերն են տանում, անպարփակելի Աստծուն ամփոփում և գրկում է Մարիամը: Թագավորը, որի առջև հրեղեն և հոգեղեն էակները սարսռում են, անկողմանում է կույսի կրծքին, որը համբուրում և հագցնում է նրան ինչպես նորածնի: Նրա փառքի աթոռը երկինքն է, իսկ Նա քնում է Մարիամի ծնկներին: Նրա ոտքերի տակ երկիրն է, իսկ Նա նորածնի ոտքերով քայլում է նրա վրայով: Իր բռերով է Նա չափում աճյունափոշին, որի վրա քայլում է իբրև նորածին: Երանելի է մարդը, որ Նրա ծնվելով վերստացավ իր կորցրած փառքը: Ո՞վ է երբևէ տեսել, որ մարմինն իբրև հագուստ ծառայի Նրան, Ով ստեղծել է այդ մարմինը: Ո՞վ է տեսել, որ հուրը ծածկված լինի խանձարուրով, ահա թե որքան նվաստացրեց Աստված Իրեն հանուն Իր ծառայի: Ծառան հպարտացավ և կործանիչ սատանայի խորհրդով խախտեց պատվիրանը, սակայն պատվիրան տվողը նվաստացրեց Իրեն, որպեսզի բարձրացնի մեզ: Փա՜ռք վերին մարդասիրությանը, որ խոնարհվեց երկրայինների առջև, որպեսզի հիվանդ աշխարհը բժշկվի արարածների մեջ հայտնված բժշկի միջոցով, որին վայել է փա՜ռք, Հոր և Սուրբ Հոգու հետ բոլոր ժամանակներում և ամենուր հավիտյանս հավիտենից. Ամեն»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5060
2013.06.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.