Ընթերցանություն

ԽԱՉՎԵՐԱՑ

ԽԱՉՎԵՐԱՑ

«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, Աստծո զորություն»: (Ա. Կորնթ., Ա, 18)

Երբ Քրիստոս խաչի վրա մեռավ, մարդկության թշնամին՝ սատանան, պարտվեց Նրա ոտքերի տակ: Այդ օրվանից Խաչը դարձավ Եկեղեցու հաղթական նշանը, քանի որ Տերը «ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին» (Կողոս., Բ, 14):

Այդպիսով Խաչը դարձավ մեր փրկության և' սկիզբը, և' վերջը: Այն գովասանք դարձավ մեզ` քրիստոնյաներիս համար և պատիժ` նրանց, ովքեր արհամարհում են Տերունական նշանը: Խաչը դարձավ քրիստոնեական վարդապետության և պաշտամունքի առանցքն ու հիմքը: Եկեղեցին այն պատվեց առանձին տոներով, որոնցից մեկն էլ «Խաչվերացն» է:

 

Տոնը

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված   հետևյալ  տոները.

        

                         1. Երևման Ս. Խաչ

                         2. Խաչվերաց

                         3. Գյուտ Խաչ

                         4. Վարագա Ս. Խաչ   

 

Առաջին երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, իսկ Վարագա Սուրբ Խաչի տոնը զուտ հայկական է և  կատարվում է միայն մեր Եկեղեցում: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն հաստատված է Խաչի վերադարձը դեպի Երուսաղեմ պատմական դեպքը պանծացնելու և միաժամանակ Խաչի զորությունը ներբողելու համար:

Հայոց Եկեղեցում Խաչվերացը տոնակատարվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Խաչվերացի արարողությունը եկեղեցական ծեսի մեջ ներմուծել և կանոնակարգել է Սահակ Ձորափորեցի կաթողիկոսը` այդ առթիվ գրելով տոնին նվիրված շարականները:

                                                                       

Պատմություն

610 թ. իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Բյուզանդիայի Հերակլ կայսեր վրա: Պարսկական զորքերը Խոռեմ զորավարի գլխավորությամբ 614 թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում,  շատերն էլ` գերևարվում: Վերջինների մեջ էր նաև  Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Պարսիկները  մտնում են  Սուրբ Հարության  տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:

Քրիստոնյաները զրկվելով իրենց նվիրական սրբությունից՝ հայտնվում են անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին` հրեաները, երբ փղշտացիները գերել էին Աստծո Ուխտի Տապանակը: Սակայն Տիրոջ Խաչը հայտնվելով Պարսկաստանում, ինչպես Տապանակն` Ազոտոսում (տե՛ս Ա. Թագ., Ե), մեծ փառքի է արժանանում: Տեղաբնակները  Տիրոջ Խաչին վերաբերվում են մեծ երկյուղով` ասելով, որ քրիստոնյաների Աստվածն իրենց մոտ է եկել: Շատերն ահից դիմում են տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը` քրիստոնեություն ընդունում:

Այնուհետև հունաց Հերակլ կայսրը Խաչափայտը վերադարձնելու համար պատերազմի է դուրս գալիս Խոսրով արքայի դեմ և օգնության կանչում ճենաց Խական թագավորին: Հերակլին օժանդակում է նաև հայկական զորագունդը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ: Սակայն այս անգամ էլ Խոսրովը հաղթում է Հերակլին: Այդ պարտությունից հետո կայսրը հանում է իր թագն ու արքայական ծիրանին, քուրձ հագնում ու նստելով մոխրի վրա՝ երեք օր շարունակ աղոթում Աստծուն՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նրան տեսիլքով հայտնվում է, որ պետք է հաղթի: Եվ իսկապես, նոր ճակատամարտում Հերակլը հաղթում և ազատագրում է Տերունական Խաչափայտը:

Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է Հայոց Կարին քաղաքը: Խաչափայտը Կարին քաղաքում լինելու պատճառով է, որ Կարնո դաշտի հարավարևելյան կողմի լեռների մեծ գագաթը Խաչափայտ է կոչվում: Պարսիկները Խաչը հանձնելուց հետո փորձում են կրկին ետ վերցնել այն, սակայն, հայերը Խաչափայտը թողնելով՝ ետ են մղում պարսիկների հարձակումը և վերադառնալով տեսնում, որ այնտեղից, ուր Խաչն էր դրված, վճիտ աղբյուր է բխում: Այդ վայրը հետագայում դառնում է ուխտատեղի:

Կարինից Խաչափայտը տեղափոխվում է Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ: Գերադարձության ճանապարհին  Տիրոջ Խաչափայտը գրեթե ամեն տեղ բարձրացվում էր և ամենուր ժողովրդի մեջ ցնծություն առաջացնում՝ խորհրդանշելով Քրիստոսի հրաշափառ հարության վերապրումը:

         Խաչի նշանակությունը

Սկսած  առաքելական ժամանակաշրջանից, Քրիստոսի Խաչը, որպես հարգանքի և երկրպագության սրբազան առարկա կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքում, քանզի Խաչով է Քրիստոսի կյանքը, առաքելությունն ու փրկագործության խորհուրդը պատկերվում հավատացյալի մտքին ու հոգուն: Խաչով ենք մենք ապավինում Աստծո ամենակարող զորությանն ու ամենազոր օգնականությանը:

Ամեն մարդ չի կարող թափանցել փրկագործության անքննելի խորհրդի մեջ, բայց նա, ով ի զորու է Քրիստոսին խաչափայտի վրա տեսնել, ավելի առարկայորեն կհասկանա Ավետարանական խոսքը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատա՝ փրկվի» ( Հովհ., Գ, 16 ):

Խաչը դարձել է քրիստոնեության խորհրդանիշը, և քրիստոնեությունն ու Խաչի նշանը հաճախ նույնացվել են:

Խաչը սրբացավ Քրիստոսի տառապանքով ու ինքնազոհաբերմամբ` մեզ համար դառնալով փրկության ուղենիշ: Սակայն այդ փրկությանը հասնելու համար մենք պետք է անցնենք տառապանքի ու ինքնազոհաբերման այն նույն ճանապարհով, որով անցավ Հիսուս Քրիստոս: Այդ կենսատու գաղափարը հստակ է հատկապես հայերիս համար: Մեր Խաչը ծաղկյալ է, այսինքն` այն մեզ է ներկայանում իբրև Աստծո Արքայության, աստվածային երանավետ կյանքի առհավատչյա: Խաչը միաժամանակ մեծագույն պատասխանատվություն է Աստծո առջև: Նա, ով ուրանում է խաչյալ Աստծուն, ուրանում է թե' իր հավատը, թե' իր հայրենին: Այդպիսի մարդը դատապարտված է ուծացման և դանդաղ մահացման:

Ուրեմն հիշենք, որ Խաչը քրիստոնյաներիս շնորհված չբթացող զենք է՝ սրված Տիրոջ անապական արյամբ, մեր հույսն ու ապավենը, որով վերացավ մեր դատապարտության կնիքը: Եվ ըստ Դավիթ մարգարեի` «Չարիքը չի հասնի քեզ և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին» (Սաղ., Ղ, 10 ), եթե ապավինես Տիրոջ Կենարար Խաչին:

 

ԶՔՀ

Դիտվել է 6329
2015.09.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.