Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հուլիսի 27-ին հիշատակում է Աղեքսանդրիայի հայրապետներ` Սբ. Աթանասի և Սբ. Կյուրեղի հիշատակը:


Աթանաս. ուղղափառության սյունը (296-373)

Աթանաս հայրապետը մեծագույն դեմքերից մեկն է Քրիստոնեական եկեղեցու: Քրիստոնյա բարեպաշտ ընտանիքի զավակ էր, ծնվել է Աղեքսանդրիայում 296թ-ին: Նույն քաղաքի Աղեքսանդրոս հայրապետը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին ծովեզրում կանգնած, որը եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն կատարել էր ձևացնում, հոգևոր կոչումի նշան նկատեց դա:  Նրան ընդունեց հայրապետանոցի մեջ, որտեղ զարգացավ շնորհալի փոքրիկը:    Բարձրագույն ուսումը ստացել է իր քաղաքի հանրահռչակ աստվածաբանական ճեմարանում:


Նիկիո հավատքի պաշտպանը

Իր քաղաքի Աղեքսանդր Պատրիարքի կողմից ձեռնադրվել է սարկավագ և իբրև նրա անձնական քարտուղար ներկա եղել Նիկիայի ժողովին: Իսկ 328թ-ին, երբ 33 տարեկան էր հաջորդեց նրան իբրև Պատրիարք Աղեքսանդրիայի: Եպիսկոպոսը փորձեց իր թեմում Նիկիո հավատքը հաստատել: Գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրեց պայքարով ընդդեմ արիոսականության, որ այդ ժամանակ վարակել էր գրեթե ամբողջ Եկեղեցին, հատկապես Բյուզանդիան, ամբողջ Փոքր Ասիան, Սուրիան և Եգիպտոսը: Բազմիցս աքսորվել է արիոսական կայսրերի կողմից, սկսած Մեծն Կոստանդանիոսից, որ նրան աքսորեց 336թ-ին և միայն վերադարձավ նրա մահից հետո: 339թ-ին ստիպված փախչեց Հռոմ իր արիոսական հակառակորդների պատճառով: Արևմուտքի մեջ սերտ կապ հաստատեց Հռոմի Եկեղեցու հետ, որ իրեն նեցուկ կանգնեց արիոսականության դեմ իր պայքարի ընթացքում, երբ Արևելյան Եկեղեցին գրեթե ամբողջությամբ ընկած էր կիսարիոսականների ձեռքը, որոնք շարունակ հալածում էին ուղղափառության այս մեծ ախոյանին: 346թ-ին վերահաստատվեց իր պաշտոնի մեջ, որ ուրիշներն էին գրավել: 356թ-ին նորից վտարվեց Աթոռից, սակայն թաքնվեց Աղեքսանդրիայի շրջակայքում այնքան ժամանակ, մինչև որ մահացավ այն կայսրը, որ իրեն աքսորել էր: Հաջորդ կայսրը`Հուլիանոս Ուրացողը, 362թ-ին կրկին աքսորեց նրան: Վերադարձավ հաջորդ տարի`վերջինիս մահից հետո: 365թ-ին կարճ աքսորից հետո վերատիրացավ իր Աթոռին և կյանքի մնացյալ 7-8 տարիները նվիրեց վերակազմելու և զորացնելու Քրիստոնեական Եկեղեցում Նիկիական Հանգանակին հավատարիմ հատվածը:  Իր եպիսկոպոսության 46 տարիներից 20-ը աքսորի մեջ անցկացրեց: Գերմարդկային իր ճիգերը իրենց պտուղը տվեցին իր մահից 7-8 տարիներ հետո, երբ 381թ-ին Կ. Պոլսի Տիեզերական ժողովում վերջնականորեն հաղթանակեց Աթանասի տեսակետը, այսինքն Նիկիական Հանգանակը:


Ջատագովը և հակաճառողը

Աթանասը անդրդվելի անձ էր, պայքարող, երբեք տեղի չտվեց կիսարիոսականների ճնշումներին և հալածանքներին: Եղավ ժամանակ, որ ամբողջ Քրիստոնեական Եկեղեցու հոգևորականության մեջ միայն Աթանասը և իր մի քանի մտերիմ բարեկամները հավատարիմ մնացին Նիկիական Հավատամքին: Շարունակ գրեց ի պաշտպանություն Նիկիական Հանգանակի և ի հերքումն արիոսականության` ցույց տալով այն վտանգը, որի մեջ կառաջնորդեին Եկեղեցին կիսարիոսական բարեմիտ կամ չարամիտ եպիսկոպոսները: Հատկապես 360թ-ից սկսած մինչև իր մահը 373թ-ը, աշխատեց լուսաբանել, համոզել և սիրաշահել արիոսականությունը ընդունած եպիսկոպոսներին: Միաժամանակ պաշտպանեց Սուրբ Հոգու Աստվածությունը ընդդեմ Կ. Պոլսի Պատրիարք Մակեդոն աղանդավորի և Քրիստոսի կատարյալ մարդկությունը ընդդեմ իր բարեկամ Ապողինարի, որն ասում էր`թեև Քրիստոս վերցրել է «զմարմին և զհոգի», բայց ո՛չ «զմիտ», որի տեղը գրավել է Աստծո «Բանը` Լոգոսը»:


Միայնակյացների բարեկամը

Զարկ տվեց վանականության. գրեց Սուրբ Անտոնի վարքը: Արևմուտքում վանականության գաղափարի ներմուծողը եղավ: Իր վճռական և ուժեղ նկարագրին միանում էր նաև աշխատանքի և գործունեության անսպառ կորովը: Եկեղեցու ամենամեծ վարդապետներից մեկն է: Սուրբ Գրիգոր Նազիանզացին նրան կոչել է «Եկեղեցու սյուն»: Իր գրական երկերը գրեթե բոլորն էլ աստվածաբանական, ջատագովական ու հակաճառական նկարագիր ունեն: Ոսկեդարից սկսյալ մոտ 40 երկեր թարգմանվել են հայերենի: Իր գրությունները Քրիստոնեական Եկեղեցու արժեքավոր ժառանգության մաս են կազմում: Վախճանվել է խաղաղ պայմաններում,  մայիսի 2-ին 373թ-ին:


Կյուրեղ Աղեքսանդրացի

Կյուրեղ հայրապետը նշանավոր եկեղեցական գործիչներից մեկն է: Եգիպտացի ազնվական և բարեպաշտ ընտանիքից էր, ծնվել է 380թ-ին Աղեքսանդրիայում: Թեոփիլոս պատրիարքի ազգականն էր, որի կողմից էլ ձեռնադրվեց հոգևորական, իսկ 412թ-ին հաջորդեց նրան իբրև պատրիարք Աղեքսանդրիայի:  Ուղղափառ հավատքի կորովի պաշտպան էր. ինքն էր, որ նախագահեց Եփեսոսի տիեզերական ժողովը (431թ.), ջախջախեց Նեստորի հերետիկոսությունը, որն ասում էր, թե Սբ. Կույսը Աստվածածին չէ, այլ Քրիստոսածին,  և «միավորյալ մի բնություն» բանաձևով, որ հիմն է Հայաստանյայց Եկեղեցու դավանության, վերջնականորեն հաստատեց քրիստոսաբանությունը:
Կյուրեղ հայրապետը Աղեքսանդրյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն էր: Նա շեշտը դնում էր Հիսուսի աստվածության վրա, առանց մերժելու կամ նվազեցնելու Նրա մարդկության կարևորությունը: Հիմնվելով Աթանասի և Կապադովկյան Հայրերի տեսության վրա`համադրեց Սուրբ Երրորդության, Քրիստոսի մարդեղության և բնության վարդապետությունները: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», եղավ Հայաստանյայց Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը, որով շեշտվում է Քրիստոսի մարդկային և աստվածային բնութան միությունը`ընդդեմ Նեստորի երկու բնությունների անջատման վարդապետության: Արևելքում նա ճանաչվել է իբրև «կնիք եկեղեցական հայրերի»:


Կյուրեղի վարդապետական գործը

Հեղինակ է մեկնաբանական և աստվածաբանական բազմաթիվ գրքերի, որոնցից շատերը 8-րդ դարում են մեծ մասամբ թարգմանվել հայերենի Ստեփանոս Սյունեցու կողմից: Մեկնել է Հովհաննու Ավետարանը տասներկու գրքով: Վախճանվել է 444թ-ին:



Սկզբնաղբյուրներ`
1.Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք եւ տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ», 1981թ.
2.Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, «Համաքրիստոնէական սուրբեր», 1997թ.
3. Թամար Տասնապետեան, «Ընդհանրական Եկեղեցւոյ հայրերը», Պէյրութ, 1998թ.:

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 5811
2013.07.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.