Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Վերստին Տոն է Քրիստոսի՝ Աստծո Ծննդյան և Հայտնության և հիշատակ Սուրբ Հովհաննես Կարապետի և Ստեփանոս Նախավկայի (ըստ Հայսմավուրքի)

Վերստին Տոն է Քրիստոսի՝ Աստծո Ծննդյան և Հայտնության և հիշատակ Սուրբ Հովհաննես Կարապետի և Ստեփանոս Նախավկայի (ըստ Հայսմավուրքի)

Վերստին Տոն է Քրիստոսի՝ Աստծո  Ծննդյան և Հայտնության և հիշատակ Սուրբ Հովհաննես Կարապետի և Ստեփանոս Նախավկայի (ըստ Հայսմավուրքի)

Սուրբ Կարապետը՝ Հովհաննես Մկրտիչը, մկրտեց Փրկիչ Հիսուսին Հորդանան գետում և լսեց Հայրական ձայնը, Ով վկայեց Իր սիրելի Որդու մասին ու հայտնեց Նրան աշխարհին՝ ասելով. «Դա´ է Իմ սիրելի Որդին, ընտրյալը, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը, Նրա´ն լսեցեք, որովհետև հաճելի է  Ինձ Իր մարդեղությամբ» (Մատթեոս 3.17, 17.5): Տեսավ նաև Սուրբ Հոգու աղավնու կերպարանքով էջքը Իր փառակցի վրա: Այլև ինքը՝ Հովհաննես Մկրտիչը, վկայեց թե՝ ահա Քրիստոսը՝ Աստծո Գառը, որ վերցնում է Իր վրա աշխարհի մեղքերը (Հովհաննես 1.36):


Այսօր հիշատակ է նաև Սուրբ Ստեփանոսի՝ Քրիստոսի Նախավկայի, ով բոլորից առաջ վկայեց և հեղեց իր սուրբ արյունը Քրիստոսի սիրո համար ու, բանալով երկինքը, ճանապարհ դրեց մարդկանց որդիներին ելնելու երկինք՝ Աստծո մոտ: Տեսավ Երկնքի բարձունքներում Հիսուս Քրիստոսին՝ Մարիամի որդուն՝ մարմնով, որ Սուրբ Կույս Մարիամից էր, բազմած Հայր Աստծո աջ կողմում, Իր Աստվածության փառքի Աթոռում: Ում հրեաները հայհոյում էին, թե՝ «դու մարդ ես և քեզ Աստված ես համարում» (Հովհաննես 10.33), սա տեսավ ու վկայեց, թե. «Նա´ է ճշմարիտ Աստվածը և կյանքը հավիտենական: Ում դուք ուրացաք Պիղատոսի առջև և սպանեցիք խաչի վրա, ահա Նա կենդանի է և կա Աստծո աջ կողմում»: «Կա» ասելը ցույց է տալիս Նրա կանգնած լինելը: Թեպետ աստվածային գրքերում ամենուրեք ասվում է, որ Հիսուսը Հայր Աստծո աջ կողմում նստած և բազմած է, սակայն Սուրբ Ստեփանոսի նահատակության ժամին Հիսուս կանգնեց ի պատիվ Իր ծառայի և վկայի ու դրանով ցույց տվեց նահատակի պսակն ու մարտի հաղթանակը:


Եվ քանզի ճշմարիտ քահանայապետ Քրիստոսը պետք է մտներ Սրբությունների Սրբոցը, Նրա հետ արժան էր լինել նաև սարկավագին: Եվ որտեղ թագավորն է բազմում, այնտեղ պետք է և զինվորը լինի: Այս խորհուրդներով է կատարվում այսօր Սուրբ Կարապետի և Սուրբ Նախավկա Ստեփանոսի հիշատակը ուղղափառ եկեղեցիներում ի փառս Քրիստոսի՝ մեր Աստծո:


ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 3835
2015.01.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.