Ընթերցանություն
Գլխավոր>Բարի կամք> Խուլերի առաջին այցը ծերանոց. երկու աշխարհների հանդիպում

Խուլերի առաջին այցը ծերանոց. երկու աշխարհների հանդիպում

Հիշողությունները, ուրախությունը, հիացմունքն ու հուզմունքը միախառնված թևածում էր Երևանի N 1 տուն-ինտերնատի դահլիճում: Տարեցներին հուզել և մեծ ուրախություն էին պատճառել Սուրբ Երրորդություն եկեղեցու խուլ երիտասարդները: Օգոստոսյան շոգը չէր խանգարել խուլերին մեծ նախանձախնդրությամբ պատրաստվել այս միջոցառմանը: Խուլերը առաջին անգամ էին ելույթ ունենալու տուն-ինտերնատում: Իրենց նպատակն էր սփոփել, ուրախացնել ծերերին, ներկայացնել նրանց խուլերի մշակույթը:
Տուն-ինտերնատի կազմակերպիչ Իրինա Մարտիրոսյանը դիմավորեց խուլերին և զարմացած արտահայտվեց. «Բոլորս փորձում ենք ծերերի առօրյան ուրախությամբ լցնել, քսան տարի է ինչ աշխատում եմ այստեղ և առաջին անգամ է, որ մեր հյուրերը խուլերն են, որոնք ուրախացնելու են  մեր ծերերին` ներկայանալով համերգային ծրագրով»:


«Տեր ողորմյա» շարականով սկսվեց միջոցառումը: Հետո խուլերը ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանի թարգմանությամբ ներկայացան և իրենց մտածումներով կիսվեցին տարեցների հետ: Նախ շնորհակալ էին տեր Եսայի քահանայից, որ իրենց հնարավորություն ընձեռնեց լինելու տուն-ինտերնատում, ինչպես նաև տիկին Զուբեյդայից, ով ջանք ու եռանդ չէր խնայել այս միջոցառման համար:


«Ի՜նչ սիրուն տատիկներ և պապիկներ եք, ես Իրինան եմ` պարուհի, շատ մրցումների եմ մասնակցել, մրցանակային տեղեր գրավել: Առաջին անգամ եմ ծերանոցում: Մենք պետք է երգենք ու պարենք ձեզ համար: Ես ունեմ տատիկ ու պապիկ, բայց ձեզ էլ համարում եմ իմ մեծ տատիկն ու պապիկը: Երբեք չմտածեք, որ դուք մենակ եք, նախ Աստված է ձեր կողքին, հետո նաև` մենք: Խոստանում ենք, որ մեր երիտասարդաց միության անդամների հետ նորից կայցելենք և կբարեկամանանք ձեզ հետ»: Դպրոցահասակ Գրետայի համար շատ կարևոր էր, որ ծերերը իմանային, թե նա որքան շատ է սիրում եկեղեցին, որն իրեն օգնել է ճիշտ կողմնորոշվել կյանքում: Եվ իր երազանքը շուտով կիրականանա, քանի որ այս ամիս նա մկրտվելու է: Իսկ Էմմային ուրախություն էր պատճառում տարեցների ժպիտը, նրանք արդեն հարազատ էին դարձել իր համար: Գևորգի մեծ ցանկությունն է, որ ծերերը չտխրեն, քանի որ Աստված միշտ իրենց կողքին է և պահապան: Նա կփորձի թատերական կատակ համարով տարեցներին ուրախացնել: Սեդան իր ամուսնու հետ էր եկել, հուզված էր և ասաց, թե պատկերացնում է, որքան գեղեցիկ են եղել ծերերը երիտասարդ ժամանակ: Էդիկն էլ մեծ խանդավառությամբ թատերական ներկայացման էր պատրաստվել, նա հույսով է, որ մի բարի հետք կթողնեն ծերերի կյանքում: Քանդակագործ Վահեն որքան, որ սիրում է իր տատիկին և պապիկին, նույնքան էլ սիրում է ծերանոցի տատիկներին և պապիկներին և ասաց, որ իրենք «Տեր ողորմյա» շարականով աղոթեցին բոլորի համար: Տասներեք տարեկան Ալինան հույսով է, որ, ուրախացնելով ծերերին, ծերանոցից ուրախ դուրս կգա:


Երգ, պար, ասմունք, թատերական համարները հաջորդում էին մեկը մյուսին`ջերմացնելով, ոգևորելով, հուզելով ներկա տարեցներին: Վատառողջ լինելու պատճառով ոչ բոլոր ծերերն էին ներկա:

Ծերերից մի քանիսը միջոցառման ժամանակ փորձում էին կրկնօրինակել ժեստերի լեզուն, իսկ վերջում նրանք «Մենք սիրում ենք ձեզ», «Շնորհակալ ենք» խոսքերը ժեստերի լեզվով փոխանցեցին խուլերին:


Խուլերը կարողացան իրենց նպատակին հասնել. միջոցառման ավարտին ծերերը պարեցին խուլերի հետ, նկարվեցին, շնորհակալություն հայտնեցին:
«Շատ բառեր ունեմ ասելու, շնորհակալ եմ, Աստված ձեզ պահի, երկար կյանք ունենաք և ուրախացնեք բոլոր ծնողներին» (Ծատուրյան Սամվել, 85տ.):
«Աստված պահի ձեզ, ավելացնի ձեր շնորհքը, մեզ շատ ուրախացրիք, միշտ ուրախ եղեք» (Սաթիկ Աղասարյան 88տ.):
«Ձեր ամեն ինչը յուրահատուկ է, մաքուր հոգի և աչքեր ունեք, բախտավոր լինեք, լավ ապրեք: Շատ եմ սիրում ձեզ բոլորիդ, Աստված թող պահապան լինի ձեզ և կատարի ձեր ցանկությունները» (Ալեքսանյան Ալլա):


Տուն-ինտերնատի իրավաբան Հարությունյան Հենրիկի համար բոլոր խուլերը ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև տաղանդավոր: Նա երջանկություն և առողջություն մաղթեց բոլոր խուլերին, ցանկանալով, որ նրանք  ուրախություն պարգևեն թե՛ իրենց շրջապատին և թե՛ ծերերին»:
Տպավորված էին նաև խուլերը. «Որոշ ծնողներ ամեն ինչ անում են, որ երեխան մեծ ձեռքբերումներ ունենա, կրթություն ստանա, տուն-տեղ ունենա, իսկ հետո էլ հայտնվում են ծերանոցում: Ծնողը պետք է ստանա իր վարձը, իսկ զավակն էլ միշտ պետք է շնորհակալ լինի նրանից»,- ասաց Վահեն:
«Կապույտ շորով մի տատիկ չէր խոսում, ընդհանրապես ոչ մի բառ չասեց, բայց ես իր հայացքից շատ բան զգացի, ինքն այնքան ասելիք ուներ, աչքերն էին այդ մասին խոսում: Նայում էի լուռ իր աչքերին ու շատ բան զգացի, որ ինքը կուզենար ասել, բայց չասեց»,- պատմում էր Գրետան:


Իսկ Իրինան կարծում էր, թե սովորական զգացողություններ կունենա, բայց ծերերի աչքերի հուզմունքը փոխանցվել էր իրեն, ու նա շատ խորն էր զգացել այդ: Էմմային զարմացրել էր այն, որ ծերերը ժպիտով էին իրեն դիմավորել: Նա մտածում էր, որ նրանք նյարդային կլինեն, քանի որ զրկված են զավակի սիրուց: Ալինայի համար սա առաջին քայլն էր, կարծում է, որ այս այցը կօգնի իրեն ավելի համարձակ դառնալու:


«Այնքա՜ն լիքն է հոգիս, այնքա՜ն շատ են զգացողություններս: Վիրավորանք կա մեջս, փշաքաղվում եմ, բոլորը խելացի և հրաշալի մարդիկ են,  ու չես հասկանում, թե ինչու են հայտնվել այդտեղ, բառեր չունեմ, չեմ կարող խոսել, շատ հուզված եմ»,- ասաց Էդգարը:
Թե՛ ծերերը և թե՛ խուլերը տվեցին և ստացան: Իսկ տարեցների համար շատ հաճելի էր հանդիպել և շփվել խուլերի լուռ, բայց և միևնույն ժամանակ խոսուն աշխարհին:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7978
2013.08.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.