Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> «Անմիտ մեծահարուստը» առակի մեկնությունը

«Անմիտ մեծահարուստը» առակի մեկնությունը

«Անմիտ մեծահարուստը» առակի մեկնությունը

Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ։ Գիտեմ, - ասաց նա, - թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. ու ինքս ինձ կ’ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր”»։ Աստուած նրան ասաց. “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։ Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»։  (Ղուկաս 12:16-21)


Այստեղից պարզ է դառնում, որ հարստությունն Աստծուց է` ըստ այնմ. «Իմ կողմից են հարստանում մեծամեծերը» (Առակներ 8.16), և թե` «Իմն են հարստությունն ու փառքը, շատերի ունեցվածքն ու արդարությունը» (Առակներ 8.18), ուստի դրանով չպետք է հպարտանալ: Հարստությունը տրվում է անձին ոչ միայն սփոփանքի և մխիթարության համար, այլ նաև որպեսզի ինքն էլ ուրիշներին մխիթարի, բայց անմիտները, չար ձևով օգտագործելով այն, սայթաքում են, և այն Աստծո արարածների մեջ կուռքի նման է դառնում, անզգամների ոտքերի որոգայթ (Իմաստություն Սողոմոնի 14. 11): Ուստի հարստությունը նման է գինու, որ ոմանց զգոն, հեզ և առատաձեռն է դարձնում, իսկ ոմանց` հանդուգն, անառակ, բարկացող և այսահար: Այսպես՝ կան մարդիկ, որ ինչքան հարստանում են, այնքան խոնարհեցնում են իրենց՝ բազմապտուղ ոստերի նման: Այսպես ասաց Հակոբը. «Եթե Տերն ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, Տերն իմ Աստվածը կլինի» (Ծննդոց  28.20-21): Ուրիշներ էլ կան, որ երբ հարստանում են, ուրանում են Աստծուն, ինչից երկնչում էր Սողոմոնը. «Չլինի թե հարստանամ և ասեմ` ո՞վ է Տերը» (Առակներ 30. 9): Ուստի Տերը Մովսեսի միջոցով ժողովրդին զգուշացնում էր. «Զգուշացի՛ր, գուցե ժառանգես երկիրը և բազմանան քո արջառները... և մոռանաս Տեր Աստծուն» ( Բ Օրենք  8. 13-14):


Արդ, այս մեծատունը երախտիքներն ուրացավ` ասելով. «Ի՞նչ անեմ, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա» (12. 17): Եթե մեծատունը բարի մեկը լիներ, շտեմարանը քանդելուց նա ավելի դյուրին մեկ ուրիշ հնար կբանեցներ, այսինքն` ավելորդը կտար աղքատներին, որոնք երկնային շտեմարաններ են, ուր կուտակվածն անձեռնմխելի է մնում: Թեպետ գովելի է սեփական անձին անհրաժեշտ մասից տալը. «Սա իր ամբողջ ունեցվածքը տվեց» (Մարկոս 12. 44), բայց քանի որ նրա ձեռքը փակ էր, ավելորդից էլ չբացվեց վերցնելու և գցելու քաղցյալների սրտի մեջ: Երկրորդ` հնարավոր էր գոնե ավելորդն Աստծուն բաժին հանել, թեպետ սերմն էլ, արտերն էլ Նրանն են. «Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից» (Առակներ 3.9), «Բաժին տուր ոչ միայն յոթին, այլև ութին»(Ժողովող  11.2): Իսկ եթե դեռ ավել բաժին մնա, իմաստունի՛ն անսա. «Հացդ ջրի՛ն տուր. եթե օրերդ շատ լինեն, կգտնես այն» (Ժողովող 11.1): Բայց նա սրանցից ոչ մեկի մասին չմտածեց, որովհետև ագահությամբ այնքան էր կապվել ունեցվածքին, որ ամբողջովին մոռացել էր Աստծուն՝ կարծելով, թե կյանքը հարստության մեջ է: Ուստի աղքատների մասին հոգ չէր տանում, որովհետև ինքն էլ իր հարստության մեջ էր աղքատ, քանի որ աղքատի նման մտահոգվում էր իր ապրուստի մասին և ասում. «Ի՞նչ պիտի անեմ»:


Սա առ Աստված հույս չուներ, ոչ էլ հավատում էր, որ Նրանով է ինքը կենդանի, այլ կարծում էր, որ իր կյանքն իր կուտակած հարստության մեջ է, ուստի չէր կշտանում կուտակելուց: Այսպիսիների մասին է ասվում. «Հավատացյալի համար ամբողջ աշխարհը լի է հարստությամբ, բայց անհավատը մեկ լումա իսկ չունի» (Առակներ 17.4), «Ով արծաթ է սիրում, չի կշտանա նրանից» (Ժող. 5. 9): Եվ զարմանալի չէ, որովհետև ում աչքը միշտ ագահ է, նա իր թագավորության ժամանակ էլ ոչ միայն ունեցվածքից է աղքատ լինում, այլ նաև իմաստությունից: Ուստի հիմարությամբ հնար գտնելով` ասում է. «Գիտեմ՝ ինչ պիտի անեմ. կքանդեմ իմ շտեմարանները, ավելի մեծերը կշինեմ, և ինքս ինձ կասեմ »(12.18-19): Այսքան աշխատանք է հանձն առնում` քանդում է շտեմարանները, ավելի մեծերը շինում և իր բերքը կուտակում, երեք պատճառով` հանգստանալու, ուտելու և ուրախանալու համար: Սա՛ է բոլոր ագահների նպատակը, որոնք այն հարստությունն են փնտրում, որի հանգիստը մեղքի մեջ է. «Մովաբը հանգստացավ իր մսուրում» ( Երեմիա 48. 11): Սեղանը մեղքի մեջ է. «Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր են կենում, ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, որովհետև գինին բորբոքում է նրանց» (Եսայի 5.11), այսինքն` մեղքերով՝ նրանց հոգին, և թե` «Ո՞ւմ համար է վայը. ո՞չ արդյոք նրանց, ովքեր տարվում են գինով» (Առակներ 23. 29-30):


Այսպես նաև նրանց ուրախությունն է մեղքի մեջ. «Ուրախանում են չարիքներ գործելով» (Առակներ 2.14), և թե` «Վա՜յ ձեզ, որ ծիծաղում եք» (Ղուկաս 6. 25): Այսպիսին էր նաև անողորմ մեծատունը: Երանի՜ թե այս ծանր աշխատանքի մի մասը հանձն առնեին անանց հանգստի և ուրախության համար և իրենց հոգու պաշարի համար մի փոքր շտեմարան շինեին: Այս կյանքի նկատմամբ սերը նրա մտքից նաև մահվան հիշատակն էր հանել, ուստի Աստված հիշեցնում է. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. իսկ ինչ պաստրաստել ես, ո՞ւմն է լինելու» (22. 20):


Ով բոլորովին չի մտածում ապագայի մասին, անմիտ է, որովհետև չի կարող պատշաճորեն նախապատրաստել քայլերը, որոնցով պիտի հասնի փրկության, ինչպես եթե նավապետը միայն ճանապարհի երկարությունը տեսնի, իսկ ալեկոծությունը՝ ոչ, միայն կերակուրը պատրաստի, իսկ խարիսխը, որով ալեկոծությունից պիտի պաշտպանվի՝ ոչ: Այսպիսին են մրջյունները, որոնք բնական բնազդով թեպետ հոգում են ապագայի մասին, բազում մթերքներ են կուտակում ամռան համար, բայց չեն մտածում հեղեղների մասին, որոնք երբ վարարում են, ոչ միայն նրանց մթերքներն են ողողում, այլև նրանց են խեղդամահ անում:


Այսպիսին էր նաև այս մեծատունը, որ, մրջյունի նման միայն մարմնավոր աչքեր ունենալով, ապրուստի մասին միայն հոգաց` մոռանալով մահվան մասին, որ զրկում է այն ամենից, որի համար ջանք թափեց արեգակի ներքո: Նմանապես Սիրաքն է խոսում այսպիսի անմիտ ագահների մասին` ասելով. «Կա մարդ, որ հարստանում է անխնա կուտակելով, և նրա վարձի բաժինը դա է. ասում է, թե` «Ինձ համար հանգիստ գտա և այժմ իմ բարիքները միայնակ պիտի ուտեմ», սակայն չգիտի, որ ժամանակն անցողիկ է, մահը մոտենալու է, և ինքն ամեն ինչ թողնելու է ուրիշներին և մեռնելու է» (Սիրաք 11. 18-20) Սաղմոսերգուն խնդրում է իմանալ իր օրերի մասին. «Ցո՛ւյց տուր ինձ, Տե՛ր, թե երբ է լինելու իմ վախճանը», և իմանալով, որ յոթանասուն տարի է` ցնծալով երգում է. «Ահա սահման դրեցիր իմ օրերին...» և դրանք ոչինչ համարելով` եզրակացնում է. «Արդարև մարդը շրջում է ինչպես մի ուրվական, գանձ կուտակում` չիմանալով, թե ո՛ւմ համար է կուտակում» (Սաղմոս 38. 5-7): Հնարավոր է, իմաստուն Սողոմոնի նման, հարստությունից հրաժարվելով՝ նախքան մեռնելը հասկանալ, որ կամա թե ակամա թողնելու ենք այն, ուստի ասում է. «Սրտովս հրաժարվեցի իմ բոլոր վաստակներից, որովհետև թողնելու եմ դրանք այն մարդուն, որ ինձանից հետո է գալու» (Ժողովող 2. 20, 18):


Բայց սրտով հրաժարվելուց հետո պարտավոր ենք արքայության փառքի հույսով բաշխել աղքատներին. «Բաժանեց և տվեց աղքատներին, նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից, և նրա եղջյուրը բարձր կլինի փառքով» (Սաղմ.111. 9): Մեր կամքին հակառակ թողնելու ենք աշխարհը. «Անիրավությամբ դիզվածը կեսօրից պիտի պակասի» (Առակներ 13. 11), ինչը պատահեց այս ագահ մեծատան հետ, ով անգամ մի օր չկարողացավ իր անիրավ ունեցվածքից վայելել: Այսպես պիտի լինի նաև նրանց հետ, ովքեր «իրենց համար են կուտակում և ոչ թե Աստծո» (12. 21): Այստեղից երևում է, թե ինչքա՛ն օգտակար է մահվան մասին խոկալը, ինչը մարդու սիրտը նյութական բաներից հեռու է պահում, ուստի ասվում է. «Որդյա՛կ, հիշի՛ր քո վախճանը և երբեք չես մեղանչի» (Սիրաք 7. 40):

 

Պետրոս արք. Բերդումյան

Դիտվել է 820
2014.11.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.