Ընթերցանություն
Գլխավոր>Մարտ 21> Հոբ 38:1-39:36

Հոբ 38:1-39:36

Երբ Եղիուսը դադարեց խօսելուց, Տէրն ասաց Յոբին՝ փոթորկի ու ամպի միջից. 2«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք։ 3Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։ 4Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն։ 5Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ։ 6Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա։ 7Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։ 8Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ։ 9Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր։ 10Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. 11«Կը գաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի». այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո։ 12Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան։ 13Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ 14Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ։ 15Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների։ 16Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների։ 17Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։ 18Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։ 19Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի։ 20Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց։ 21Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են։ 22Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի։ 23Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար։ 24Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ։ 25Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները 26եւ ճանապարհներն ամպրոպների,որ տեղան երկրի վրայ, 27ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար։ 28Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին։ 29Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, 30եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։ 31Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քօղը Հայկ համաստեղութեան։ 32Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ։ 33Կ՚իմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները։ 34Ձայնովդ կը կանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կը լսի՞ քեզ։ 35Շանթեր կ՚արձակե՞ս, ու կը սլանա՞ն դրանք. եւ կ՚ասե՞ն քեզ՝ թէ ինչ է սա։ 36Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ։ 37Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ։ Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ, 38հողը փոշու պէս թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար։ 39Կերակուր կ՚որսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կը կշտացնե՞ս,երբ դրանք կուչ են եկած։ 40Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։ 41Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն։


39 Գիտես քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետե՞ւլ ես եղնիկների երկունքին։ 2Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց։ 3Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից։ 4Ազատութիւն կ՚ունենան նրանց ձագերը, ծնելով՝ կը բազմանան, դուրս կը գան ու այլեւս չեն վերադառնայ։ 5Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա։ 6Նրան իբրեւ կայան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները։ 7Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքներն հարկահանների։ 8Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտռելու։ 9Միեղջերուն յօժար կը լինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ։ 10Չուանով նրան լուծ կը կապե՞ս, կամ նա ակօս կը քաշի՞ քո դաշտում։ 11Յոյսդ կը դնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կը թողնե՞ս գործերդ քո բոլոր։ 12Կը հաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում։ 13Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսանէլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել, 14որովհետեւ նէեսան իր ձուերը գետին է դնում, հողով տաքացնում է 15ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կը գան, եւ անապատի գազանները կը կոխոտեն դրանք։ 16Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա, 17որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան։ 18Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ,կը ծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ։ 19Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ, 20պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրելու խիզախութիւն տուել նրան։ 21Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ։ 22Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա։ 23Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում՝ վահանն ու նիզակը։ 24Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում։ Չի հաւատում մինչեւ փողը չհնչի։ 25Իսկ երբ հնչում է փողը, «վա՜շ-վա՜շ» է կանչում։ Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։ 26Քո խելքի՞ց է որ բազէն թեւերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը, 27կամ քո՞ հրամանով է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բոյնի վրայ, 28մնում է այնտեղ ու կեր է փնտռում։ 29Նրա աչքերը դիտում են հեռուից, 30իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած։ Ուր որ դիակ գտնեն՝ իսկոյն այնտեղ են յայտնւում»։ 31Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց. 32«Միթէ մէկը պիտի կարողանա՞յ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տայ»։ 33Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. 34«Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ։ Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձուեմ։ 35Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»։

11.03.2017
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.