Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Գրիգորի մուտն ի վիրապ (ճառ)

Սուրբ Գրիգորի մուտն ի վիրապ (ճառ)

Սուրբ Գրիգորի մուտն ի վիրապ (ճառ)

Մեր հավատքի հայրը, մեր հոգիների լուսավորիչը՝ Սուրբ Գրիգորը, աստվածային անքնին նախախնամությամբ շնորհվեց մեզ:
Նա պարթևական ծագում ուներ, և Աբրահամ մեծ նահապետի պես՝ դեռևս իր ծնունդից առաջ հաստատվել էր Հայաստանում: Այստեղ էր ծնվել և այստեղ սնվել:
Իր ամբողջ մարմինը ողջակիզեց բազմատեսակ չարչարանքներով, և միայն հզորի աջով վերապրեց, որպեսզի պատճառ հանդիսանա մեր հոգիների կենդանության:
Նախ և առաջ ճգնություններով և երկար աղոթքներով երկնեց, որովհետև հոգեպես պիտի ծնվեր ամբողջ մի ազգ: Հովսեփի պես փորձվելով՝ մտավ և ելավ գուբը, որպեսզի հանդիսանա ազատարար՝ աստվածային խոսքի սովյալներին:


Ո՜վ հրաշք:
Մեծ էր մեծն Գրիգորի առաքելությունը, երկնամերձ՝ նրա առաքինությունը, բարեկամություն հաստատելով Աստծո հետ՝ ինչպես նահապետները: Կանխագետ էր՝ ըստ մարգարեների, առաքյալների հետ ընտրված, վարդապետների և խոստովանող հայրապետների հետ դասակից, ճգնավորների վաստակակից:
Այս պատճառով էլ Ամենատերը, նախքան իր ծառային բազմահանդես պաշտամունքի և պատվի հրավիրելը, Տրդատի ատյանի առջև բազմապիսի չարչարանքներից հետո՝ որպեսզի իր անունը փառավորվեր, թույլ տվեց, որ ճգնավոր և բազմաչարչար նահատակը վիրապ նետվի և երկար տարիներ բնակակից լինի օձերին և թունավոր սողուններին:
Այս հաղթանակի հանդեսը անթարգմանելի ապացույց է մեզ սիրողին: Քանի որ Աստծո սովորությունն է, որ աշխարհի վրա իր սիրելիներին առավել տանջի: Քրտնաջան մշակները ծանրագույն աշխատանքներ են կատարում, քաջընթացներին դժվարին ճանապարհներ է ցույց տալիս, որպեսզի ալեկոծ ծովում երևան գան ճարտարագույն ղեկավարները: Ում ուզում է բարձրացնել՝ նախ խոնարհեցնում է: Եվ այնքան խոնարհության է իջեցնում է, որքան ուզում է երկինք բարձրացնել հավիտյան: «Քանի որ փառավորողներին պիտի փառավորեմ»,-ասում է Տերը:


Ապա ինչո՞ւ Գրիգորը այդքան կտտանքներից և չարչարանքներից հետո, անարգական վիրապը իջավ: Որպեսզի Տերը նրան փառքով հանի և դարձնի լուսավորիչ արևելյան աշխարհի: Ինչպես որ արևամուտը արևածագի գուշակն է, նույնպես էլ առանց արևամուտի, չկա արևածագ:
Բացահայտ է, որ եթե այս արփիանման երանելի անձը վիրապի խավարի մեջ չլուսափայլեր, չէր կարող հետո՝ արևի պես լուսածագել: Նա ծագեց այն աստիճան, որ Լույսի Հորից նրա վրա ծագեց անչափ լույսը:


Մեր տկարաբիբ աչքերով քեզ կտեսնենք, Տեր Գրիգոր, թերևս խեղճ և տառապյալ մի մարդ: Բայց դու  պատմիր մեզ վերնային իմաստության անտեսանելի, անհայտ և ծածկյալ բաների մասին, որոնք քեզ հայտնվեց այն խոր գուբի մեջ:
Գիտենք, որ պատիժ չեղավ քեզ այդ վիրապը, ինչպես քեզ նետողները կարծեցին, այլ փափկության դրախտ, ցնծության և ուրախության մի տեղ, արդարիդ համար: Որովհետև հոգնությունը հանգիստ նկատեցիր, Աստծո համար կրած նեղությունները՝ փառք, առանձնությունը՝ հանդարտություն:

Առանձանացար գուբի մեջ մեծ սիրով, ինչպես կատարյալ միայնակյացի մենարան, և գտար՝ ինչ որ ուզում էիր: Կատարյալդ կրթվեցիր կատարելության մեջ. սովորեցիր իմանալին և անիմանալին՝ Սուրբ Հոգու վարդապետությունից: Աստծո բոցաբորբոք սերը ընդունելով՝ ճանաչեցիր, որ Աստված սեր է: Եվ այս բոլորի ապացույցները քո հաճախապատում գրքերիդ վարդապետության մեջ է արտահայտված:


Եվ զարմանալի չէ, որովհետև դրանք արգասիքն են քո բազմամյա առանձնությանդ և տքնությանդ՝ Խոր Վիրապում, Աստծո հետ մտերիմ սիրո հանապազօրյա խոսակցությամբ: Քանի որ այդ անդունդի մեջ ո՞վ հետդ կար, ո՛վ երանելի, բացի քո Աստծուց. Նա, որ պահեց քեզ թունավոր սողունների խայթոցներից:
Սաղմոսերգուն նվագում էր. «Ի՜նչ լավ և ի՜նչ վայելուչ է, որ եղբայրները միասին են բնակվում»: Բայց ես այստեղ կգոչեմ անհագ փափագով. «Ի՜նչ լավ և ի՜նչ վայելուչ է, որ Աստված կբնակվի մարդու հետ. փառաց թագավորը՝ մահկանացու ծառայի հետ, անքնին լույսը՝ Լուսավորչի հոգու հետ՝ օձաբնակ վիրապի մեջ»: Այլևս վիրապ չեմ կոչում այդ ցանկալի վայրը, այլ կայան երկնի և երկրի և անմահ արքայի աթոռ բարձրության. քանի որ Տերը քեզ հետ էր, ո՛վ Գրիգոր, քո մոտ, քո մեջ, քո շուրջը: Եվ ինչպես Նրանով ողջ մնացիր այդ մահվան վայրի մեջ, նաև Նրանով ապրեցիր և դարձար անպատմելի:


Լսեցեք, թե ինչ էր ասում Գրիգորը.
-Ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու մտքին չանցավ՝ պատրաստեց Տերը ինձ համար: Վիրապի խորության մեջ ավելի ևս մոտեցա Աստծուն և լույս ստացա: Այնտեղ ճաշակեցի և տեսա, որ քաղցր է Տերը: Այնտեղ երկնավոր սեղանից ճաշակեցի անմահությունը:
-Թագավորներից ոչ ոք չվայելեց երբեք այն, ինչ ես Արտաշատի Վիրապի մեջ: Թագավորներից ոչ ոք այնքան չփափկեց արքունի գահույքների մեջ, որքան ես օձերի մեջ, և Դանիելը՝ առյուծների գուբի մեջ: Ոչ ոք այնքան չզվարճացավ պարտեզների և բուրաստանների մեջ, որքան ես՝ կավի և տիղմի մեջ՝ ինչպես Հովսեփը և Երեմիան: Աշխարհի վրա ո՞վ այնքան քաղցրորեն մտերմացավ իր սիրելիի հետ, որքան ես այն առանձնության մեջ՝ Աստծո հետ: Ո՞վ ընտանեկան մտերիմ զրույցներով այնքան հրճվեց, որքան ես Աստծո հետ հանապազօրյա և ի խորոց սրտի խոսակցությամբ, Վիրապի խորության մեջ: Տարիների երկարությունը չթվաց ինձ նույնիսկ տասնհինգ օր. քանի որ աստվածային քաղցրությունը հափշտակում է հոգին, մինչև իսկ անձը մոռացնել տալով, թե՝ թող աշխարհը և ժամանակը: Այս բանը հասկանում են նրանք, ովքեր լավ են ըմբռնում դավթյան առածի միտքը, թե՝ «Հազար տարին Աստծո մոտ մեկ օրվա պես է»:


Ո՛վ եղբայրներ, մեր բազմերջանիկ հայրը առակաբանություն չէ, որ անում է, այլ ճշմարտությունն է մատնանշում առակներով և օրինակներով: Բայց այս ամենը հասկանում են նրանք, ովքեր մոտ են Գրիգորի զվարթուն հոգուն, ովքեր աշխատում են նմանվել նրան որպես հարազատ որդի: Պարզ խոսքով նրանք, ովքեր լուսածնունդ զավակներն են արփիացյալ Գրիգորի՝ գուբի ներսը, խավարի և մահվան ստվերների մեջ, և ոչ թե նրանք, ովքեր անունով են արևորդի, սակայն գործերով խավարասեր են և աշխարհի աշխարհասեր որդիներ: Քանի որ ինչպե՞ս կարող է լույսը միաբանվել խավարի հետ:


Մեր հոգիների լուսավորիչը Վիրապի անլույս խավարի մեջ լույս էր. տառապանքների  գուբի մեջ փայլում էր այնպես, ինչպես իր չարչարանքների մեջ պայծառացավ անաղոտ, որովհետև անզուգական փառք էր համարում կենարարի չարչարանքները իր անձի վրա կրելը: Տկարության մեջ զորություն էր հագել, խոնարհության մեջ բարձրություն էր տեսնում: Եթե սիրենք նեղությունները և չարչարանքները, և ուրախանանք Աստծո համար մեր կրած վշտերի համար, եթե ուրախ ենք բոլոր տառապանքների և ձախորդությունների մեջ՝ իբրև սփոփանք և հաջողություն, հաղորդություն ունենք հոգիների լուսավորչի հետ: Իսկ եթե վշտերից փախչենք, աղքատությունից նեղվենք, հիվանդության համար գանգատվենք և ձախակողմյան ավազակի պես՝ խաչից ազատվել պահանջենք, չենք կարող բաժին ունենալ այն ժառանգության մեջ, որ բաժինն է լուսավոր սուրբերի և որտեղ մենք էլ հրավիրված ենք:


Ես առաջին փափագողներից եմ, որ կուզեի լսեի խավար գուբի մեջ Գրիգորի մշտամռունչ հեծեծանքները առ Աստված: Կուզեի լսել նրա աստվածահաճո աղոթքները և կարևոր խնդրվածքները՝ համայն աշխարհի համար: Եվ ավելի ևս՝ աղոթքները իրեն չարչարողների համար, որպեսզի նրանց մեջ ծագի փառքի լույսը և փարատի հեթանոսական խավարը՝ քրիստոնեական ճշմարտության հաղթանակով: Եվ բարեգութ Տերը լսում էր նրա աղոթքները:


Կուզեի տեսնել Աստծո հրեշտակի այցելությունը մարմնավոր հրեշտակ Գրիգորին, քանի որ Սուրբ Գրիգորի պահպանության համար չորրորդ դասի զվարթունը ամեն օր այցելում էր ցանկալի մարդուն՝ որպես սիրասուն բարեկամի: Եվ ինչպես հոգում էր նրա մարմնավոր կարիքները, նույնքան էլ հոգևոր մխիթարություն էր պարգևում նրան:
Կուզեի տեսնել և լսել նրա գոհացողական ցնծությամբ փոխադարձ պատասխանները, և իր խնամակալ հրեշտակին ուղղած դիպուկ հարցումները, որոնց գլխավոր իղձն էր տեղեկանալ կատարյալ աստվածսիրության և աստվածպաշտության մասին:


Բայց դու տես ուրիշ մի օրինակ, մխիթարությունը կրճատելով՝ ավելի մեծ մխիթարություն պարգևելու մասին:
Մի օր էլ հրեշտակը դադարեցրեց իր այցը: Մի՞թե ալեկոծվեց Գրիգորի սիրտը՝ աստվածահանգիստ օթևանը: Բնավ երբեք: Այլ կատարելապես վստահեց Աստծո բարեսեր կամքին: «Համբերի՛ր,-ասում է Տերը,- և քաջալերվի՛ր, սիրտդ թող զորանա»:


Եվ ահա զվարթունը երկրորդ օրը եկավ այցի՝ ըստ սովորության: Այն ժամանակ Գրիգորը կրկին զվարթությամբ լցված հարցրեց հապաղելու պատճառը:
-Այս օրերին,-ասաց հրեշտակը,-ինը դասերի հրեշտակներս, ցնծության տոն ենք կատարում՝ ըստ մեր հոգեղեն դասակարգության, ի պատիվ Տիրոջ երկինք վերանալուն մարմնով: Արդ, քանի որ երեկ համբարձման չորրորդ օրն էր, երկնային քահանայապետության չորրորդ դասի տոնախմբության օրը, և ես էլ այդ դասից լինելով՝ նույն ուրախության հանդեսին էի ներկա:


Երանելին, երբ այս լսեց, հոգով վերամբարձավ՝ մասնակցելու հրեշտակային խրախճանքին:
Եվ այս միայն մեկն է այն հազարավոր այցելությունների, որ պատմեց Աստծո մարդը իր հոգևոր որդիներին: Եվ այս գեղեցիկ ավանդությունը մեզ հասել է՝ ըստ վկայության շարակնոցի:


Հայտնի է նույնպես, թե ուրիշ մեծամեծ և անքննելի բաներ հաղորդվեցին Գրիգորին, որ ի վիճակի չէ պատմելու մահկանացուների լսելիքին, որոնք, ինչպես Պողոսն է ասում, անճառելի էին: Գրիգորը՝ հեթանոսների առաքյալը, չարչարանքներով ավելի էր, բանտարկությամբ և տքնությամբ՝ գերիվեր: Սուրբերից և ոչ մեկը այդքան երկար տարիներ չբանտարկվեց թունավոր սողուններով լեցուն Խոր Վիրապի բանտի մեջ: Գերեզմանի մեջ կենդանի թաղվեց և ողջ մնաց հզորի աջով, մինչև իր փառավոր ելքի օրը՝ ի փառս փառավորյալին:

 

Պատրաստեց Գայանե Սուգիկյանը

Դիտվել է 994
2015.03.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.