Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Չորրորդ պատվիրան. Անդրադարձ կյանքի իմաստին` ապրել Աստծով և Աստծո համար

Չորրորդ պատվիրան. Անդրադարձ կյանքի իմաստին` ապրել Աստծով և Աստծո համար

«Քո պատվիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախությունը, ավելի քան ամեն տեսակ հարստության մեջ»  (Սաղմոս 118.14)

«Երանելի է այն մարդը, որ…կամեցավ Տիրոջ օրենքները և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին» (Սաղմոս 1.1-2)


«Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20.8): Աստված չի ասում, որ շաբաթվա օրերի միջև տարբերություն դնենք, այլ պարզապես ասում է, որ վեց օր աշխատենք և յոթերոդ օրը հանգստանանք:  Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն` հեռու մնալ աշխարհիկ գործերից և այդ օրն ամբողջությամբ նվիրել Աստծո փառավորմանը և հոգևոր գործերին: Շաբաթվա մեջ մեկ օրը հանգստանալու և սուրբ պահելու օրինակը մեզ տվել է Աստված, երբ վեց օրում արարեց աշխարհը և յոթերորդ օրը հանգստացավ: Հրեաների համար այդ օրը շաբաթն է, որը նշանակում է «հանգիստ»: Բաբելոնյան գերությունից հետո հրեա դպիրները չափազանց ձևականորեն և խիստ էին բացատրում շաբաթը պահելու հետ կապված պատվիրանը` արգելելով ընդհանրապես որևէ բան անել, անգամ բարի գործեր: Այդ օրը նրանք ոչ միայն չէին աշխատում, այլև կերակուր չէին պատրաստում, կրակ չէին վառում, 2000 քայլից ավելի ճանապարհ չէին գնում: Դպիրներն ու փարիսեցիները մեղադրում էին Հիսուսին և Նրա աշակերտներին «շաբաթ օրը» խախտելու համար (Մատթեոս 12.1-9), նաև, երբ Հիսուս այդ օրը բժշկություններ էր անում (Մատթեոս 12.9-15, Հովհաննես 5.1, Հովհաննես 9.1-34): Այդ պատճառով էլ Հիսուս ասաց. «Շաբաթը մարդու համար եղավ, և ոչ թե մարդը` շաբաթի» (Մարկոս 2.27): Հետևյալ խոսքերը փաստում են, որ շաբաթ օրվա հանգիստը` աշխարհիկ հոգսերից և գործերից հանգիստն է, այլ ոչ թե այդ օրվա ստրուկը դառնալու և զրկվելու բարի գործերից:


Քրիստոնեական կիրակի՞ն, թե՞ մովսիսական շաբաթը. այս հարցը հուզել է անգամ Նախնական եկեղեցուն: Պողոս առաքյալը այս անցումի վառ ներկայացուցիչն էր: Նա փարիսեցի էր և նախանձախնդիր Հին Կտակարանին: Երբ դարձի եկավ, քրիստոնեական նոր աչքերով վերանայեց իր ողջ փարիսեցիական անցյալն ու Հին Կտակարանը և գրեց. «Կարևորություն մի՛ տվեք նրանց, ովքեր ձեզ քննադատում են, թե ինչո՛ւ չեք պահում ուտելու և խմելու, տոնակատարությունների, ամսամուտների և շաբաթ օրերի վերաբերյալ կանոնները. դրանք բոլորը գալիք իրականությունների ստվերն են միայն, իսկ բուն իրականությունը Քրիստոսի մեջ է» (Կողոսացիներ 2. 16-18): Հիսուս եկավ, որ Հինը լրացնի, և այդ լրացումներից մեկն էր շաբաթը`իր ամբողջ էությամբ: Քրիստոնեության մեջ պահպանվեց «շաբաթվա» սկզբունքը`մի օր Տիրոջը նվիրելը, որը և առաքյալները հաստատեցին միաշաբթի օրը, այսինքն`կիրակին (կիրակի բառը ծագում է հունարենից, որ նշանակում է Տիրոջ օր, տերունական): Քրիստոնեական կիրակին այլ նշանակություն ունի, քան հրեական շաբաթը: Քրիստոնյաների կիրակի օրը ոչ թե անգործ մնալու կամ չմնալու օրն է, այլ հոգեկան կազդուրման օրն է: Իսկ թե ինչո՞ւ են քրիստոնյաները շաբաթը տոնում կիրակի օրը, պարզ է դառնում հետևյալ դիտողություններից.

  • Հիսուս կիրակի օրը հարություն առավ (Հովհաննես 20.1),
  • Լույսը առաջին օրը (կիրակի) ստեղծվեց,
  • Հիսուս երևաց իր աշակերտներին առաջին օրը (Հովհաննես 20.19),
  • Առաջին օրը ծնվեց եկեղեցին`Վերնատանը, Հոգեգալստյան օրը (Գործք Առաքելոց 2.1),
  • Առաջին քարոզը դարձյալ կիրակի օրն էր (Գործք Առաքելոց 2.14),
  • Տրովադայում քրիստոնյաները կիրակի օրն էին հավաքվում պաշտամունքի (Գործք Առաքելոց 20.6-7),
  • Պողոսը Կորնթոսի քրիստոնյաներից խնդրում է հանգանակություն անել առաջին օրը`պաշտամունքի ժամանակ (Ա Կորնթացիներ 16.2),
  • Հովհաննես առաքյալի վրա առաջին օրը Հոգին եկավ (Հայտնություն 1.10):


Կիրակին պետք է նվիրել Աստծուն. պետք է գնալ եկեղեցի և մասնակցել պատարագի, տանն աղոթել և հոգևոր ընթերցանությամբ զբաղվել, օգնել աղքատներին ու կարոտյալներին, այցելել հիվանդներին և այլն: Չի կարելի այդ օրն աշխատել առանց ծայրահեղ անհրաժեշտության կամ էլ` ծուլության պատճառով չգնալ եկեղեցի: Այս պատվիրանը խախտում են ոչ միայն նրանք, ովքեր չեն գնում եկեղեցի, այլև նրանք, ովքեր գնում են ակամա, պարտադրաբար կամ ուղղակի հետաքրքրության համար, ովքեր անտարբեր կանգնում են եկեղեցում, բամբասում, շատախոսում, որոնց մտքերը այս ու այն կողմ են թափառում: Այս պատվիրանը խախտում են ոչ միայն նրանք, ովքեր աշխատում են կիրակի օրը, այլ նաև նրանք, ովքեր աշխատանքային օրերին ծուլանում են աշխատել և խուսափում են իրենց պարտականություններից, որովհետև պատվիրանն ասում է` «վեց օր աշխատիր»:
Մեղքի տակ են ընկնում նաև նրանք, ովքեր անտեղի արգելում են իրենց հարազատներին, ենթականներին կամ գործակիցներին եկեղեցի գնալ Տիրոջ օրը` աղոթելու և արարողություններին մասնակցելու:


Հենց այս պատվիրանն է, որին յուրահատուկ զգուշությամբ են վերաբերվում հետևյալ կրոնական կազմակերպությունը`շաբաթապահներ կամ յոթներորդ օրվա գալստականներ (ադվենտիստներ): Շաբաթապահների միակ հիմանվորումը դարձյալ նրանց հիմնադիրներից մեկն` Ուայտն է իր հայտնություններով. նա, իբր, հայտնությամբ տեսել է Տասնաբանյան, ուր միայն չորրորդ պատվիրանն է եղել երկնային լուսապսակով: Այս է ադվենտիստների միակ հիմնավորումը շաբաթը սուրբ պահելու համար: Հետևաբար, Քրիստոսի եկեղեցին, իր արմատներին և Արմատին հավատարիմ մնալով` միշտ էլ Տերունական օրը նշել է կիրակին, իսկ Ուայտի նորամուծությունները` այն փոխելու, ուրիշ բան չեն, եթե ոչ մովսիսականության ներմուծում եկեղեցի, մի բան, որի պատասխանը տվեցին առաքյալները Առաջին ժողովում:


Կիրակին այսօր


Այսօր մեր երկրում հայ մարդու համար ի՞նչ նշանակություն ունի կիրակին:

«Մի կիրակի ունեմ, գոնե մի օր երկար կքնեմ կամ հազար ու մի գործ ունեմ, ո՞նց գնամ եկեղեցի»,-մեծամասամբ այս արտահայտությունն ես լսում:
«Պատարագից հետո գնում եմ տուն և ամեն ինչ էլ հասցնում եմ տեղին և ժամանակին»,- սա էլ տիկին Անահիտն էր ասում այն կանանց, ովքեր ասում էին, թե ինչպե՞ս կարող են եկեղեցի գալ, տանտիկին են, իրենց գործերն ո՞վ անի:
Այս ամենին էլ զուգահեռ մեր աչքից չեն վրիպի մարդաշատ տոնավաճառները, խանութները, որոշ աշխատավայրերը, որ կենսական նշանակություն չունենալով, պարտադիր աշխատում են նաև կիրակի օրը: Այս դեպքում մի շարք հարցերի առջև ես կանգնում` քանի՞ հոգու համար է կիրակին հավասարվել շաբաթվա մյուս օրերին, քանի՞ հոգու համար է կարևոր պատարագին մասնակցելը, այդ օրը Սուրբ Գիրքը ընթերցելը, աղոթելը կամ որևէ բարի գործ անելը, քանի՞սն են ճարահատյալ, իրենց քրիստոնյա հայրենակիցների ավելի մեծ եկամուտ ունենալու ցանկությունից ստիպված, խախտում չորրորդ պատվիրանը: Երբ օտարերկրացին այցելի մի երկիր, որ քրիստոնեությունը առաջինն է պետական կրոն ընդունել, արդյո՞ք օրացույցից դուրս կզատորոշի, թե այդ օրը կիրակի է և հայի համար սուրբ օր: Կարծում եմ, որ այս հարցերը յուրաքանչյուր հայ քրիստոնյա մարդու համար մտորելու, մտահոգվելու և իր կյանքում կիրակիի խորհուրդը վերանայելու և վերականգնելու տեղիք են տալիս:


Օրինակ`Աննայի համար շատ կարևոր է չորրորդ պատվիրանը: «Ամեն շաբաթ որոշում եմ, որ պետք է կիրակի օրը մասնակցեմ պատարագի, սակայն շաբաթն այնքան արագ է անցնում, որ շաբաթվա հոգնածության և տնային հոգսի պատճառով երբեմն ուշանում եմ պատարագից: Ամեն անգամ մտածում եմ, որ այս կիրակին այսպես անցավ, մյուս շաբաթվանից արդեն այլ կերպ կլինի»: Աննան կարծում է, որ դա իր մոտ ժամանակավոր բնույթ է կրում և որ ինքը անպայման կհաղթահարի և կվերականգնի իր օրը` Կիրակին:


«Շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանը մեզ ավելի առաջնորդում է շաբաթվա մեջ այդ մեկ օրը, որ քրիստոնյաներիս համար կիրակին է, ապրել այնպես, կարծես թե Աստծուց բացի մենք ոչինչ չունենք, այսինքն` մեր խնդիրները, հոգսերը, դժվարություններն ու հաջողությունները այդ ընթացքում դառնում են երկրորդական, և ավելի կարևորվում է Աստծո ներկայությունը մեր կյանքում: Եվ Հին կտակարանյան այս պատգամը կամ պատվիրանը հենց դրան էլ ուղղված էր, այսինքն` ամբողջ շաբաթվա ընթացքում ապրել աշխատանքով, հոգսերով, խնդիրներով, բայց շաբաթվա մեջ մեկ օրը առանձնացնել Աստծո համար և այդ օրն ապրել այնպես, որ կարծես թե մարդկային մեր կյանքի ամենակարևոր արժեքը, իրողությունը հենց Ինքն` Աստված է: Որովհետև իրականում մեր կյանքը շատ հոգսերից և դժվարություններից է բաղկացած, որոնց մեջ մենք մոռանում ենք Աստծուն, մոռանում ենք, որ մեր անձնական ջանքերն ու մարդկային ձգտումները բավական չեն, որ մեր կյանքը դրախտի վերածվի: Առանց Աստծո պարզապես մարդը հարուստ լինել չի կարող, առանց Աստծո մարդը երջանիկ լինել չի կարող: Շաբաթվա մեջ այդ մեկ օրը մեզ այդ գիտակցման մեջ է ամրացնում, որ մենք հասկանանք և ունենանք այն հստակ գիտակցումը, հավատքը, որ իրական հարստությունը մեր կյանքում Աստված է և Նրա ներկայությունը: Իրական արժեքը, իրական փրկությունը և երջանկությունը միայն Աստծով է կարելի, առանց Աստծո մենք ոչինչ չունենք: Այս աշխարհում ինչ էլ որ ունենք մերը չէ, մեզ չի պատկանում: Սա ևս մեկ անգամ մեզ հաստատում է այն համոզմունքի մեջ, որ ինչ էլ որ ունենք մեր կյանքում` ընտանիք, ընկերներ, բարեկամներ, հաջողություններ, փորձություններ, դժվարություններ միայն Աստծով դրանք իմաստ ունեն, եթե ուրախություն և հաջողություն է, Աստծով է, որ դա վայելում ենք, եթե ձախորդություն է, փորձություն, Աստծով է, որ հաղթահարում ենք»,- բացատրում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանը:

 

Սկզբնաղբյուներ`
Ս. Մայիլյան, «Ժամանակակից աղանդները Հայաստանում»,Սբ. Էջմիածին, 2000թ.
Սահակ քհն. Սահակեանց, «Ուսուցումն քրիստոնեական կրոնի», 1898թ.
Աղոթագիրք,«Գնաձասար» մատենաշար


Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 1779
2013.07.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.