Ընթերցանություն
Գլխավոր>Տիկնանց Միություն> Ուխտագնացություն դեպի Տաթև. Օր երկրորդ

Ուխտագնացություն դեպի Տաթև. Օր երկրորդ

Ուխտագնացություն դեպի Տաթև. Օր երկրորդ

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու հավատացյալները՝ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի գլխավորությամբ երկօրյա ուխտագնացություն կատարեցին դեպի Տաթևի վանք:


Օր երկրորդ
Ժամերգությամբ սկսենք օրը

Այս անգամ շատ ավելի շուտ հավաքվեցինք: Առավոտյան վեցին արդեն Տաթևի վանքում էինք: Հայր Միքայելի, Տեր Խաչերի և սարկավագների հետ ժամերգության պետք է մասնակցեինք:  Ժամերգությանն ընթերցվեցին սաղմոսներ, այնուհետև կատարվեցին գիշերային ժամերգություն, որն ուղղված է Հայր Աստծուն, առավոտյան ժամերգությունը՝ ուղղված  Որդի Աստծուն և  արևագալի ժամերգություն՝ նվիրված Սուրբ Հոգի Աստծուն:  

Ողորմեա՛, Տեր

Ժամերգությունից հետո մեղքերի թողության ժամն է: Ապաշխարհում են բոլոր ուխտավորները՝ զղջալով կատարած սխալների համար և հուսալով մեղքերի թողություն: Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. <<Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է (Մատթ. 4.17), Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկ. 13.3), Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ (Ղուկ. 15.7)>> :
Մեղքերին թողություն տալով՝ կարծես բոլորն արդեն պատրաստ են Սուրբ Պատարագի:
Սուրբ Պատարագը Տաթևի վանքում
Տեր Խաչեր քահանայի գլխավորությամբ սկսվում է Սուրբ պատարագը: Ներկայացվում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները՝ Աստվածաշնչյան ընթերցումների, սաղմոսների և շարականների կատարմամբ: Օրը սովորական օր չէ. Այս օրը տոն է. Սուրբ առաքյալների տոնը և Հայր Միքայելը տոնին նվիրված քարոզ է խոսում:
Հաղորդության պահն է, երբ բոլոր հավատացյալները ընդունում են Քրիստոսի Մարմինը և Արյունը, հետևելով  Տիրոջ խոսքին. <<Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու Մարմինը և չըմպեք Նրա Արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա>> (Հովհ. Զ 54) :

Սուրբ Պատարագի ավարտից հետո, բոլոր ուխտավորները հոգեպես մաքրված դուրս են գալիս եկեղեցուց: Հաջորդ քայլը Մեծ Անապատ այցն է:
Ինչպես տեր հայրն է ներկայացնում՝ Անապատ կոչվում է հոգևոր իմաստով, այսինքն՝ այստեղ աշխարհային ոչինչ չի եղել, շատ խստակրոն վանք է եղել ժամանակին. <<Առաքել Դավրիժեցի պատմիչն է ներկայացնում այս վանքի պատմությունը: Եվ գրում է, որ մինչ վանքի կառուցումը՝ Հայաստանում հոգևոր կյանքը մեռել էր, չկար. աղոթք չկար, շարականների վրա փոշի էր նստել, Սուրբ գիրք չէին ընթերցում, եկեղեցական կարգը մոռացվել էր և Սարգիս եպիսկոպոսը, որը Սաղմոսավանքի վանահայրն է եղել և մեծ փափագ է ունեցել, որպեսզի վանականությունը վերականգնվի, իր մտքի մեջ միշտ աղոթք է արել, բայց միևնույն ժամանակ մտածել, թե այդ ժամանականերում ի՞նչ վանականություն  կարող է լինել, ով կգնա ու կճգնի: Մի օր այսպիսի մի դեպք է պատահում, որը փոխում է Սարգիս եպիսկոպոսի կյանքը.  Մի անգամ հովիվներից մեկը Արագածի փեշերին վեղարով հոգևորականի է նկատում՝ քարի վրա նստած, մոտենում է, ձեռք տալիս և տեսնում, որ մահացել է: Հովիվը վախենում է, գալիս պատմում է բոլորին և խոսքը հասնում է Սարգիս եպիսկոպոսին, որ սարերի մեջ մի ճգնավոր է եղել, որը մահացել է: Երկու օր ման գալուց հետո գտնում և հուղարկավորում են ճգնավորին: Սա կարծես պատասխանն է լինում Սարգիս եպիսկոպոսի հարցի: Այսինքն այն, որ ոչ ոք չի աղոթում և ճգնավորներ չկան, իրականում այդպես չէ: Եվ նա որոշում է թողնել վանահայրությունը և Երուսաղեմում վանք հիմնել: Գնում է Երուսաղեմ: Արևմտյան Հայաստանում Կիրակոս անունով մի քահանա, որի կինը մահացել էր և որն էլ որոշել էր վանք ստեղծել, լսում է , որ Սարգիս եպիսկոպոս անունով մեկը կա, որն ուզում է վանականությունը վերականգնի: Գնում է Երուսաղեմ և հանդիպում Սարգիս եպիսկոպոսին: Եվ որոշում են Երուսաղեմում հայկական վանք կառուցել: Կաթողիկոս Մովսես Տաթևացին խորհուրդ է տալիս, որ ինչո՞ւ են օտարության մեջ վանք կառուցում, թող գնան Հայաստան. այնտեղ աղոթքի կարիք կա: Խորհուրդ է տալիս, որ գան և Սյունիքի մարզում կառուցեն իրենց վանքը: Գալիս են, լինում Տաթևի վանքում, վահանավանքում, բայց քանի որ հինը փոխելը դժվար է, գնում են և կառուցում Հարանց անապատը: Երեսուն տարի է վանքը մնում. Երկրաշարժ է լինում, որն ավերում է այն: Վանքի ավերումից հետո մի փոքր հեռվում հիմնում են Մեծ Անապատը: Անապատը մոտ 70 խուց ունի: Եղել են մասեր, որ հետո քանդվել են>>:  
Մեծ անապատում  Մարիամ Աստվածածին եկեղեցում  աղոթք ենք անում առ Աստված և, Աստծո կամոք, ողջ ու առողջ բարձրանում վտանգավոր ճանապարհը:
Ճանապարհին արդեն կանգնած են ավտոբուսները, նստում ենք և շարժվում դեպի Երևան: Բայց մինչ Երևան հասնելը մեր ավտոբուսը փչանում է: Ի՞նչ է մնում, քան աղոթել: Երկու աղոթքից հետո մեքենան շարժվում է և գոհունակություն հայտնելով Աստծուն վերադառնում ենք տուն:
Ամփոփելով ուխտագնացությունը՝ տեր Խաչերը նշում է, որ այն համայնքային կյանքի ամենակարևոր մասերից մեկն է, որը նախևառաջ հովվին հնարավորություն է տալիս ժողովրդին ավելի լավ ճանաչելու, անմիջական շփում հաստատելու: Ուխտագնացության ամենակարևոր նպատակը մարդկանց հոգևոր կյանքի մեջ առաջնորդելն է, որովհետև ուխտագնացությունները ոգևորություն, խանդավառություն են առաջացնում, և օրեր, ամիսներ շարունակ այդ հավատի գիտակցումը, ոգևորությունը մնում է բոլորի հետ: Իսկ վարդապետական իմաստով՝ ուխտագնացությունը մարդու նորոգությունն է. գնալով ուխտատեղիներ, դժվարին ուղի անցնելով խաղաղություն է հաստատվում մարդու և Աստծո միջև:


                                                                                              

  Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 1662
2015.07.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.