Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի երկրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի երկրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի երկրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Արարչության երկրորդ օրում ստեղծվեց հաստատությունը (* երկինքը)` բաժանելու համար վերին ջրերը այն ջրերից, որ ներքևում, այստեղ են. երկինքը առաջացավ Արարչի խոսքով (Ծննդոց 1.6-8): Հրեշտակային դասերի կարգավորության որպիսությունը անհաս է մարդկային մտքին, նույնպես և այստեղ հրեշտակների զորքերին անհաս է և ծածուկ Աստծո մարդեղության խորհուրդը` մեր փրկության համար: Այն ժամանակ, առաջին արարչությունում, արգելվեց վերին արփիի ծագումը այս ներքին աշխարհից: Իսկ այժմ, Քրիստոսի մեր Աստծո Ծննդյան և Հայտնության տոնախմբության երկրորդ օրը, որ կրկին արարչագործություն է, կատարվում է Սուրբ Ստեփանոսի հիշատակը բազում պատճառներով:


Նախ, որովհետև առաջին սարկավագ ձեռնադրվեց մեր մեծ քահանայապետ Քրիստոսին Նրա առաքյալների կողմից: Արդ, ճշմարիտ քահանայապետի հայտնվելու պատճառով հարկ էր, որ մի սարկավագ լինի սպասավորության մեջ Նրա մոտ: Երկրորդ, ինչպես որ առաջին սարկավագ էր, նույնպես և առաջին զինվոր ընտրվեց Սուրբ Ստեփանոսը մեր բնությունից` մեր թագավոր Քրիստոսի Աստծո համար` լինել վկա, սարկավագ և զինվոր Նրա անմահ թագավորության: Արդ, ճշմարիտ թագավորի երևալու հետ, հարկ է և զինվորին լինել Նրա առջև: Երրորդ, մեր Փրկչի խոստման պատճառով, որ ասաց Իրեն սիրողների մասին հանդերձյալ կյանքում, թե «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ պաշտոնյան կլինի» (Հովհաննես 17.24), այսինքն, որ Նրա սիրելիները կվայելեն Իր աստվածության պատիվն ու փառքը: Այս խոստումը մասնավորապես պիտի կատարվեր այստեղ: Քանզի մեր Փրկչի հայտնությունը բոլոր քրիստոնյաների կողմից փառավորությամբ պատվելու հետ մեկտեղ, արժան էր և ծառային իր տիրոջ հետ պատվել և ճշմարիտ վկայի` Քրիստոսի հետ` առաջին վկային, որ վկայեց Պոնտացի Պիղատոսի առջև: Եվ զինվորին` թագավորի հետ, սարկավագին` քահանայապետի հետ, աշակերտին` վարդապետի հետ: Որպեսզի ծառայի պատիվը տիրոջ պատվի հետ տեսանելի լինի, բոլորը, քաջալերվելով, հոժարությամբ դիմեն նրա ետևից` հասնելու այն սքանչելի պատվին: Բայց զարմանալի է չորրորդ պատճառը. քանզի երբ Ադամը հանցանք գործեց մեղանչելով, նրանից ծածկվեց Աստծո փառքի տեսությունը, ու նրա համար փակվեց երկինքը, և նրանից հետո նրա բոլոր ծնունդների համար, դրա նմանությունը ցույց տվեց Աստված` տարածելով հաստատությունը:


Այժմ Աստված իջավ երկնքից մարդկանց փրկության համար, որպեսզի մարդկային բնությունը բարձրացնի Իր աստվածային բնության: Թեպետ Աստված, մարդանալով, իջավ երկնքից` մեր բնությամբ երկնքի մուտքի փակվելու պատճառով, սակայն պետք էր, որ մեկը մեր տկար և հաղթված բնությամբ հայտնվի քաջությամբ, արիանա ու բացի երկնքի մուտքը, որ փակվեց Ադամի մեղքով:

Դրանով էր սկիզբը ողորմության և շնորհների, որ Սուրբ Ստեփանոսի միջոցով եղավ, ով իր նահատակության ժամին աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ահա´ տեսնում եմ երկինքը բացված» (Գործք Առաքելոց 7.55), հայտնի է, որ այն փակվել էր Ադամի հանցանքով: «Եվ տեսնում եմ Հիսուսին, որ կանգնած է Աստծո աջ կողմում» (Գործք Առաքելոց 7.55): Նույն այս տեսությունն էր, որ ծածկվեց Ադամից, և այս նույնը երևաց մեծ Ստեփանոսին, իր աստվածային փառքով: Որը ոչ ոք մարդկանցից չտեսավ նույնպես հայտնապես` Աստծո փառքի տեսությունը, մինչև Սուրբ Ստեփանոս: Ապա ուրեմն, հիրավի այս երկրորդ օրը նա պատվվում և մեծարվում է իր Տիրոջ հետ միասին. քանզի իր նահատակությամբ երկնքի երկրորդ բացումն արեց, երկնքի մուտքը բացեց մարդկանց համար: Քանզի Քրիստոսի երկինք համբարձվելուց հետո, երբ բացվեց երկնքի դուռը, նախ Սուրբ Ստեփանոսը Քրիստոսից հետո ելավ երկինք և ամենքին հորդորեց հոժարությամբ ու սրտի մտքով գալ նրա ետևից: Եվ նրա դեմքի լուսավորությունը հայտնում էր Սուրբ Հոգու միանալը Իր ծառային: Հիսուսի Իր ծառային կանգնած սպասավորելը` քաջալերելու և լուսո պսակը ցույց տալու համար էր:


Քրիստոսի մկրտությամբ բացվեց առաջին երկինքը, և Նախավկայի նահատակությամբ երկրորդ երկինքը բացվեց: Արդ, երբ երևաց մեզ մոտ Աստված մարդացյալ, տոնախմբությամբ երևում է մեզ մարդն աստվածացյալ, հիշատակով ծառայի` Տիրոջ հետ պատվված և փառավորված տեսնելով:
Այդ պատճառով մեր բնության նորոգման երկրորդ օրը հիշատակում ենք Սուրբ Ստեփանոս Նախավկային և Սուրբ Կարապետ Հովհաննեսին` Քրիստոսի մկրտչին: Որովհետև երկնքի առաջին բացումը Սուրբ Հովհաննեսը տեսավ, և ապա երկրորդը` Սուրբ Ստեփանոսը` Քրիստոսի մեր Աստծո Նախավկան:
Ճշմարիտ Աստված, շնորհիվ Քո Նախավկա Սուրբ Ստեփանոսի ամենահանդես տոնի ողորմի´ր  այս գիրը կարդացողին:


ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7395
2015.01.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.