Ընթերցանություն
Գլխավոր>Մայիս 15> Գործք 17:16-34

Գործք 17:16-34

16 Եւ մինչ Պօղոսը Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ։ 17 Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ ամէն օր՝ ում որ հանդիպում էր։ 18 Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք, ձեռ առնելով, վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին ու յարութիւնն էր աւետարանում։ 19 Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես։ 20 Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ի՛նչ բաներ կը լինեն» 21 (որովհետեւ աթենացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք)։
22 Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23 քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ։ 24 Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. 25 նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր։ Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ։ 26 Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27 որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28 քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք։ 29 Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած։ 30 Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31 քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»։

32 Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կը լսենք քեզնից այդ մասին»։ 33 Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց։ 34 Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ։

16.04.2017
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.