Ընթերցանություն

Փորձելով ճանաչել Աստծուն

Փորձելով ճանաչել Աստծուն

Հետևյալ տառերի՝ «Քե», «Է», «Սե», «Մեն» հաջորդական դասավորվածությամբ է զարդարված Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից Հայոց խաչքար-տառերի պուրակի առաջին շարքի մի հատվածը:  Խաչքար-տառերի այս հաջորդականությունը պատահական չէ, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսի էջքը Էջմիածին և Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Ապա «Այբ»-ը՝ Աստծո Արքայություն և Արարատ լեռ,    «Բեն»՝ Բարձրյալ Աստված, բազմություն, «Գիմ»-ը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ և այսպես հաջորդականորեն…


Նոյեմբերի 30-ին Օշականում Հայոց միաբանված խաչքար-տառերի պուրակում միաբանվել էին Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները և մեծ հետաքրքրությամբ լսում էին Արման սրկ. Ահարոնյանի բացատրությունը  ամեն մի խաչքար-տառ սիմվոլի մասին: Միության անդամների զարմացական հայացքներն ուղղվել էին դեպի Շերամ սիմվոլով «Շա» խաչքար-տառը. այս պուրակի քար լռությունը ժամանակ առ ժամանակ ընդհատում է հենց այս խաչքար-տառը՝ «Շա»-ն, որը մեղմ քամուց իսկ սկսում է երգել: Պուրակում բոլոր տառերն ունեն սիմվոլներ, բացի «Ռա» տառից: Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի առաջին իսկ մուրճի հարվածից  խաչքար-տառն ինքն էր իր սիմվոլը որոշել՝ դառնալով Սիս և Մասիս: Ապա երիտասարդների ուշադրությունը գրավել էր 2010 թ-ին հայտնաբերված 5-րդ դարի եկեղեցու հիմքերը:


Մինչ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարուստ պատմությանը, ավանդությանը և Հայոց այբուբենի խաչքար-տառ սիմվոլներին ծանոթանալը՝ երիտասարդները Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ միասին մասնակցեցին Սուրբ Պատարագին:
Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը Սբ. Պատարագին, Ավետարանական «Ամիտ մեծահարուստի առակ»-ի համաձայն, ներկաներին պատգամեց ապրելու ամեն տեսակ ագահությունից հեռու մի կյանք, քանի որ մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից: Անհոգ և ապահով կյանք էր իր մտքում նախատեսում անմիտ մեծահարուստը՝ մտորելով. «Ո՛վ մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր»: Իր նախատեսած անհոգ կյանքը ընդհատվեց, երբ Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու են քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը»: Առակի վերջաբանը Քրիստոսի եզրակացությամբ բոլորին զգուշացնում է. «Նույնն է բոլոր նրանց պարագան, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծո աչքին» (Ղուկաս 12. 13-21):


Սբ. Պատարագից հետո երիտասարդաց միության անդամները սիրո ճաշի շուրջ հավաքվեցին: Ապա «Սբ. Մեսրոպ Մաշտոցի դպրատուն» գիտամշակութային կենտրոնում մասնակցեցին «Ինչպիսի՞ն է Քրիստոս և արդյո՞ք ճանաչում ենք Նրան» թեմայի շուրջ զրույց-քննարկմանը:

«Հոգևոր կյանքը անընդհատ մեզ առաջնորդում է նոր բացահայտումների, նոր ճանաչողության, նոր գիտակցության: Մարդու առօրյա կյանքում շատ հաճախ պարզվում է, որ մարդն ընդհանրապես չի ճանաչում Քրիստոսին: Մարդկային ողջ պատմության մեջ հոգևոր խնդիր է Աստծուն բացահայտելը՝ ինչպիսի՞ն էր Քրիստոս»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:


Ապա Տեր Հայրը հավելեց. «Հին Կտակարանում շատ է բողոքը Աստծո դեմ: Ամենահայտնի օրինակը՝ Հոբը, ով իր բողոքի մեջ կարևոր մի արտահայտություն ունի՝ ասելով. «Մի՞թե դու նայում ես, ինչպես մարդն է նայում, կամ տեսնում, ինչպես մահկանացուն է տեսնում» (Հոբ 10.4): Եվ սա այն բողոքն է, որ հնչում է Հոբի շուրթերից: Գրեթե բոլոր նահապետների, մարգարեների մոտ այդ բողոքը կա՝ թույլ կամ ուժեղ արտահայտված: Ի պատասխան մարդկային այդ բողոքի, Աստված եկավ մարդուն ընդառաջ և մարդացավ, որպեսզի մարդն առավել ևս ճանաչի Իրեն»:


Տեր Հայրը մատնանշեց Աստծուն ճանաչելու սիրո ուղենիշներով ճանապարհները. Աստծուն փնտրել և տեսնել ամեն մարդու և ամեն ինչի մեջ՝ անկախ  զբաղվածությունից, քանի որ կարիք կա ճանաչելու Աստծուն, որին չենք ճանաչում:

Զրույցի վերջում Տեր Հոր ցանկությունն էր, որ միության մեջ, մեկը մյուսին օգնելով, փորձեն փնտրել և բացահայտել Քրիստոսին: Ամեն մի ուխտագնացություն էլ նպատակ ունի հասկանալ, թե որտե՞ղ է Աստված, ինչպիսի՞ն է Նա և ի՞նչ է ուզում մեզանից:

Այնուհետև Սբ. Երրորդության եկեղեցու երիտասարդաց միության անդամների ուխտի ճանապարհը ուղղվեց դեպի Օհանավանք, որտեղ մասնակցեցին երեկոյան ժամերգությանը:


Երիտասարդաց միության անդամներից Դիանան առաջին անգամ էր մասնակցում ուխտագնացությանը. «Տպավորված եմ, մեծ սիրով նորից կմասնակցեմ ուխտագնացությանը, ամեն ինչ շատ հետաքրքիր անցավ անմիջական և ջերմ մթնոլորտում»:
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ուխտագնացության մասնակցությունը: Իրական ուխտագնացությունը համախմբում և մտերմացնում է մասնակիցներին: Ինձ դուր եկավ այսօրվա քննարկման թեման՝ ճանաչել Քրիստոսին, քանի որ հավատալու համար նախ պետք է ճանաչել: Հակառակ դեպքում, ինչպես նշվեց քննարկմանը, կլինի քրիստոնեություն առանց Քրիստոսի»,- ասաց Արաքսը:

Ճանաչել Աստծուն «… նշանակում է սիրել, ինչպես Նա է սիրում, օգնել, ինչպես Նա է օգնում, տալ, ինչպես Նա է տալիս, ծառայել, ինչպես Նա է ծառայում» (Մայր Թերեզա):


Արդյո՞ք ճանաչում ենք Քրիստոսին, պատրա՞ստ ենք ճանաչել կամ ցանկանո՞ւմ ենք ճանաչել, թե՞ ճանաչում ենք այնքանով, որքանով, որ մեզ հարմար է. քննարկման այս  հարցերի շուրջ մտորումներով էլ երիտասարդ ուխտավորները վերադարձան ուխտից:

 


Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5086
2014.11.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.