Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Սբ. Ադոքտոսի և նրա դստեր Կալիսթինեի վարքը (ըստ Հայսմավուրքի)

Սբ. Ադոքտոսի և նրա դստեր Կալիսթինեի վարքը (ըստ Հայսմավուրքի)

Սբ. Ադոքտոսի և նրա դստեր Կալիսթինեի վարքը (ըստ Հայսմավուրքի)

Այսօր սուրբ Ադոքտոսի և նրա դուստր Կալիսթինեի վարքի և նահատակության հիշատակն է:
Նա Եփեսոս քաղաքից էր, Մաքսիմիանոս կռապաշտ արքայի տարիներին մեծապատիվ դուքս և եպարքոս էր, հավատով քրիստոնյա: Ուներ գեղեցիկ դուստր կույս՝ Կալիսթինե անունով: Արքան, լսելով Կալիսթինեի մասին, կամեցավ նրան կնության առնել: Նրա հայր Ադոքտոսը, իմանալով չկամեցավ դա՝ արքայի պիղծ հավատքի պատճառով, և գաղտնի ուղարկեց իր աղջկան արևելք փախչելու:


Եվ արքան, լսելով, ինչ արեց Ադոքտոսը, իմացավ, որ նա քրիստոնյա է, վերցրեց նրանից ամեն ինչք և ունեցվածք, զրկեց պաշտոնից և տիտղոսից ու աքսորեց ընտանիքով Միջագետք: Գրեց Աղեքսանդրոս դուքսին, որ նեղի Ադոքտոսին և ստիպի ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին, իսկ եթե չհամաձայնվի՝ չարչարել և մատնել դառն տանջանքների: Այդ պատճառով սուրբ Ադոքտոսը սաստիկ բռնադատվեց Աղեքսանդրոս դուքսի կողմից և չուրացա´վ Քրիստոսին, սրա համար էլ գլխատեցին նրան: Սուրբ Ադոքտոսին թաղեցին նրա կինն ու մյուս դուստրը, որի անունն էր Պելոպիա:


Իսկ Կալիսթինեն Նիկոմիդա քաղաքում էր և մնաց այնտեղ մոտ ութ տարի: Երբ լսեց իր հոր մարտիրոսանալու մասին, ածիլեց գլուխը ու, ձևանալով տղամարդ, բժշկի կերպարանքով գնաց Թիրակ: Դա արեց, որպեսզի թագավորը չիմանա: Եկավ մի այրի կնոջ մոտ, որի դուստրը հիվանդ աչքեր ուներ, ու, որպես թե դեղերով, բուժեց նրան Քրիստոսի անվամբ: Ու կամեցավ մայրը տալ իր դուստրին նրան կնության, կարծելով, թե տղամարդ է, քանզի տեսավ, որ երիտասարդ է, տեսքով գեղեցիկ և բժշկության արվեստի մեջ` ճարտար: Երբ Կալիսթինեն իմացավ, որ նրանք քրիստոնյա են, հայտնեց նրանց իրեն և այն, ինչ պատահեց իր ծնողների հետ:


Աստծո հրեշտակի կողմից Մաքսիմիանոսի սպանությունից հետո, թագն առավ Լիկիանոսը, որի կինը Կոստանդիանոս Մեծի քույրն էր: Կալիսթինեն, իմանալով, որ թագուհին քրիստոնյա է, գնաց նրա մոտ և պատմեց նրան ամենը, ինչ պատահեց իր հետ: Թագուհին պահեց Կալիսթինեին իր մոտ, ապարանքում ու անվանեց նրան իր զավակը, վերադարձրեց ամբողջ ունեցվածքը, որ խլել էր Մաքսիմիանոսը նրա հորից: Վերցնելով թագուհուց զորականներին` Կալիսթինեն գնաց ասորական Միջագետք ու բերեց իր մորը և քրոջը ու հոր նշխարները Եփեսոս: Եվ այնտեղ պատվով թաղեցին սուրբ Ադոքտոսին: Կալիսթինեն և նրա քույրը ու մայրը ապրեցին բարի և առաքինասեր վարքով` հոգ տանելով իրենց հոր Ադոքտոսի սուրբ մարմնի պահպանությանը: Եվ հանգչեցին ի Քրիստոս ու դրվեցին Քրիստոսի վկա Ադոքտոսի մոտ:


թարգմանեց Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 9449
2014.09.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.