Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Մեր մասին> Ընտրության պատասխանատվության առջև

Ընտրության պատասխանատվության առջև

Ամեն օր մենք ընտրություն կատարելու առջև ենք կանգնած, և շատ ու շատ հարցեր իրենց լուծումն են գտնում մասամբ կամ ամբողջովին, նայած թե ո՞րն է եղել մեր ընտրությունը: Մարդկային փորձառությունը` առավել ևս հավատքի փորձառությունը, պատգամում է մեզ ընտրություն կատարել Աստծո խոսքի համաձայն, որի դեպքում վաղ թե ուշ վայելում ենք բարի և քաղցր պտուղներ: Առավել ևս, եթե մեր կյանքում ամենակարևոր ընտրություններից մեկն ենք կատարում`ընտանիք ենք կազմում:


Կարապետը և Լուսինեն, Արամը և Թամարան, իսկ խուլերից` Վահեն և Սեդան, ովքեր Սբ. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամներ են, ծանոթացել են միմյանց հետ և ընտանիք կազմել հենց այդ եկեղեցում:
«Կարապետը շատ աստվածապաշտ անձնավորություն է: Սկզբից, երբ նոր էինք հանդիպում, նա շատ էր խոսում Աստծո մասին, և դա ինձ անհանգստացնում էր, այնպես էր թվում` կարծես այս աշխարհից չլինի: Բայց հետո, նաև հիմա էլ, երբ մենք ընտանիք ենք կազմել, ես հասկացա, որ ընտանիքում շատ կարևոր է հավատքը և եկեղեցու հետ կապը: Երբ ինքը սխալվում է, կամ ինչ որ խնդիր ունենք, փորձում ենք Աստվածաշնչի օգնությամբ գտնել լուծումներ: Եվ հիմա մեր ընտանեկան օրենքները Աստվածաշնչյան օրենքներն են դարձել: Աստծո խոսքը մեզ համար դարձել է ապրելակերպ, և մեզ համար շատ կարևոր է եկեղեցով  ամուսնությունը: Մեր բալիկին ունենալուց առաջ էլ, եկել էի պատարագի, Սուրբ Հաղորդություն ստացա, հետո անմիջապես հիվանդանոց գնացի»,- պատմում է Լուսինեն:

 
Արամը ընտրություն կատարելիս հաշվի է առել. «Քանի որ մի ամբողջ կյանք ենք միասին ապրելու, ինձ համար կարևոր էր թե´ ինտելեկտը, թե´ հոգևոր զարգացվածությունը, թե´ արտաքինը: Բայց այս ամենի մեջ առաջնայինը, իհարկե, ինձ համար սերն է, որն էլ հենց օգնելու է համատեղ մի ճանապարհ անցնելու: Եկեղեցին շատ է օգնում ընտրություն կատարելիս, լինում է նաև, երբ տղամարդը կամ կինը իր ապագա կնոջը կամ ամուսնուն ընտրում է ոչ եկեղեցուց և ամուր ընտանիք են կազմում, որովհետև ընտրության հիմքում սերն է: Կնոջս հետ ծանոթացել եմ եկեղեցում, նա եկել էր երիտասարդաց միությունում գրանցվելու: Ես ծառայում եմ եկեղեցում, և իմ ընտանիքը հաճախակի է գալիս պատարագի: Ընտանիքը նույնպես եկեղեցի է, ինչպես որ եկեղեցին է սուրբ, նույնպես և ընտանիքը: Կինը պետք հնազանդ լինի իր ամուսնուն, ինչպես եկեղեցին Քրիստոսին: Այսօրվա ամուսնալուծությունները ընտանիքի և պսակի հանդեպ անլուրջ վերաբերմունքի արդյունքներն են: Յուրաքանչյուր ընտանիք պետք է փորձի դժվարությունները հաղթահարել, որովհետև ամուսնությունը ոչ միայն դժվարությունները հաղթահարելն է, մեկը մյուսին օգնելը, որդեծնությունը, այլ ամուսնության նպատակը նաև Աստծո կամքը կատարելն է»:


Խուլերից Վահեի և Սեդայի համար եկեղեցին մեծ նշանակություն ունի: «Մենք երեք տարի ընկերություն ենք արել, այդ ընթացքում միշտ հաճախել ենք եկեղեցի, տեր Եսային եկել է մեզ մոտ` դպրոց և քարոզել: Այդ քարոզները իմ կյանքում առանցքային դեր ունեն: Աստծո խոսքը օգնել է մեզ, որ մեր կյանքում շատ արժեքներ վերանայենք»,- պատմում է Վահեն: Իսկ Սեդան ասաց. «Մենք ծանոթացանք, շփվեցինք, քիչ-քիչ ես բացահայտեցի Վահեին, հետո մենք սկսեցինք եկեղեցի հաճախել: Աստծո տանը ես զգացի ջերմություն, ոչ մի եկեղեցում այդքան լավ չեմ զգացել, որքան այս եկեղեցում: Երկու տարի է, ինչ հայրս մահացել է, ես սփոփվեցի այստեղ, շատ կոպիտ  էի, մի շարք հարցերի սկսեցի այլ կերպ նայել: Շատ բաներ ես հասկացա ժեստերի լեզվով: Հարյուրավոր եկեղեցիների մեջ մենք Սբ. Երրորդությունը ընտրեցինք, և տեր Եսային մեզ օրհնեց, քանի որ նա գիտի ժեստերի լեզուն, միշտ խուլերիս կողքին է և շատ հարազատ մեզ բոլորիս: Նա կարծես մեր հայրը լինի»:


Շատ կարևոր է, որ երիտասարդները, ովքեր պետք է ընտանիք կազմեն, նաև նրանք, ովքեր արդեն ընտանիք են կազմել, բացի Սուրբ Գիրքը ընթերցելուց, ականջալուր լինեն նաև մեր եկեղեցու սուրբ հայրերի խրատներին:
Սբ. Գրիգոր Տաթևացին պսակի մասին իր քարոզում պատգամում է. «Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք և լցրե՛ք երկիրը…» (Ծննդոց 1.27-28): Արարչագործ Աստված, երբ ստեղծեց Ադամին, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: Այս նախ ցույց է տալիս, թե մարդն է մարդու օգնականը. որովհետև թեպետ մարդուն օգնական կային կենդանիներ` որպես բեռնակիր, լծկան և այլ կարիքների համար, սակայն առաքինության և հոգու սրբության համար մարդն է մարդուն օգնական: Կինն էլ որդեծնության և տան այլ բարեկարգության օգնականն է: Դրա համար է ասում. «Լավ  չէ, որ մարդը միայնակ լինի»:

Միայնակ լինելը միայն Աստծո համար է բարի, որովհետև անկարոտ և անեղ բնություն է: Իսկ այլ արարածները եղական են (ստեղծված են, փոփոխական) և միմյանց կարոտ: Ինչպես հրեշտակների ինը դասերն են երկնքում Աստծո փառաբանիչները` հազար հազարներով և բյուր բյուրերով, նույնպես երկրի վրա բարի է մարդկանց բազմությունը: Նախ` ցույց են տալիս Աստծո առատ մարդասիրությունը: Եվ երկրորդ` որովհետև միմյանց օգնական են լինում շինելու, տնկելու, ստեղծագործելու, մարմնի պետքերը հոգալու, հոգին կրթելու և միմյանց ուրախացնելու մեջ: Եվ բազում բարիքներ ենք միմյանցով գտնում: Դրա համար է ասում. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի»: Եվ եթե մեկն ասի. «Մարդու հանցանքի պատճառը չէ, որ կինը եղավ. ինչպե՞ս է նա բարի»: Նախ պատասխանենք, թե Աստված կանխագետ է. գիտեր, որ մարդն անմեղությամբ չէր կարող աճել ինչպես հրեշտակները, դրա համար մարմին ստեղծեց և որպես օգնական կին դրեց, որպեսզի մարդիկ անասնական ծննդով աճեն ու բազմանան, ինչպես օրհնեց և ասաց. «Աճեցե՛ք ու բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը»: Եվ դարձյալ ասում ենք, թե Աստված բնությամբ բարի է, առատ ու բարերար. չի կարող մեկ մարդու մեղքը խափանել և արգելել Աստծո ամբողջ բարությունը, այլ միայն ինքը մեղավորն է զրկվում Աստծո բարությունից:


Ինչպես օրինակ` արեգակն իր լույսն ծագեցնում է բոլորի վրա, սակայն եթե մի մարդ իր աչքը փակի, արևի լույսը չի կարող արգելել, այլ միայն ինքը կզրկվի: Նույնպես թեպետ կինը մեղանչեց, բայց Աստված իր բազում բարություններից չզրկեց մարդկային ազգին: Եվ դարձյալ ասում ենք, թեպետ կինը մեղանչեց, սակայն բազում ընտիր և արդար այրեր նրանից ծնվեցին, ինչպիսիք են` նահապետները ու մարգարեները և բոլոր ընտրյալները, և նրանք ովքեր լինելու են մինչև աշխարհի վախճանը: Իր բարի ծնունդների համար խնամեց և պահպանեց կնոջը, թեպետ և հանցանքների պատճառ եղավ: Այժմ երկրի վրա բազմաթիվ չար ու մեղավոր մարդիկ կան, և Աստված թույլ է տալիս նրանց մնալ երկրի վրա բազմաթիվ պատճառներով: Նախ` թեպետ իրենք չար ու մեղավոր են, նրանց ծնունդների մեջ բարի մարդ է լինելու: Այն բարի զավակի համար է Աստված պահում չար ծնողներին: Երկրորդ` եթե նրանց ծնողները բարի են եղել, բարի ծնողների համար է ներում չար զավակներին, ինչպես բարի նահապետներ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի և այլոց համար Աստված ներում էր հրեաների ազգին: Երրորդ` եթե այն չար մարդն ծածուկ ունի բարու մի մաս, որ մենք չգիտենք, նրանց հատուցում է այդ այս կյանքում: Չորրորդ` եթե իրենք չար են, սակայն ուրիշների բարիքի պատճառ են լինում. երկրի, գավառի, շենության և խաղաղության: Ինչպես օրինակ` փուշը պտուղ չունի, բայց պաշտպանում է պտղաբեր բույսերին, դրա համար խնամում ենք այն: Հինգերորդ` նրանց ձեռքով հոգևոր բարիք է լինում ուրիշներին. ինչպես չար բռնավորները, երբ նեղում են քրիստոնյաներին, քրիստոնյաների պսակներն ու վարձքներն են ավելանում: Վեցերորդ` որովհետև Աստված չի կամենում մեղավորի մահը, ըստ այսմ. «Չեմ կամենում մեղավորի մահը, այլ նրա դառնալը և ապրելը»: Այս բանի համար պահում է նրանց երկրի վրա, որպեսզի զղջան և դառնան մեղքերից: Այս և այլ բազում պատճառների համար է, որ Աստված ներում է մեղավորին, կամ իր կամ ուրիշների բարության համար: Նույնպես և նախամայր Եվան, թեպետ հանցանք գործեց, հետո ապաշխարեց. նաև բազմաթիվ զավակներ էին նրանից ծնվելու, ինչի համար Աստված ներեց նրան: Դարձյալ և ամենից գլխավորը, եթե կինը հանցանք չգործեր, Բանն Աստված չէր մարդանա, և այս ամբողջ բարությունը, որ եղավ Քրիստոսով, պիտի խափանվեր: Եթե Աստված չմարդանար, մենք Աստծո որդիներ չէինք լինի, ոչ էլ Քրիստոսի եղբայր և ժառանգակից, ոչ էլ Սուրբ Հոգով կծնվեինք, և ոչ էլ կճաշակեինք Աստծո Որդու մարմինն ու արյունը: Եթե դրախտից վերափոխվեինք, ոչ ոք չէր առնի մարտիրոսական, ճգնության, առաքելական, մարգարեական, նահապետական պսակ: Այլև երկրի վրա կխափանվեր ամեն գործ և արհեստ, շինելու, տնկելու, երկրագործելու, հանճար, ուսում, միմյանց նկատմամբ կարեկցություն, և այլ ամեն բարություններ հետևեցին Եվայի հանցանքին: Եվ եթե մեկն անհանճար մտքով ասի, «եթե այս բոլոր բարությունների պատճառը Եվայի մեղքն էր, ինչո՞ւ նա պատժվեց»: Ասենք, որ մեղքը ինքնին չար է, բարու և արդարության պակասությունն է: Նաև Եվան ինքն այն պատճառով չմեղանչեց, որ այս բոլոր բարություններին արժանանանք, այլ Աստծո մարդասիրությունը և ամենիմաստ գիտությունը մեր փրկությունը իրականացրեց, որ չկամեցավ մարդկային ազգի կորուստը, այլ չարից բարին արեց մեզ համար, մեղքից դարձրեց արդարության, մահվանից` կյանք, երկրից` երկինք: Ապա, ուրեմն, մեր  փրկության պատճառը Քրիստոսն է և ոչ Եվան, և նրա շնորհները արդարացրին մեզ, և ոչ մեր գործերը:


Արդ, պսակը սկսվում է նշանադրությամբ, հաստատվում է սրտերի հավանությամբ, երբ խոսքով հայտնում են, որովհետև երկուսի կամքերի հավանությամբ է հաստատվում պսակը: Իսկ պսակը լրումին է հասնում քահանայի օրհնությամբ և մարմնական զուգավորությամբ: Իսկ թե ինչո՞ւ են նշան դնում, այս է. ինչպես ծառը, որ նախ ծաղկում է, և ապա պտղաբերում, նույնպես նշանը` պսակի ծաղիկն է: Դարձյալ` պսակը տղամարդու և կնոջ արդար զուգավորությունն է` անբաժանելի պահելով կենցաղավարությունը: Արդար զուգավորություն այն բանի համար է ասում, որ չպետք է լինի, եթե ոչ միայն աստվածապաշտության համար զավակներ ծնելու: Վարդապետներն ասում են. «Ով սաստիկ սիրում է կնոջը, շնացող է»: Արդ, բարի պսակն եռակի է. այսինքն` հավատը, զավակը և խորհուրդը: Հավատն է, որ ոչ ոք երկուսից չպղծվի օտար անկողնով, ինչպես նա, ով թողնում է հավատը և խոսքով ուրանում,` հավատի շաղկապն է կտրում և հավատը պղծում է: Նույնպես նա, ով օտար անկողնով պղծում է պսակի շաղկապը, զրկվում է օրհնությունից և սուրբ անկողինն է պղծում, ինչպես առաքյալն է գրում. «Պատվական է ամուսնությունը և սուրբ անկողինը, բայց շներին և պոռնիկներին Աստված է դատելու»: Իսկ խորհուրդն այն է, որպեսզի չբաժանվեն, թեև եկեղեցին կարող է բաժանել արգելքների դեպքում, ինչպես` հոգևոր և մարմնավոր ազգակցությունը կամ բնության տկարությունը, կամ պոռնկությունը, կամ դիվահարությունը, կամ ծառայությունը կամ բռնությամբ ամուսնությունը: Ամուսնությունները լինում են երեք պատճառով. կամ պոռնկությունից խորշելով, կամ զավակներ ծնելու: Այս երկուսը պատվական են և սուրբ: Երրորդը` վավաշոտ ցանկության պատճառով, և այս մեղք է: Դրա համար պետք է դիտել և ընտրել ժամանակը, տեղը, որպիսությունը, որպեսզի պսակը լինի պատվական, սուրբ և Աստվածային օրհնության արժանի: Եվ առանց այսպիսի ընտրության բարվոքը բարվոք չի լինի, և պատվականը պիղծ և խոտան կլինի: Թող Քրիստոս Աստված փրկի չարի հնարներից առհասարակ իր անվան բոլոր հավատացողներին, և օրհնի սրբությամբ ամուսնացածների ողջախոհության պսակը: Ամեն»:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 2343
2013.08.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.