Ընթերցանություն
Գլխավոր>Տիկնանց Միություն> Ուխտագնացություն դեպի Սուրբ Խաչ և Նորավանք

Ուխտագնացություն դեպի Սուրբ Խաչ և Նորավանք

Ուխտագնացություն դեպի Սուրբ Խաչ և Նորավանք

Սեպտեմբերի 19-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու հավատացյալները հայրական օրհնությամբ՝ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  և գլխավորությամբ՝ Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանի, ուխտագնացություն կատարեցին դեպի Վայոց Ձորի Թեմի վանքեր:

Տերունական աղոթքով և տեր հոր օրհնությամբ ուխտավորները պատրաստվեցին ու շարժվեցին դեպի առաջին ուխտավայր` Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի: Ողջ ճանապարհն անցավ հոգևոր երգերի կատարմամբ: Տեր Կորյունի օգնությամբ ուխտավորները նաև նոր հոգևոր երգեր սովորեցին:

Ժամեր անց արդեն ուխտավորների առաջ երևաց եկեղեցին, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է VIII դարից : Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1870-1871թթ.: Եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Ավանդության համաձայն՝ երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում երևում է Սուրբ Հոգին և պատվիրում խաչի մասունքն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու, այնուհետև բաց թողնել և հետևել նրան. կենդանին որտեղ կանգ առնի և քնի, այնտեղ էլ պետք է կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ երբ սկսում են փորել ջորու քնելու տեղում, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին: 

Սուրբ Երրորդության անդամներն այս անգամ միայնակ չէին. Նրանց եկեղեցում միացան նաև Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հավատացյալները` իրենց հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ:

Տեր Գրիգորի գլխավորությամբ ուխտավորները միասին մասնակցեցին Սուրբ պատարագին, խոստովանվեցին և պատարագիչի կողմից հաղորդություն ստացան, ինչն էլ ավելի ամրապնդեց հավատացյալների ուխտը:

Բայց  հոգևոր ճամփորդությունն այսքանով չավարտվեց. Ուխտավորները շարժվեցին մեկ այլ ուխտավայր` Նորավանք, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ վանքերից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ վայրերով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

Վանքը հիմնադրել է Վահանավանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, որը 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր, որտեղ որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը:

Ուխտավորներն այստեղ ևս աղոթք բարձրացրեցին առ Աստված` հուսալով ու հավատալով, որ իրենց ուխտն անպայման ի կատար կածվի, շրջեցին, ծանոթացան վանքի պատմությանը և հոգևոր լիությամբ ու ավելի զորացած վերադարձան իրենց օջախները:

Ուխտագնացությունները կարևոր ու օգտակար են բոլոր հավատացյալների համար, և ինչպես տեր Կորյունն է նշում. «Մենք անընդհատ պատերազմի մեջ ենք մեզ հետ, ինքներս մեզ հետ ենք կռիվ տալիս, ինքներս մեզ պետք է կարողանանք հաղթել, իսկ այդ հաղթանակը կարող է լինել միայն Աստծո հետ, եթե նույն ճանապարհով քայլենք՝ ուխտագնացի ճանապարհով, որի կամքն ու հավատը զորանում է և հավատացյալը փորձում է նմանվել Հիսուսին: Նմանվելու համար պետք է մաքրվել, իսկ ուխտագնացություններն օգնում են դրանում»:




                                                                                               Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 5462
2015.09.25
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.