Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Չհնացող ճշմարտություն. Աստծո պարգևը մարդկանց

Չհնացող ճշմարտություն. Աստծո պարգևը մարդկանց

Չհնացող ճշմարտություն. Աստծո պարգևը մարդկանց

Մի երեխա, ցույց տալով գրադարակի վրա դրված փոշեպատ մի գիրք, հարցնում է մորը.
-Մայրի´կ, ճի՞շտ է, որ այս գիրքն Աստծունն է:
-Իհարկե, Աստվածաշունչը Աստծո գիրքն է,- պատասխանում է մայրը:
-Դե, ուրեմն, այն պետք է վերադարձնել Աստծուն. չէ՞ որ մենք այն երբեք չենք կարդում…


Դարեր շարունակ մարդկության համար Աստվածաշունչը համարվել է անսպառ հոգևոր գանձարան: Սբ. Հովհաննես Ոսկեբերանի խոսքերով` Աստվածաշնչի կարճ ասույթում անգամ կարելի է մտքերի անասելի հարստություն գտնել. «Սբ. Գրքում չկա մի վանկ, մի նշանախեց, որի խորքում մեծ գանձ ամփոփված չլինի: Միանգամայն անհնար է,- ասում է սուրբը,- սպառել Սբ. Գրքի իմաստը: Այն անհատնում աղբյուր է»:


Դարեր առաջ էլ այս անսպառ և անհատնում աղբյուրը մտքի լուսավորիչներ` Սբ. Սահակ Պարթև հայրապետի, Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի և նրանց աշակերտների նախանձախնդրությամբ թարգմանվեց հայերենի, որ դարեր շարունակ յուրաքանչյուր հայ սնվի և ապրի Տիրոջ կենարար խոսքի համաձայն: Զուր չէ, որ շատ ավելի ուշ եվրոպացի հայագետը այս ազգանվեր, աստվածասեր գործը բնորոշեց որպես «թագուհի թարգմանությանց»:


Հայկական Աստվածաշնչի ձեռագրերից մի հիշատակարանում շարադրվում է մի պատմություն, որը ցայտուն կերպով արտահայտում է մեր ժողովրդի վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ. «Չորս եղբայր հորից ժառանգություն էին ստացել մի տուն, որը հնարավոր էր բաժանել միայն երեք մասի: Բայց հայրը նրանց թողել էր նաև Աստվածաշունչ: Երբ եղբայրները վիճակ գցեցին` որոշելու համար յուրաքանչյուրի բաժինը, նա, ում բաժին ընկավ Աստվածաշունչը, շատ ուրախացավ իր բախտի համար, իսկ մյուսները նրան սաստիկ նախանձում էին…»


Այսօր Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են Սբ. Գրքի բազմաթիվ ձեռագիր օրինակներ, որոնցից շատերը գրչության, մանրանկարչության և կազմության առումով արվեստի գլուխգործոցներ են: Պահպանված ձեռագրերի թիվը, սակայն, չի արտահայտում Հայաստանում և նրա սահմաններից դուրս երբեմնի գործածված Աստվածաշունչ Գրքերի իրական քանակը: Այս կապակցությամբ Բաբկեն կաթողիկոս Կյուլեսերյանը գրում է.«Եթե հնարավոր լիներ նույնիսկ մոտավորապես հաշվել, թե քանի օրինակ հայերեն Հին և Նոր Կտակարաններ են արտագրել հայ գիրչները Սբ. Գրքի թարգմանությունից մինչև տպագրության գյուտի ընդհանրացումը, ապշեցուցիչ թվերի առջև պիտի հայտնվենք: Ստեփանոս Օրբելյանը միայն Սյունաց աշխարհում տաս հազարից ավել Սբ. Գիրք է հաշվել (անշուշտ, Հին և Նոր Կտակարան)»:


Աստվածաշնչի հավիտենական արժեքի, նշանակության, իսկության, դաստիարակչական դերի, բարերար ազդեցության, հոգին և միտքը լուսավորող նրա զորության, նաև փրկության և բարոյականության աղբյուր լինելու մասին վկայում են աշխարհի մի շարք հռչակավոր մարդիկ: 
Մագնիսական և էլեկտրական երևույթների մեջ իր հետազոտություններով  հռչակված ֆիզիկոս  և մաթեմատիկոս Անդրե Ամպերի (1775-1836) մասին Արագոն գրում է.
«Աստվածաշնչի  և Եկեղեցու  հայրերի մշտական  ընթերցումը  նրա  համար հուսալի միջոց էր, որով պատանի մաթեմատիկոսը [հեղափոխության տարիներին] զորացնում էր իր հավատը, երբ այն սկսում էր սասանվել»: Իր կյանքի վերջալույսին Ամպերը գրում է. «Ես կուզենայի միշտ հիշել Պողոս առաքյալի խոսքերը. «Նրանք, որ աշխարհիկ կյանք են վարում, որպես թե վայելած չլինեին» (Ա Կորնթացիներ 7.31)»: Էլեկտրադինամիկայի գյուտարարը հաստատում է աշխարհի արարման մասին Մովսեսի պատմությունների ստուգությունը. « Հաջորդականությունը,- գրում է նա,- որով ի հայտ  են գալիս օրգանապես ստեղծված արարածները, խիստ համահունչ է արարչագործության վեց օրերին, ինչպես այդ մասին մեզ պատմում է Ծննդոց գիրքը»:


Նշանավոր աստղագետ  Ի. Մեդլերի (1794-1874) մասին, որի աստղագիտության գրքի բնաբանում բերված են Դավիթ Սաղմոսերգուի այս խոսքերը` «Երկինքը պատմում է Աստծո փառքը» (Սաղմոս 18. 2), պատմում են, թե նոր բնակարան տեղափոխվելիս նա ամենից առաջ իր ձեռքով տարել է Աստվածաշունչը` ասելով.  «Այս գիրքը մյուս գրքերից առաջ պետք է մտնի իմ տուն»:
Փիլիսոփա-մաթեմատիկոսներից մեծագույնը` Իսահակ Նյուտոնը (1642-1727)` ձգողության օրենքի հայտնագործողը, Աստվածաշնչի նախանձախնդիր և խոնարհ ընթերցողն էր: Այս հռչակավոր գիտնականը, որը հենց միայն Աստծո անունը լսելիս երկյուղածորեն հանում էր գլխարկը, խոր հավատ էր տածում Ս. Գրքի աստվածաշնչականության, նրանում շարադրված աստվածային Հայտնության գերբնական ծագման, սուրբգրային հրաշքների և մարգարեությունների հավաստիության հանդեպ:


Անգլիացի մեծահամբավ վիպասան Վալտեր Սկոտի (1771-1832) մասին պատմում են, թե մահվան մահճում նա խնդրում է իր փեսային հատվածներ ընթերցել գրքից: Երբ վերջինս հարցնում է` ո՞ր գրքից, մեծ գրողը, որն ինքը այնքան հրաշալի գրքերի հեղինակ էր և իր կյանքում ամբողջ գրադարաններ էր կարդացել, պատասխանում է. «Այժմ ինձ համար միայն մի գիրք գոյություն ունի. դա  թանկագին Աստվածաշունչն է: Ի՜նչ ասես, որ չի առաջարկում, ի՜նչ ասես որ չի տալիս այն մարդուն, ով զգալով իր աղքատությունը` գրքի անսպառ գանձերն է որոնում: Նա մարդուն շնորհում է երբեք չհնացող ճշմարտություն, հավիտենական հարստություն, անհագ ուրախություն, երբեք չթոշնող պսակ, վշտի ու վախի փարատում և հավիտենական կյանքի երանելի հույս: Սա Աստծո պարգևն է Իր խոսքը սիրող և պատվող մարդկանց համար»:


Ռուս մեծ գրող Լ.Ն. Տոլստոյը այսպես է արտահայտվում Աստվածաշնչի մասին.
«Ինձ թվում է, որ մարդկային ցեղի մանկության գիրքը միշտ կլինի լավագույնը յուրաքանչյուր մարդու մանկության համար: Փոխարինել այդ գիրքը մեկ ուրիշով, ըստ իս, անհնար է: Նրա մեջ ամեն ինչ, յուրաքանչյուր բառ ճշմարիտ է, ինչպես հայտնությունը, և ճշմարիտ` ինչպես արվեստը: Աստվածաշնչի բովանդակությունը ծավալվում է երեխայի առջև` իբրև կենդանի ու վեհասքանչ կտավ, որը նա երբեք չի մոռանա: Ամեն բառ որքա՜ն հասկանալի ու պարզ է մանավանդ երեխայի համար, միևնույն ժամանակ որքա՜ն խիստ է ու լուրջ…  Նրանք, ովքեր ժխտում են Սբ. Գրքի դաստիրակչական նշանակությունը` ասելով, թե Աստվածաշունչը սպառել է իրեն, թող հորինեն այնպիսի գիրք, այնպիսի պատմություններ, որոնք կբացատրեն բնության երևույթները, կամ էլ` ընդհանուր պատմությունից կամ երևակայությունից ինչ-ինչ բաներ, որոնք կընկալվեն այնպես, ինչպես  սուրբգրային պատումները: Այնժամ մենք կհամաձայնենք, որ Սբ. Գիրքը սպառել է իրեն: Ես կրկնում եմ իմ` թերևս անձնական փորձի վրա հիմնված համոզմունքը. առանց Աստվածաշնչի անհնար է երեխայի և մարդու զարգացումը մեր հասարակության մեջ, ինչպես որ այդ անհնար կլիներ հունական հասարակության մեջ առանց Հոմերոսի: Աստվածաշունչը տարրական և մանկական ընթերցանության միակ գիրքն է: Աստվածաշունչը թե` ձևով, թե` բովանդակությամբ իբրև նմուշ պետք է ծառայի բոլոր մանկական ձեռնարկների և ընթերցանության գրքերի համար»:


Մեծատաղանդ նկարիչ Լյուդվիգ Ռիխտերը (1803-1884) պատանեկան հասակում հավատ չուներ, սակայն հետագայում դարձավ Սբ. Գրքի երկյուղալից մեծարողը: 1825թ. հունվարի  5-ին  նա իր օրագրում գրում է. «Այժմ Աստվածաշունչը իմ միակ գիրքն է: Իմ իրական երջանկությունը սկսվեց այն պահից, երբ Սուրբ Գիրքն  ու ջերմեռանդ աղոթքը հավատ արթնացրին իմ մեջ: Միայն հիմա` կյանքի անմոլար միակ ճշմարիտ ուղին գտնելուց հետո կարող եմ ինձ կենդանացած համարել»:


Պատմում են, թե Անգլիա այցելած մի հնդիկ իշխան ցանկանում է իմանալ այդ հզոր պետության մեծության գաղտնիքը: Վիկտորիա թագուհին (1819-1901) նրան  չի ցույց տալիս ո՛չ իր հիանալի նավատորմը, ո՛չ գանձարանը, ո՛չ քաջարի բանակը, ո՛չ էլ ծովային հարուստ նավահանգիստները: Այլ, ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, ասում է. «Այս գիրքն է իմ ժողովրդին բարօրություն պարգևել և նրան դարձրել երջանիկ»:


Աշխարհահռչակ այս մարդկանց վկայություններին ծանոթանալով`  Սբ. Թարգմանչաց տոնի պատգամի համաձայն, վերհիշենք Քրիստոսի հետևյալ խոսքերը. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս 4.4):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2862
2013.10.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.