Ընթերցանություն

Քո պայքարը

Քո պայքարը

Թևանիկը կանգնած է դիպուկահարի առաջ: Կամ նա պետք է կրակի կամ՝ իրեն: Կրակոցը լսվեց: Հետո էկրանը սևացավ:
Ռեժիսոր՝  Ջիվան Ավետիսյան, սցենարիստներ ՝ Ջիվան Ավետիսյանն ու Կարինե Խոդիկյանն (հիմնված Առնոլդ Աղաբաբովի սցենարի վրա), դերասաններ՝  Արամ- Հենրիկ Շահբազյան, Աստղիկ-Մերի Մովսեսյան, Թևանիկ- Հովհաննես Խոդերյան:


Դահլիճում ծափահարություններ լսվեցին: Հետո լռություն: Թե ո՞վ կրակեց առաջինը,  հետաքրքիր էր բոլորին: Բայց պատասխան չկա:
«Յուրաքանչյուր մարդ իր պատկերացումն ունի, թե ինչպես է ավարտվում: Մեկը կմտածի Թևանիկը կրակեց, մյուսը՝ դիպուկահարը: Ես ունեմ իմ տարբերակը, սակայն դա բարձրաձայնելը ճիշտ չի լինի»,-ասում է ֆիլմի ռեժիսորը:
Առկախ թողված կրակոցի հատվածը «Թևանիկ» ֆիլմի վերջին դրվագն էր, իսկ ֆիմը, որ իրականության արտացոլումն է, դեռ նոր պետք է սկսվի:
Մեկ վայր, մեկ օր, երեք ճակատագիր և 80 րոպե ժամանակ: Այս 80 րոպեում ներկայացվում է մի գյուղի ու նրա բնակիչների ճակատագիրը Արցախյան պատերազմի տարիներին:


«Տղերք հինգ կիլոմետր նահանջի հրաման են տվել: Մենք էտ հրամանին ենթարկվող չենք» (հատված ֆիլմից): Ու սկսվեց կռիվը:
Բայց մինչ խրամատներում պայքարում են թշնամու դեմ, գյուղում հերոսների պայքարն այլ է: Պայքար ինքդ քեզ հետ՝ մնալ գյուղում, թե՞ հեռանալ ու խուսափել պատերազմից: Աչք փակել, անտեսել կռիվը, թե՞ գնալ ու կռվել: Մարդ սպանել, թե՞ թողնել, որ քեզ սպանեն: Այս ու շատ այլ հարցերի առաջ են կանգնում հերոսները, որոնցից երեքի ճակատագիրն է ներկայացված «Թևանիկ» ֆիլմում: Արամ, Աստղիկ, Թևանիկ՝ երեք տարբեր պատանիներ, հայտնված մեկ վայրում, պայքարում են: Արամը հայ հոր և ադրբեջանցի մոր զավակ է, ով քարկոծվում է գյուղի բնակիչների կողմից և ում «թուրքի լակոտ» են անվանում: Պատերազմի պատճառով նրա մայրն ու փոքր եղբայրը ստիպված են լքել գյուղը: Ի՞նչ անի Արամը՝ գնա՞, թե մնա՞:


Ֆիլմի երկրորդ մասը Աստղիկի մասին է, ում միջոցով բացահայտվում է ջոկատի հրամանատարի պատմությունը, գյուղի կանանց վիճակը, ովքեր իրենց ամուսիններին ու որդիներին կռիվ են ուղարկել ու մնացել գյուղում:
«Տղամարդը կռվի վախտը տունը չպիտի նստի» (հանված ֆիլմից):
Իսկ երրորդ մասն արդեն Թևանիկի մասին է: Պատանի, ով 14 տարեկան հասակում կանգնում է մարդ սպանել-չսպանելու խնդրի առաջ: Նա դեմ առ դեմ հայտնվում է իր հրամանատարին սպանած դիպուկահարի առաջ ու ստիպված է որոշում կայացնել: Կրակե՞լ, բայց նրա առաջ կին է կանգնած:
«Այն որ դիպուկահարը կին է, ունի իր բացատրությունը: Կնոջ տեսնելով՝ Թևանիկը երկմտում է: Նախ և առաջ այն պարզ պատճառով, որ իր առաջ մերկ կին է տեսնում և հետո դա խոսում է նրա մասին, որ մենք գնահատում են գեղեցիկը, պահպանում ենք արժեքները»,-ասում է ռեժիսորը:


Ֆիլմում ներկայացված է երկու պատերազմող կողմ, սակայն նրանց ակնհայտ, առերես բախում չկա: Միայն Թևանիկի դեպքում է, որ նա դեմ առ դեմ է դուրս գալիս թշնամու դեմ, սակայն այստեղ էլ մեկ այլ հարց է առաջ գալիս: Դիպուկահարը խոսում է ռուսերեն: Ի՞նչ ազգի է նա պատկանում, որ կողմից է նա:
Կան շատ առկախ թողնված հարցեր, որ պատասխան են ուզում, սակայն պատասխան ակնկալելն անիմաստ կլինի այնքան ժամանակ, մինչև այդ հարցերի պատասխաններն իրական կյանքում չտրվեն:


Նկարահանումներն ընթացել են Ղարաբաղում և տևել 18 նկարահանման օր:  Ֆիլմը նկարահանվել է դեռ 2013 թվականին, բայց այդ հարցերը արդիական են նաև 2015-ում: Այն, որ ռեժիսորը առկախ է թողել շատ հարցերի պատասխաններ, խոսում է այն մասին, որ մեր փոխարեն ոչ ոք որոշում չի կարող ու չպիտի կայացնի: Մենք ինքներս պետք է գտնենք դրանց պատասխանները: Իսկ թե կրակե՞ց Թևանիկը, թե՝ ոչ, կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ ինքներս որոշում կայացնենք՝ կրակե՞նք, թե մեզ կրակեն: Սա քո պայքարն է:


«Թևանիկ» ֆիլմի դիտումը տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում, որին ներկա էր գտնվում նաև ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

 

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 9216
2015.03.22
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.