Ընթերցանություն
Գլխավոր>Մարտ 17> Հոբ 12:1-13:6

Հոբ 12:1-13:6

Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Արդ դո՞ւք էք լոկ մարդիկ. հանճարը ձեզ հե՞տ է մեռնելու։ 3Ես նոյնպէս ձեզ նման սիրտ ունեմ։ 4Արդար ու անարատ մի մարդ է ենթարկուել ծաղրանքի։ 5Սահմանուած ժամանակ պատրաստուեց. տեսաւ իր տները՝ կործանուած օտարից, անօրէնների ձեռքով աւերուած։ 6Բայց ով որ չար լինի՝ թող երբեք չյուսայ, թէ անպարտ կը լինի։ Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան։ 7Բայց դէ ե՛կ ու հարցրո՛ւ գազանին՝ թէ կը տայ պատասխան, երկնքի թռչունին՝ թէ մի՛ բան կ՚ասի քեզ. 8ու պատմի՛ր դու երկրին՝ թէ մի բան հասկացնի. կամ ձկները ծովի կը պատմե՞ն մի բան քեզ։ 9Եւ սակայն ո՞վ է, որ չիմացաւ, թէ Տիրոջ ձեռքն է ստեղծել ամէն ինչ։ 10Եւ մի՞թէ իր Տիրոջ ձեռքին չէ կեանքը կենդանի շնչերի ու հոգին ամէն մարդ էակի։ 11Զի միտքն է քննում խօսքն, ու քիմքն է համտեսում կերակուր։ 12Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ։ 13Նրանի՛ց գալիս են ուժ, իմաստութիւն, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճար։ 14Թէ Նա կործանի՝ ո՞վ կը շինի այն, թէ Նա փակ դնի մարդկանց առաջ՝ ո՞վ բաց կ՚անի այն։ 15Թէ Նա արգելք դնի ջրերի առաջ՝ կը չորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ՝ կը կործանի երկիրը։ 16Նրանի՛ց գալիս են ուժ ու զօրութիւն, Նրա՛նն են հանճար եւ իմաստութիւն։ 17Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին, 18գահերին է նստեցնում արքաներինեւ գօտի կապում նրանց մէջքին։ 19Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին։ 20Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում։ 21Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա։ 22Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի։ 23Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում։ 24Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն։ 25Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն։
13 Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս։ 2Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից։ 3Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար։ 4Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն։ 5Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան։ 6Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք։

11.03.2017
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.