Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> Գիտելիքը դեպի Աստված տանող ճանապարհ

Գիտելիքը դեպի Աստված տանող ճանապարհ

Հավատքը վերացական երևույթ չէ և այն բացահայտվում է մտածողության, տրամաբանության և բանականության միջոցով:

Օգոստոսի 3-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում անցկացվեց ԱՀԹ-ի և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի աջակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ փառատոնի ամառային փուլը:
-Այս ամիս խաղ չի անցկացվել և սա համարվում է յուրօրինակ նավասարդյան խաղ, որ օգոստոսին է անցկացվում,- նշեց  «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի նախագահ, փառատոնի մրցավար Սեյրան Մարտիրոսյանը և հավելեց, որ սա խորագիտության խաղ է և աստվածաբանության ֆակուլտետը տեղափոխվում է Սուրբ Երրորդություն եկեղեցի:


Ամառային ինտելեկտուալ փառատոնին այս անգամ մասնակցում էր 13 թիմ, որից մեկը կազմված էր հանդիսատեսից:
-Որպես հանդիսատես ավելի հետաքրքիր է հետևել խաղին, քանի որ ավելի շատ մտածում ես պատասխանի և ոչ միավորների մասին: Սակայն մասնակցելը նույնպես իր հետաքրքրությունն ուներ: Հաճելի էր այն, որ մեր խմբի անդամներից միայն երկուսս էինք իրար ճանաչում, սակայն խաղի ընթացքում սովորեցինք միասին մտածել և ընկերացանք,-ասացին հանդիսատեսներից կազմված թիմի անդամներ Անին և Սյունեն:


Փառատոնի սկիզբը ազդարարվեց Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը:
-Թեև ամռան շրջանում շատ թիմեր արձակուրդի պատճառով չկարողացան մասնակցել, բայց ամեն դեպքում չցանկացանք ավանդույթը խախտել և կազմակերպեցինք ինտելեկտուալ խաղի հերթական ամառային խաղը: Խաղ, որտեղ սկսել ենք ավելի շատ կարևորել այն գիտելիքները, որոնք ձեռք ենք բերում այս խաղի ընթացքում: Հուսով եմ, որ բոլոր թիմերն էլ այսօր իրենց համար ինչ-որ կերպ հաղթանակ կտոնեն: Ոմանք` նոր բան սովորելով, ոմանք` մրցանակ ստանալով, ոմանք էլ` պարզապես լավ մարդկանց հանդիպելով:
Խաղն անցկացվում է երեք փուլով, որի ընթացքում հնչում է 48 հարց: Հարցերը կազմվում են տարբեր ոլորտներից և բնագավառներից, սակայն բոլորն էլ հոգևոր բնույթ ունեն: Փառատոնի ընթացքում հնչում են նաև անեկդոտային հարցեր և տեսահարցեր:


-Այս խաղի առանձնահատկությունն այն է, որ ձևավորվում է մարդկանց լրիվ նոր խումբ: Սա  միավորող խաղ է, որտեղ կարևորը ինտելեկտն է: Ինտելեկտը ոչ թե գիտելիքի ամբարված տեսքով, այլ իմացածը մաքսիմալ կերպով օգտագործելու առումով: Շատերին եմ խորհուրդ տվել գալ և ներկա լինել, քանի որ սա աննկարագրելի տեսարան է: Լսել թե ինչպես է հարցը հնչում, որին հաջորդում է թեթև բվվոցը, այնուհետև պատասխանը և պատասխանից հետո տեսնել մասնակիցների բերկրանքը: Շատ դժվար է, երբ այսքան շատ մարդիկ հավաքվում են մի տեղում և այսքան միասնական են լինում: Մյուս առանձնահատկությունն այն է, որ այստեղ բոլոր հարցերը, անեկդոտից սկսած մինչև դավանաբանական, առնչություն ունեն հոգևորի հետ: Այս առումով սա եզակի փառատոն է Հայաստանում,-ասաց Սեյրան Մարտիրոսյանը:


Խաղի ընթացքում գերիշխող էր առողջ մրցակցությունը: Բոլորն էլ պայքարում էին հաղթելու համար, սակայն հաղթողի մրցանակից բացի ցանկանում էին ստանալ նաև ավելի արժեքավոր մրցանակներ ` նոր ընկերներ, գիտելիքներ:
-Անցյալ տարի հաղթել ենք և այս տարի նույն ակնկալիքով ենք եկել: Բայց ամեն դեպքում ամենակարևորը մասնակցությունն է, քանի որ այստեղ հավաքվել են նույն առաքելական ընտանիքի անդամներ: Ես միշտ ասում եմ` վերջում հաղթում է Հայ Առաքելական եկեղեցին,- ասաց Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը:
Այս տարի ամառային խաղի հաղթող ճանաչվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Լուսավորիչ» թիմը: Երկրորդը` Ներքին Չարբախի Սբ. Խաչ եկեղեցու «Հայք» թիմը և երրորդ մրցանակային տեղում էին «Առաքյալներ»-ը:


-Հաղթանակը միշտ սպասված է լինում: Անցյալ տարի մենք երկրորդ էինք և շատ էինք ցանկանում հաղթել: Այս տարի յուրահատուկ կերպով էինք պատրաստվել: Ամեն անգամ մասնակցում ենք մեծ սիրով և ոգևորությամբ: Այս խաղին հաղթելուն մեզ օգնեց այն հանգամանքը, որ մենք ինքներս ինտելեկտուալ խաղեր ենք անցկացնում դպրոցներում,-ասաց հաղթող թիմի մասնակիցը:
Հոգևոր դաստիարակությունն ու կրթությունը միշտ էլ կարևորվել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդների կողմից: Եվ այս փառատոնը դրա դրսևորումներից մեկն է:
Գիտելիքը զորեղ ուժ է, իսկ երբ այն միանում է հավատքին` ավելի է զորանում:

 

Հասմիկ Թամամյան
Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2754
2013.08.05
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.