Ընթերցանություն
Գլխավոր>Տիկնանց Միություն> Ուխտագնացություն դեպի Տաթև. Օր առաջին

Ուխտագնացություն դեպի Տաթև. Օր առաջին

Ուխտագնացություն դեպի Տաթև. Օր առաջին

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու հավատացյալները՝ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի գլխավորությամբ, երկօրյա ուխտագնացություն կատարեցին դեպի Տաթևի վանք:


Օր առաջին
Աղոթքով սկսենք ճանապարհը
Առավոտյան ժամը յոթն է: Հավատացյալները քիչ-քիչ հավաքվում են Սբ. Երրորդություն եկեղեցու բակում: Խանդավառ են բոլորը. Ուխտի են գնում: Կարճ  ժամանակ անց բոլորս արդեն ավտոբուսներում ենք: Այս անգամ հավատացյալներին ուղեկցելու են Տեր Խաչերը և երկու սարկավագները:
<<Հայր մեր, որ յերկինս ես…>>,- տեր հոր հետ աղոթում ենք բոլորս և ճամփա ընկնում:
Ճանապարհը լուռ ու համր չի կարող անցնել, հատկապես երբ բոլորս հասկանում ենք, թե ուր ենք գնում: Իսկ եթե կան մարդիկ, որ չեն գիտակցում, տեր հայրն ու սարկավագներն ամեն դեպքում բացատրում են ուխտի իմաստը: Ինչպես Սամվել սարկավագն է նշում.
<<Մեր կյանքն ամբողջությամբ ուխտ է. Աստված հենց սկզբից ուխտ է անում մարդու հետ և թողնում որպեսզի մարդն ազատ լինի, իր կամքով որոշի անելիքը>>:
Էլ ի՞նչ ճանապարհ առանց հոգևոր երգերի.
<<Առավոտ լուսոյ, արեգակն արդար. Առ իս լոյս ծագեա…>>,- երգում ենք բոլորս, հետո աղոթում նորից երգում ու այդպես շարունակ…
Առաջին կանգառը Նորավանք եկեղեցին է, որտեղ տեր հոր գլխավորությամբ տեղի է ունենում <<Արևագալի>> ժամերգություն:
                              Յարեւելից մինչ ի մուտս, ի հիսուսոյ
                              եւ  ի հարաւոյ, ամենայն ազգք  եւ
                              ազինք, յօրհնութիւն նոր օրհնեցէք
                               զարարիչն արարածոց, որ ծագեաց
                               զլոյս արեգականն այսօր յաշխարհս:
Վանքում Սուրբ Ներսես Շնորհալու երգերն ենք կատարում ՝ որպես առավոտյան աղոթք (նշենք, որ <<Արևագալը>> կատարվում է <<ի դէմս Հոգւոյն Սրբոյ ի յիշատակ յարութեանն Քրիստոսի>>, որի գերեզմանին ի տես եկան արշալույսին):
Ժամերգության ավարտին տեղի  հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը ողջունում է  ուխտավորներիս՝ մաղթելով, որ բոլորիս ուխտն ի կատար ածվի: Այնուհետև ծանոթանում ենք վանքի պատմությանը.
Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ վանքերից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։
Վանքը հիմնադրել է Վահանավանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, որը 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր, որտեղ որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը:
 Վանքին ծանոթանալուց հետո մատուցվում է Սիրո ճաշը, որն արտահայտում է քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ, և շարունակում ենք ճանապարհը:

Հրեշտակի թևով դեպի Տաթև

Աստծո կամոք և ինչպես տեղի վանահայր Հայր Միքայելն է նշում՝  <<հրեշտակի թևով>> ժամանում ենք Տաթև վանական համալիր:
Տեր Խաչերը ծանոթացնում է վանքի պատմությանը.
<<Տաթևի վանքը վանական համալիր է, որի ներսում երեք եկեղեցիներ կան՝ Սուրբ Պողոս-Պետրոս,  Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Ավանդություն կա, որ Տաթևի վանքը հիմնադրել է Եվստաթեոս առաքյալը, որի անվան հնչյունափոխությունից՝ Ստաթեոս-Տաթև, առաջացել է Տաթև անվանումը:  Եվստաթեոսը եղել է Քրիստոսի 72 աշակերտներից մեկը: Ժողովուրդը մեկ այլ բացատրություն ունի՝ կապված համալիրի անվան հետ, այն է.  Երբ եկեղեցին վարպետը կառուցեց, վերջին քարը երբ պետք է դներ, փայտե մասերը փլվում են և վարպետը ասում է՝ Ատված թող ինձ  Տա Թև՝ թռչեմ:
Վանքը կոչվել է Եվստաթեոսի ուխտ: Այստեղ վանականներ են ապրել: Մինչև 9-րդ դարի կեսեր վանքի մասին հայտնի պատմություններ չեն եղել: Եկեղեցու առաջին պատմությունը սկսվում է Սյունյաց Փիլիպոս թագավորից, որը 848թ-ին կառուցում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Իսկ Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու փոխարեն եղել է ավելի փոքր եկեղեցի՝ Սբ. Նշան անունով, որն ասում են Եվստաթեոսի հիմնադրած ժամանակներից է եկել: 9-րդ դարից սկսյալ՝ Տաթևի վանքը դառնում է Սյունիքի կենտրոնը. այստեղ էին նստում առաջնորդները և բնականաբար մեծ ծաղկում ապրեց վանքը, շատացավ վանականների թիվը և կարիք կար մեծ եկեղեցի կառուցելու: Այդ ժամանակվա եպիսկոպոսը եղել է Հովհաննեսը, որը միշտ մտածում էր մեծ եկեղեցի կառուցել, որ բոլոր միաբանները կարողանան գալ և աղոթք անել, բայց ուրիշ հարմար տեղ չկար, պետք է հինը քանդվեր, բայց  երկմտանք կար՝ ինչպե՞ս հինը քանդել, և այդ մտածմունքի մեջ մի օր տեսիլք է տեսնում: Տեսիլքում Պողոս-Պետրոս առաքյալները գալիս են և Հովհաննես եպիսկոպոսին այցի: Պողոս առաքյալը նրան բանալիններն է տալիս, իսկ Պետրոս առաքյալը՝ Սուրբ գիրքը և ասում, որ Սուրբ եկեղեցին պետք է քանդեք, նորը կառուցեք մեր անունով, և այս եկեղեցուց մեծ լուսավորություն պետք է լինի:  Արթնանալով Հովհաննես եպիսկոպոսը պատմում  է տեսիլքի մասին: Ժամանակ անց կառուցվում է եկեղեցին ու դրա տակ թաղվում Սբ. Պողոս-Պետրոսի մասունքները>>:
Վանքում շրջելուց և տեղին ծանոթանալուց հետո մասնակցում ենք  նաև ժամերգությանը՝ ևս մեկ անգամ առնչվելով Աստծո լույսի հետ: Այսպես ավարտվում է ուխտագնացության առաջին օրը: Բոլորս գնում ենք քնելու՝ մտածելով մեր ուխտի և դրա իրականացման մասին:

                                                                                                     Հռիփսիմե Գալստյան

 

 

Դիտվել է 6462
2015.07.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.