Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> «Անարծաթ» բժիշկներ՝ Կոզման և Դամիանոս

«Անարծաթ» բժիշկներ՝ Կոզման և Դամիանոս

«Անարծաթ» բժիշկներ՝ Կոզման և Դամիանոս

Անթիմոս, Ղևոնդիոս, Եվպրեպիոս, Կոզման և Դամիանոս. հինգ եղբայրներ էին Արաբիայից, որոնք ապրել են 3-րդ դարի վերջում: Նրանց խնամել և դաստիարակել է առաքինի և քրիստոնյա մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև): Եղբայրներից երկուսը՝ Կոզման և Դամիանոսը, երկվորյակ էին: Նրանք տիրապետում էին բժշկական արվեստին: Իրենց գիտության վրա Աստված ավելացրեց բժշկության շնորհը: Եղբայրները իրենց մոր հորդորով ձրիաբար էին բուժում հիվանդներին՝ առաջնորդվելով ավետարանական հետևյալ պատգամով. «Բժշկեցե՛ք հիվանդներին, մաքրեցե՛ք բորոտներին, հանե՛ք չար ոգիներին. ձրի առաք, ձրի էլ տվե՛ք» (Մատթեոս 10.8): Կոզման և Դամիանոսը շրջում էին քաղաքից քաղաք, կույրերին տեսողություն էին տալիս, կաղերին քայլեցնում, հաշմանդամներին առողջացնում, դևերին հալածում էին և ամեն տեղ ուրախություն, առողջություն և խաղաղություն տարածում:


Նրանք երբեք իրենց կատարած բժշկության դիմաց գումար չէին վերցնում: Եվ քանի որ այս ամենը առանց վարձքի էին կատարում, այդ պատճառով կոչվեցին «Անարծաթ բժիշկներ»:
Երկու եղբայրները քաջալերում էին հիվանդներին ապավինել Հիսուս Քրիստոսին, որպեսզի Տիրոջ հավատով բուժվեն: Նրանք միայն մարդկանց չէ, որ բուժում էին, այլ նաև կենդանիներին: Եղբայրների համար Աստծո բոլոր արարածները կարևոր էին: Կոզման ու Դամանիոսը միայն բժշկելու շնորհը չէ, որ ունեին: Նրանք բավականին հարստություն էին ժառանգել ծնողներից: Մարդկանց անվճար բուժելուց բացի, աղքատներին գումար էին բաշխում:


Այդ օրերին մյուս քրիստոնյաների նման Կոզմանին և Դամիանոսին ձերբակալեցին և շղթայված բերեցին Գալերիոս կայսեր առջև: Նրանց սպառնացին ուրանալ քրիստոնեական հավատը, սակայն եղբայրները մնացին անսասան ու անհողդողդ: Նրանք ոչ միայն մերժեցին երկրպագել կուռքերին, այլ նաև դիմեցին կայսրին՝ ասելով. «Եթե վարպետները չքանդակեին քո կուռքերը, դուք պաշտելու այլ բան չէինք ունենա»: Կայսրը տեսնելով Կոզմանի և Դամիանոսի քաջությունը՝ հրամայեց ազատ արձակել նրանց և ինքն էլ դարձավ քրիստոնյա: Քանի որ համոզվեց, որ միայն ճշմարիտ Աստված կկարողանար եղբայրներին այդպիսի զորություն և մյուսներին սիրելու շնորհ պարգևել:


Կոզման և Դամիանոսը շարունակեցին բուժել հիվանդներին և օգնել աղքատներին: Նրանք հորդորում էին բոլորին ապավինել Աստծուն և սիրել Նրան ամեն բանից վեր: Նրանց հռչակը տարածվեց ամբողջ երկրում, և մարդիկ երախտապարտ էին նրանց, քանի որ պատրաստակամորեն բժշկում էին ամենքին՝ առանց դրամ պահանջելու:
Մեկը, որ ժամանակին եղել էր նրանց ուսուցիչը, սկսում է նախանձել եղբայրներին: Նախանձը հետզհետե փոխվում է ատելության: Մի օր նա հրավիրում է նրանց բարձրանալ մոտակա սարերը՝ դեղաբույսեր և օգտակար արմատներ հավաքելու: Լեռների հանդարտ մենության մեջ նա սպանում է եղբայրներին:
Կոզման և Դամիանոս եղբայրները մահացան իբրև ճշմարիտ քրիստոնյաներ, ովքեր բուժում և հույս էին ներշնչում բոլոր կարիքավորներին:


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի նրանց հիշատակում է դեկտեմբերի 22-ին:

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 754
2014.12.22
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.