Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> «Տաթև» թիմը կարողացավ լինել ավելի լավը, քան երեկ

«Տաթև» թիմը կարողացավ լինել ավելի լավը, քան երեկ

«Տաթև» թիմը կարողացավ լինել ավելի լավը, քան երեկ

Հունիսի 7-ին Սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճում  տեղի ունեցավ ավանդույթ դարձած  ինտելեկտուալ փառատոնի գարնանային խաղը:
Տասնութ թիմ, երեք խաղափուլ և յուրաքանչյուրում տասնվեց հարց: Նախքան խաղի սկսվելը Տեր Եսայի քհն. Արթենյանը ներկայացրեց խաղի կանոնները և հաջողություն մաղթեց թիմերին: Իսկ միասնաբար արտասանած «Հայր մեր»-ը ազդարարեց խաղի սկիզբը: «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի նախագահ, փառատոնի մրցավար  Սեյրան Մարտիրոսյանը իր խոսքում մասնակիցներին հիշեցրեց գլխավոր սկզբունքը, որ չպետք է ձգտել լինել ավելի լավ, քան մյուսները, այլ հարկավոր է ձգտել լինել ավելի լավ, քան երեկ: Մոտավորապես չորս ժամ տևողությամբ խաղի ընթացքում հնչեցին ամենատարբեր ու հետաքրքիր հարցեր: Բոլորն էլ հոգևոր բնույթի, սակայն մեկը մյուսից տարբեր, մեկը մյուսից խորաթափանց: Հնչեցին նաև հարցեր Աստվածաշնչից «ստուգարքի» տեսքով, որոնք խաղի հաղթող թիմի՝ «Տաթևի» ավագ Նարեկ Եզակյանի կարծիքով հեշտ էին. «Խաղը լավն էր: Մի քիչ անսպասելի էր մեզ համար, որ հատեցինք երեսուն ճիշտ պատասխանների շեմը: Մենք քսանհինգից ավել երբեք չէինք պատասխանել: Լավ մրցակից էր նաև «Գանձասարը»: Կային լավ, հետաքրքիր հարցեր, կային նաև ծանոթ հարցեր, ստուգարքային հարցերը կարծում եմ շատ հեշտ էին»:


Խաղի մասին իր տպավորություններով կիսվեց նաև Սբ. Երրորդություն եկեղեցու «Սկիզբ» թիմի անդամ Թագուհին. «Ինձ համար որպես մասնակից խաղը ոչ միայն ստուգատես է իմ տրամաբանության, աստվածաշնչյան գիտելիքների, թիմով աշխատելու և ճիշտ կողմնորոշվելու կարողության, այլ նաև նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն է: Խաղը ոգևորում և կոչ է անում ոչ միայն Աստվածաշունչը ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, այլև հետաքրքրության նոր ուղղություններ է տալիս: Օրինակ այս խաղից հետո որոշել եմ կարդալ Պաուլո Կուելոյի «Լույսի զինվորը» ստեղծագործությունը և ծանոթանալ Ալբրեխտ Դյուրերի նկարների հետ»:


Իզուր չէ, որ մասնակցին այսքան հետաքրքրել են վերոնշյալ ստեղծագործությունները, քանի որ խաղի ընթացքում մի քանի անգամ հնչեցին հարցեր Պաուլո Կուելոյի «Լույսի զինվորը» ստեղծագործությունից և մասնակիցներին տրված տեսահարցերում առկա էին Ալբրեխտ Դյուրերի Հայտնության մասին շարքից նկարներ:
Հանդիսատեսից Նելլին մեծ հետաքրքրությամբ էր հետևում խաղին. «Այս խաղը ինձ նոր գիտելիքներ, նորություններ տվեց, ինչպես նաև առիթ տվեց ընթերցելու և վերընթերցելու որոշ գրքեր: Խաղի ժամանակ փորձում էի ինքս պատասխանել մասնակիցներին տրված հարցերին»:


Եվ այսպես, ԱՀԹ ինտելեկտուալ փառատոնի գարնանային խաղում հաղթեց Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու «Տաթև» թիմը, երկրորդ տեղում էր Նորք-Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմը, իսկ երրորդ տեղում՝ Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու «Առաքյալներ» թիմը:

Ավարտվեց ինտելեկտուալ փառատոնի գարնանային խաղը, որը հնարավորություն տվեց թե՛ մասնակցին, թե՛ հանդիսատեսին գիտելիքի մեջ  ևս մեկ քայլ  առաջ գնալու և հարստանալու իմաստության ու գիտության բարիքներով:

 


Անի Ավետիսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 1561
2014.06.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.