Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Միջոցառումներ> Երբ ապրում ենք Սուրբ Ծննդյան հրաշքը…

Երբ ապրում ենք Սուրբ Ծննդյան հրաշքը…

Երբ ապրում ենք Սուրբ Ծննդյան հրաշքը…

Յուրաքանչյուր տարի, երբ ինչ-որ մեկը նշում է իր ծննդյան օրը, մարդիկ նրան են շնորհավորում, նվերներ տալիս: Իսկ Փրկչի Սուրբ Ծննդյան օրը, մենք միմյանց ենք շնորհավորում, և դա բնական է, չէ՞ որ Աստված մարդացավ հենց մեր փրկության համար: Իսկ երբևէ մտածել եք, թե ի՞նչ կնվիրեիք մանուկ Հիսուսին Նրա Ծննդյան օրը…
Հունվարի 11-ին Սբ. Երրորդություն եկեղեցում տիրում էր Սուրբ Ծննդյան հրաշք մթնոլորտը՝ ջերմություն, ժպիտներ, Սուրբ Ծնունդի վերապրում: Սովորականի պես կիրակի օր էր՝ միության հանդիպման օրը, սակայն նրանց սպասվում էր անակնկալ: Բացվում է դահլիճի դուռը, մթության մեջ հնչում են Սուրբ Ծննդյան ավետիսը ազդարարող մեղեդին, հնչյունները` «Լուռ գիշեր», աստիճանաբար դահլիճը լուսավորվում է օրվա խորհրդանիշ լույսով՝ բեթղեհեմյան աստղով, հնչում է Սուրբ Ծննդյան պատմությունը: Միության մասնակիցներին հրեշտակը, փոխանցելով ավետիսը, ներս է ուղեկցում: Սկսվում է բուն միջոցառումը: Ստվերների թատրոնի միջոցով երիտասարդաց միության խուլերի համայնքը ներկայացնում է, թե ինչպես մոգերը հրաման են ստանում Հերովդես թագավորից գտնել մանուկ Հիսուսին: Ստվերներից մոգերը դառնում են իրական և շրջում են մարդկանց մեջ՝ մանկանը փնտրելու: 


Օրվա խորհուրդը ներկաներին է ներկայացնում Տեր Եսայի քհն. Արթենյանը. «Մենք սովորություն ունենք Սուրբ Ծննդյան և նոր տարվա տոների առիթով մեկս մյուսին նվերներ տալ, և շատերս սպասում ենք այդ օրվան, որ պետք է ստանանք մի շատ կարևոր և թանկ նվեր մեզ համար, բայց շատ հաճախ մոռանում ենք, որ Սուրբ Ծնունդը Քրիստոսի Ծննդյան տոնն է և մենք մեկս մյուսիս նվերներ ենք բաժանում, մոռանալով, որ մանուկ Հիսուսին էլ մեր նվերները պետք է ընծայենք, ինչպես որ մոգերը եկան խոնարհվեցին և իրենց նվերները ընծայեցին: Հետևաբար, մեր նվերը Քրիստոսին պետք է լինի մեր սերը, մեր խաղաղությունը,  ողորմածությունը, մեր հավատքը, հույսը, առաքինի ընթացքը, որը լավագույն կերպով պետք է լրացնի մեր կյանքի ամեն մի թերություն, մարդկային մեր հարաբերություններում վերականգնի ցանկալի այն ներդաշնակությունը, խաղաղությունը, որը մենք որպես հրաշք տեսնում ենք Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի մեջ»:


Հաջորդում է «Վեր կաց ու քայլիր» փոքրիկ բեմադրությունը երիտասարդաց միության անդամ Անժելայի մասնակցությամբ: Ներկայացումը հիվանդ աղջկա մասին է, ով հաշմանդամի սայլակին գամված կորցրել էր հավատը Աստծո նկատմամբ, Սուրբ Ծննդյան տոնի նկատմամբ: Սակայն հենց այդ օրը բուժվում է, վերագտնում է հրաշքի զգացողությունը. «Բեմադրության ողջ իմաստն այն էր, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են դեպքեր, որոնք խլում են մեզանից մեր հավատը: Այդ ժամանակ մենք հոգևոր հաշմանդամություն ենք ապրում, բայց Աստծո ձայնը չի դադարում խոսել մեր մեջ, և եթե ականջ ունենանք ու լսենք, ապա կկարողանանք հաղթահարել այն ծուղակը, որ կոչվում է անհավատություն»-, պատմում է Անժելան:

Փոքրիկ խարույկի շուրջ միության երգչախումբը երգում է “Evening Rise, Spirit Come” երգը: Բեմում կրկին խուլերն են և ներկայացնում են Սբ. Ծննդյան դրվագը:


Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս
«Այսօր տոն է» երգում է երգչախումբը, հովիվներն են մոտենում ու խոնարհվում, փնտրելուց հետո նաև տեղ են հասնում մոգերը: Այնուհետև երգչախմբի մասնակիցները, ավետիսը երգելով, վառվող մոմերով մոտենում են դահլիճի անկյուններին՝ բարի լուրը ավետելով աշխարհի չորս կողմերին՝ մարդկանց:


Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի
Ժամանակն է իմանալ ի՞նչ նվեր ենք պատրաստել մանուկ Հիսուսի համար: Շուշանը, օրինակ, իր պատրաստած նվերի մասին ասում է. «Նվիրեցի գնդակ և վրան երկիր մոլորակը՝ երկրագունդը Աստծո ձեռքերում է, բժշկության աղոթք, որ միշտ Աղոթի ու առողջ Լինի և կոնֆետ՝ միշտ քացր օրեր Ունենա, և որ մենք բոլորս քաղցր մոտենանք Հիսուսին: Աստղ էի պատրաստել, որի խորհուրդը երկնքում երևացող վառ աստղն է, որը և հովիվներին ավետեց Հիսուսի ծնունդը»:
Մասնակիցներից յուրաքանչյուրը յուրահատուկ սիրով էր պատրաստել իր նվերը, ինչպես նաև յուրահատուկ մոտեցում էր փորձել ցուցաբերել: Այսպես, Հասմիկի պատրաստած նվերն էլ հետևյալն էր. «Նվիրել եմ ծննդյան վկայական, որպեսզի չար լեզուները չասեն, թե Հիսուս չի ծնվել»,- ներկայացնում է Հասմիկը:
Նանան էլ նշում է. «Աստծուն ես նվիրեցի իմ կյանքն ու անսահման շնորհակալությունը, գիտեմ Նրան պետք չեն լիքը ջերմ խոսքեր…Նրան պարզապես ամեն օր հիշելը արդեն բավական է Աստծուն ուրախացնելու ու փառք տալու համար…»:


Ավարտին միության անդամները բարի լուրը մարդկանց փոխանցեցին երկինք բաց թողած օդապարիկներով:
Միջոցառման մասին իր տպավորություններով կիսվում է Արաքսյան. «Ամեն տարի Ամանորի և Սբ. Ծննդյան օրերին հոգու խորքում յուրաքանչյուրս հեքիաթի ու հրաշքի ակնկալիք ունենք, որքան էլ մեծանանք: Եվ դա տարվա մեջ միակ ժամանակահատվածն է, որ կարող ենք դա մեզ թույլ տալ, հավատալ հեքիաթի: Իրական կյանքը բավականին հեռու է հեքիաթ կոչվելուց, այդ իսկ պատճառով մենք պետք է հեքիաթն իրականացնենք: Այս միջոցառումը Սբ. Ծննդյան հրաշքն ավելի լավ ընկալելու և այն վերապրելու հնարավորություն էր, քանի որ փորձեցինք ստեղծել այդ տրամադրությունը: Մթություն, լռություն, մոմեր և Քրիստոսի Ծննդյան ներկայացում՝ իրադարձություն, որը տեղի է ունեցել երկու հազար տարի առաջ (որն ինչպես ասում են տարեդարձ չի, այլ ամեն տարի կրկնվող խորհուրդ), ինչը փոխեց ողջ մարդկության ճակատագիրը և դրան զուգահեռ ներկայացվեց ներկայում ապրող մարդը, նրա ճակատագիրը և Քրիստոսի զոհաբերության ընկալումը: Միջոցառման ավարտին երկինք բաց թողնված օդապարիկներն էլ թե՛ որպես ավետում, թե՛ որպես երազանք կարելի է ընկալել, ամենակարևորն այն էր, որ կարողացանք հեքիաթի մի փոքրիկ մաս ստեղծել ներկաներիցս յուրաքանչուրի համար»:

 

Անի Ավետիսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 949
2015.01.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.