Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Ինչո՞ւ է <<Կյանքի խոսքը>> աղանդ

Ինչո՞ւ է <<Կյանքի խոսքը>> աղանդ

<<Կյանքի խոսք>> աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը:
Այսօր շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է աղանդ համարվում, չէ՞ որ նույն բանն է քարոզում, ինչ Հայ եկեղեցին: Քարոզում է սեր, առաքինություն, բարություն և այլն: Այս հարցին ի պատասխան առաջանում է մեկ այլ` պարզ տրամաբանական հարց. <<Իսկ չարը, որ գալիս է, ասո՞ւմ է ես չարն եմ, սատանան, հետևեք ինձ>>, թե՞ ներկայանում է, որպես սուրբ, բարի, առաքինի: Բնական է, որ պիտի ասեն մենք նույն բանն ենք քարոզում, ոչ մի բանով չենք տարբերվում հայ եկեղեցուց: Ուրեմն հարց տանք. <<Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք, ինչո՞ւ եք առանձին գործում, ինչո՞ւ եք վերամկրտում հայ եկեղեցում մկրտվածին>>:
Հաճախ ենք լսում այսպիսի արդարացում. <<Մենք ընդունում ենք Սուրբ Երրորդությունը և եթե ընդունում ենք այն, ապա աղանդ չենք>>: Մարդիկ զարմանում են. <<Մի՞թե Սբ. Երրորդությունը ընդունողին կասեն աղանդավոր, սա անտեղյակություն է, կամ էլ չգիտեն եկեղեցու պատմությունը>>: Ի դեպ, սկսենք պատմությունից ու հասկանանք, թե ո՞վ չգիտի կամ չի ուզում իմանալ պատմությունը:
Ավետարանը վկայում է, որ Քրիստոս իշխանություն տվեց իր աշակերտներին մեղքերին թողություն տալու, դևեր հանելու, բժշկելու և մկրտելու: (Ղուկաս 9:1, Մատթ. 16:19): Շատ կարևոր փաստ է, իշխանություն տրվեց բացառապես ձեռնադրությամբ և միայն առաքյալներին: Ավետարանում չկա ոչ մի դեպք, երբ մարդը դառնում է քարոզիչ կամ հովիվ` առանց ձեռնադրության: Քրիստոս իր աշակերտներին ձեռնադրեց, (Ղուկաս 24:50-51) աշակերտներն էլ իրենց հերթին ձեռնադրեցին սարկավագների, երեցների ու հովիվների (Գործք 6:5-6, Գործք 28:8-9): Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:
Ոմանք հիշում են Պողոս առաքյալին և մատնացույց անում, թե ինչպես Պողոսը տեսիլք տեսավ ու տեսիլքով դարձավ առաքյալ, սակայն Գործ Առաքելոցի տվյալ հատվածը ուշադիր և մինչև վերջ կարդալու դեպքում, տեսնում ենք, որ Պողոսը ձեռնադրվեց Անանիա առաքյալի կողմից (Գործք 9:1-19): Բոլոր աղանդների հիմնադիրները <<տեսիլքով>> են ստանում իրենց <<կոչումն>> ու <<իշխանությունը>> ի տարբերություն ավետարանական վերոհիշյալ սկզբունքի, հանդես գալով պարզապես ինքնակոչ քարոզիչներ, ովքեր ոչ մի իշխանություն էլ չեն ստացել, ինչը պահանջում է ուղղափառ դավանանքը: Սա արդեն լուրջ պատճառ է նրանց աղանդ համարելու:
Գալով Սբ. Երրորդության բանաձևին: Ասում են` մենք ընդունում ենք Սբ. Երրորդությունը: Սատանան էլ է ընդունում Ս. Երրորդությունը, նա գիտի, որ այն կա, հետո՞ ինչ: Ասել, թե ես ընդունում եմ Սբ. Երրորդությունը, նշանակում է ոչինչ չասել, քանի որ այսքանը բավական չէ: Սբ. Երրոդությունը ոչ թե պետք է ընդունել, այլ դավանել, ճանաչել ըստ Ս. Գրքի հայտնությունների, այլ ոչ թե սեփական <<հայտնությունը>> հորինել, ինչպես անում են <<Կյանքի խոսք>> աղանդում: Խոսքս լեզվախոսության մասին է, ինչն ամբողջությամբ հակառակ է Ավետարանական ուսուցումներին և ուղղափառ դավանանքին: Ավետարանն ասում է, որ Աստված Ինքն է տալիս շնորհներ, այնպիսի շնորհներ, ինչպիսիք Ինքն է կամենում (Ա. Կորնթ. 12:4-11), սակայն <<Կյանքի խոսքի>> հետևորդները անպայման Աստծո առաջ պայման են դնում, թե ինձ լեզուներով խոսելու շնորհը տուր, քանի որ ըստ իրենց, եթե դու լեզուներ չես խոսում, ապա Սբ. Հոգի չունես: Սա էլ լուրջ հիմք է ասելու, որ Ս. Երրորդությունը ընդունում են այնպես, ինչպես իրենց է հարմար, այլ կերպ` ինչպես սատանան է ընդունում: Ի դեպ, <<Կյանքի խոսք>> աղանդը հայտարարում է, որ գործում է բաց ու թափանցիկ, սակայն իրենց եթերներին հետևելով երբեք չես տեսնի, թե ինչպես են էքստազի մեջ ընկած լեզվախոսությամբ բարբաջում, սա թաքցնում են հասարակությունից: Գուցե լա՞վ են հասկացել Պողոս առաքյալի խոսքը. <<…պատկերացրեք, որ ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, և բոլորն էլ սկսեն խոսել լեզուներով. եթե պատահի, որ անհավատներ կամ անտեղյակ հավատացյալ ներս մտնեն, չե՞ն ասի` գժվել եք…>> (Ա Կորնթ. 14: 1-25):
<<Կայնքի խոսք>> աղանդը մերժում է Մյուռոնը, ինչն Աստվածաշչային հիմք ունի ( Ծննդ. 28:18, Սղմ. 22:5, Ամովս 6:6):
Այս կազմակերպությունը մերժում է նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Վերնատունը եղավ առաջին եկեղեցի-մատուռը, ուր հավաքվում էին առաքյալները:
Այս կազմակերպությունում մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները:
Մերժում են սրբերի բարեխոսությունը: Մերժում են սրբազան ավանույթը, ինչի մասին վկայում է Պողոս առաքյալը (Բ Տիմոթ. 1:13-14), ասելով, որ ավանդույթը սուրբ պահեք:
Կարելի է այս շարքը շարունակել, սակայն այսքանը բավական է ցույց տալու համար, որ իրականում <<Կյանքի խոսքը>> տարբեր է Հայ եկեղեցուց և այդ տարբերության արդյունքում համարվում է աղանդ, այսինքն շեղված ճշմարիտ ուղղուց:
Քրիստոսի եկեղեցու ճշմարտությունը առաքելական դավանանքի մեջ է: Եկեղեցին հաստատեց Քրիստոս և Իր առաքյալները շարունակեցին այդ նվիրական առաքելությունը: <<Կյանքի խոսք>> աղանդը ոչ մի կապ չունի առաքյալների հետ: Ո՞վ է ստեղծել այդ <<եկեղեցին>>... Քրիստոսի առաքյալնե՞րը. բնականաբար` ոչ, սովորական մարդի՞կ. այո: Եթե այդպես է, եկեք վաղը ես և դուք մի եկեղեցի <<բացենք>>, նույն Աստվածաշնչով, դավանանքով, Սբ. Երրորդության <<հավատքով>>, ի՞նչն է մեզ խանգարում նման եկեղեցի բացել: Ասել, որ ես Սբ. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված: Իսկ ո՞ւր մնացին հաղորդությունը, ապաշխարությունը, խոստովանությունը, եկեղեցու յոթ խորհուրդները, որոնք հենց Քրիստոս է հաստատել, Սրբազան ավանդույթը, որ Պողոս առաքյալը պատգամում է սրբորեն պահել:
Պարզապես աղանդներում հեշտ է փրկվել. <<ընդունիր Քրիստոսին քեզ փրկիչ, դու արդեն սուրբ ես>>: Սա է, որ հակասում է Ավետարանին, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավելի դժվար ճանապարհ է առաջարկում (անկեղծ ու գիտակցված ապաշխարություն, զղջում, խոստովանություն, պահեցողություն, աղոթք և այս ամենով լուսավորված ու իմաստավորված քրիստոնեական կենցաղ), որը գուցե ամեն մարդու համար չէ, <<կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ>> (Մատթ. 20:16):

Տ. Եսայի քհն. Արթենյան
Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ

Դիտվել է 5108
2012.03.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.