Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Թեմատիկ քարոզներ> Սուրբ Հովհան Մանդակունի կաթողիկոսի թուղթը՝ Պահքի մասին

Սուրբ Հովհան Մանդակունի կաթողիկոսի թուղթը՝ Պահքի մասին

Սուրբ Հովհան Մանդակունի կաթողիկոսի թուղթը՝ Պահքի մասին

Ազդու, օգտակար ու կարևոր է պահքի պնդությունը և ժուժկալությունը  որկրամոլությունից, մանավանդ, երբ խոհեմությամբ են  մերձենում  նրան և իսկապես  ճանաչում  են, թե որքան շահավոր է պահքի պնդությունը: Իսկ նրանք, ովքեր չեն զգուշանում նրանում, այժմ իսկ տեսանելի օրինակներով պետք է իմանան պարկեշտության մաքրությունն ու որովայնը լցնելու վնասակարությունը: Նրանք գիտեն, որ ինչպես որ երաշտացած վայրերը տեսակ-տեսակ բույսեր չեն բուսցնում, այդպես էլ ցամաքած որովայնները պիղծ խորհուրդներ չեն ծնում: Եվ ինչպես որ աղբոտ հողն է խառնիխուռն բույսեր բուսցնում և աճեցնում, այդպես էլ կերակուրի աղբով փափկացած որովայններն են մշտապես աղտեղի խորհուրդներ վեր հա-նում: Քանզի որդերին գեջ հողն է սնում, իսկ պիղծ ախտերը` գիջացած որովայնը: Քանի որ նրանք, ովքեր փափկանում են համադամ [կերակուրներով], նաև զանազան խորհուրդներ են իմանում, իսկ նա, ով սակավ կերակուրով է բավականանում, քաղցի նեղության մասին է խորհում, քանզի թանձրացած որովայնները մաքուր խորհուրդներ չեն ծնում, այլ մարմնի զգայարանները պահում, պատում են ծածկույթի տակ: Նրանք, ովքեր ծառայում են իրենց որովայնին, անհնարին է, որ լինեն Աստծու հավատարիմ ծառաներ: Իսկ նրանք, ովքեր նրբանում ու սրբանում են պահքով, ոչ միայն սրբում են իրենց անօրինությունների պղծությունը, այլ նաև իրենց մեջ են բնակեցնում սուրբ Աստծուն:

Եվ արդ, այսպես մեծ է պահքի պնդությունը և պարկեշտության առաքինությունը. այն զսպելով` դադարեցնում է մարմնի բոլոր անդամների ցանկություններն ու աղտեղի խորհուրդները և ստեպ-ստեպ մտքերից հալածում դևերի` խորհուրդների միջոցով հար-ձակումը, որոնք կամենում են պղտորել ու պղծել մաքրվածների սրտերը: Որովհետև պահքի պնդությունը, իբրև երկաթյա ջղերով, ամուր է պահում առաքինի կենցաղավարությունը և հաստատուն հավատը, քանզի հզոր աշտարակ է թշնամու դեմ և ամուր պարիսպ` սատանայի բոլոր նետերի դեմ: Եվ որովհետև մեր բնության համար խիստ կարևոր է պահքի առաքինությունը, և բազում թերություններ շտկվում են պահքի խոնարհությունից, այն ժամանակվանից իսկ, երբ մարդուն ստեղծեց, [Աստված] պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդու համար իբրև առաջին պատվիրան դրեց ամուր պահքը` չճաշակել ծառից: Քանզի եթե [առաջին մարդը] պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ ու անմեղ կյանքը և երկնքում` երկնային բարիքները: Քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, բազում նեղություններից փրկվեցին:

Սույն պահքի պնդությամբ նաև մեծն Դանիելը փրկվեց առյուծների ժանիքներից, որովհետև գազանի բնությունը պատկառեց մոտենալ պահողի սուրբ մարմնին: Եվ որովհետև [Դանիելը] արգելեց իրեն և չմոտեցավ թագավորի սեղանին, որ պիղծ զոհերի պատճառով աղտեղի էր դարձել, արգելվեցին նաև գազանները և չմոտեցան պահողի սուրբ մարմնին:

Սույն պահքի պնդությամբ և երեք մանուկները փրկվեցին բորբոքված բոցից. [որովհետև] հանգցրեցին կերակուրի մոլի ցանկությունը և բավականացան սակավ ոսպով, հանգցրեցին հնոցում բարձրացած ահեղ հուրը, որովհետև այնտեղ` ներսում, զովացուցիչ ցողը մխիթարեց պահողներին, իսկ դրսում բորբոքված բոցը սաստկացավ զեխացածների շուրջը և քա-ռասունինը կանգուն տարածվելով` սպանեց բոլորին:

Սույն պահքի պնդությամբ և նինվեացիների բազմամբոխ քաղաքը փրկվեց, որովհետև նրանք դարձան իրենց բոլոր անօրինություններից և չար ընթացքից, քրձով ու մոխրով ետ դարձրեցին Աստծու խստացած բարկությունը: Եվ քանի որ նրանք չխնայեցին իրենց անձերը` նեղելու դրանք պահքով ու պաղատանքներով, ողբալով և հեծեծանքներով լաց լինելով, Աստված խնայեց նրանց հոգիներն ու մարմինները (տե՛ս Հովն. Գ 3):

Սույնով իսկ` պահքի պնդությամբ, և Մովսեսն ընդունեց աստվածադիր օրենքները, որովհետև քառասնօրյա պահքի մաքրությամբ արժանի դարձավ մոտենալու Մաքուրին. և խոսում էր Նրա հետ` իբրև բարեկամի (տե՛ս Ելք ԻԴ 12-18):

Սույն պահքի պնդությամբ սրբվեց և Թեզբացի Եղիան և իր բերանի խոսքով բացեց ու փակեց երկինքը և երկնքից կրակ իջեցրեց (տե՛ս Գ Թագ. ԺԸ):

Էլ ի՞նչ ասեմ պահքի պնդության մասին.տերունական Անմեղ ու Անարատ մարմնին անգամ պետք եղավ պահքի պնդությունը` մեզ օրինակ լինելու համար: Դրանով նաև առաջին հայրերն առաքինացան և անմարմին հրեշտակների վարքը մարմնի մեջ ցույց տվեցին. երկրում մեռցրին երկրավոր ցանկությունները և երկնքում կենդանացրեցին իրենց հոգիները, մերժե-ցին անցողիկ հաճույքները, որպեսզի ընդունեն անանցանելի բարիքները, հեռացան տնից ու ստացվածքներից, չարչարվեցին բազում նեղություններից և չարչարվելով` ամբողջովին մեռցրեցին իրենց անձերը քաղցով, ծարավով ու նվաստ հագուստներով: Նրանցից շատերը բավականացան խոտեղեն կերակուրով, ոմանք էլ միայն միրգ ուտելով անցկացրին իրենց կյանքը: Ոմանք միայն ծառերի ծայրերն ու բույսերի արմատներն էին ուտում, ոմանք սակավ հունդերով էին ժուժկալում, ոմանք` ժամանակ առ ժամանակ երեքնուկի հացով, ոմանք` նկանակի մեկ չորրորդ մասով, և ուրիշները` մեկ վեցերորդ մասով, ոմանք ցորենի թեփը իրենց կերակուր դարձրին, ոմանք խոզերի ուտելիքով` եղջերենու պտղով էին դադարեցնում քաղցի պատճառած նեղությունը: Ոմանք օրվա հոգևոր կերակուրներին հաղորդությունն էին բավական համարում մարմնի կարիքների համար և ուրիշ կերակուրների վայելքը ամբողջովին մերժված էր նրանց կողմից: Ոմանք ժամանակ առ ժամանակ էին ճաշակում, ոմանք` երկու, ոմանք էլ` երեք օրը մեկ անգամ, ոմանք յոթ օր հետո, և որ ավելին է, հիշում էին կերակուրի անհրաժեշտությունը և կշռով էին այն ճաշակում, նաև ջուր էին չափով խմում: Անդադար հեծությամբ աղոթում և ծառայությունն էին կատարում, ողջ գիշերն արտասուքով ու ողբով էին անցկացնում և ողբալի խնդրվածքներով ու հառաչանքներով հաշտեցնում էին Աստծուն: Ոմանք պարանների վրա ընկած էին ննջում, ոմանք ոտքի վրա տքնելով էին գիշերն անցկացնում, ոմանք քիչ նստելով, ոմանք մինչև առավոտ ձեռքները վեր բարձրացրած էին պահում, ոմանք, իրենց պարանոցը խոնարհեցրած, մինչև լուսանալը ժուժկալում էին, ոմանք հարյուրավոր աղոթքներ էին ընդօրինակում: Ոմանք լռում էին, ոմանք խոսում էին միայն սաղմոսներ, ոմանք առանց իրենց հարցնելու չէին բարբառում, ոմանք ընտրությամբ միայն ընկերոջ օգուտի համար էին խոսում: Մշտաջան ճգնություններով ու պաղատանքներով էին իրենց օրերն անցկացնում և հոգևոր խրատի համար օտար աշխարհներ էին անցնում, ինչպես բարեկամների` սիրում էին թշնամիներին և խոնարհությամբ իրենց ընկերոջն իրենցից ավելի լավ էին համարում: Հնազանդության համար անգամ կրակի էին մատնվում և դեպի գազաններն էին դիմում, իրենց անձերն ընկերոջն էին ծառայեցնում և իրենց արդար վաստա-կով կերակրում էին խեղճերին, տնանկներին ու հիվանդներին: Չափով էին պահում իրենց մարմինը և իրենց խորհուրդների վրա սանձ էին դնում և այնպես զանազան և մեծ նեղություններով ամուր պահքի [տեսակներ] հորինում: Քանի որ այս ամենն են նեղ դուռն ու անձուկ ճանապարհը, որ տանում են դեպի հավիտենական կյանք: Որով և` ճշմարիտ և մաքուր պահեցողությամբ, բազում նշաններ ու հրաշքներ էին գործում, դևերին էին հանում, հիվանդներին էին բժշկում, մեռելներին էին հարություն տալիս, ջրերի վրայով էին քայլում և արեգակի ընթացքն էին դադարեցնում : Ամուր պահեցողությունը սրանից առավել մեծ զորություններ էր գործում. քանզի առաջին սուրբերը, երբ կամենում էին մոտենալ Աստծուն, նախ պահքով մաքրվում էին և ապա մերձենում էին Մաքուրին և աստվածատես էին լինում: Իսկ նրանք, ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից և բազում չարերով չարչարվեցին: Ահա Ադամը հեռացավ ամուր պահեցողությունից և դրախտից դուրս` փշաբեր երկիրը ելավ: Նոյի ազգի ծնունդները հեռացան ամուր պահեցողությունից և համայնաջինջ ջրհեղեղով խեղդվեցին ու մեռան: Եբրայեցի ժողովուրդը հեռացավ ամուր պահեցողությունից, և ընտիրները մեռան: Սոդոմի բնակիչները հեռացան պահքից, և հրե անձրև ու կայծակ տեղաց նրանց վրա: Եվ բոլոր նրանք, ովքեր արհամարհեցին պահքը, արհամարհվեցին Աստծու կողմից և հեռացան Նրա ողորմությունից:

Բայց հարկ է, որ պահողները [զինված] լինեն խոհեմությամբ. քանզի սատանան կորստյան է մատնում և՛ պահք պահողներին, և՛ պահողների պահքը, եթե բամբասի անպարկեշտներին և կամ իրեն ուրիշներից առավել բարձր ցույց տա, կամ կերակուրները պիղծ համարի և կամ էլ եթե կեղծավորությամբ պահի. իբրև թե ինքը ուրիշների աչքում ծածկում է իր պահքի պնդությունը, որպեսզի սնապարծ ու կեղծավոր չերևա, բայց կամենում է, որ նրանց կողմից հռչակվի իր ժուժկալությունը: Եվ եթե ոչ ոք չի իմանում, ապա ինքը կամենում է խստացնել [իր ճգնությունը] պահքի պնդության պատրվակով, որպեսզի իմանան ու զարմանան իր համբերության վրա: Այսպիսի պահքը չի սրբում ու արդարացնում, այլ պղծում է ու կորստյան մատնում: Բայց եթե մեկը ժուժկալի կերակուրներով, իսկ մյուս անդամներով չպահի, զուր և ապարդյուն է ջանում: Այս է, որ ասում եմ. եթե նա չպարկեշտացնի իր լեզուն, չզգուշանա աչքերով, ականջներով, խորհուրդներով, մտքերով, ընկերոջ հետ ոխ պահի, եղբոր հանդեպ ատելություն ունենա և կամ մեկին կեղծավորաբար ցույց տա, թե սիրում է, խոնարհաբար չծառայի ընկերոջը, պատիվ և իշխանություն ցանկանա և կարծի, թե ինքը պահք է պահում, այնպիսին հույժ ապշության և սատանայական խորհուրդների մեջ է: Քանի որ ոչ թե խոնարհ պահք է այն, այլ խաբեություն ու կեղծավորություն. զուր են նրա ջանքերն, ու վաստակ չունի նա, որ հրում այրվում և ջրում աղվում է մշտապես, որին ցեցն ապականեց, և գողերը կտրեցին ու տարան, և ոչ մի օգուտ չունեցավ այնպիսի պահքի մրցությունից, այլ հույժ պատժի ու պատուհասի արժանացավ: Այստեղ պատժվում է կեղծավոր պահքով, իսկ այնտեղ արդար դատաստանում դատապարտվելով` չարչարվում է հնոցի հրում և որկրամոլներից ու հարբեցողներից առավել է դատապարտվում, որովհետև անգետ համարեց ամենագետ Աստ-ծուն չարաչար ու կեղծավոր խստակրոնութեամբ:

Ոմանք էլ կան, որ երբ կամենում են պահքի մեջ մտնել, շտապում են լվացվել ու օծվել, խճողում են իրենց պորտն ու որովայնը, շվայտանում են որկրամոլությամբ ու արբեցությամբ, ապա մտնում են պահքի պնդության մեջ: Եվ արդ, ի՞նչ անվանենք այդպիսիներին` պահողներ, թե՞ հարբեցողներ, պարկեշտներ, թե՞ որկրամոլներ, ճգնավորներ, թե՞ զեխացողներ, որովհետև անհնարին է պղծությամբ սրբություն գտնել և մեղքերով դեպի արդարությունը ելնել. և ոչ ոք պոռնկությամբ կուսություն չի ստանում և զեխությամբ ու արբեցությամբ չի ընդունում պահքի սրբություն: Որովհետև անհնարին է այսպես լինել, թե` նախ պոռնկանամ, ապա կուսանամ, և կամ արբեցությամբ զեխանամ ու շվայտանամ, ապա մտնեմ պահքի սրբության մեջ: Քանզի անհնարին է, որ պոռնիկը կույս դառնա, արբեցությամբ զեխացողը` պահք պահող և ճգնող: Որովհետև կույսը կուսությամբ է կուսության պսակը ստանում, այլ ոչ պոռնկությամբ, և պահք պահողը ժուժկալությամբ է ընդունում պահքի վարձքը և ոչ արբեցությամբ, զեխությամբ և որկրամոլության շվայտությամբ:

Կան նաև ոմանք, որ քառասնօրյա պահքին ապաղաս  են ասում. այդ շաբաթներից կեսը կարևոր են անվանում, պահում և ճգնում են սրբությամբ, իսկ մյուսները ապաղաս են անվանում և թուլացնում են պահքի պնդությունը և անակնկալ կերպով ճաշակում փափուկ կերակուրներից և շատակերությամբ լուծում են քառասնօրյա սուրբ ու երևելի պահքը: Այս քառասնօրյա կարևոր պահքը նաև Աստծու Որդին պահեց` մեզ օրինակ լինելու համար. և այն ժամանակ չանվանեց ապաղաս: Նույն քառասնօրյան (քառասունը) պահեց նաև Մովսեսը լեռան վրա, և չանվանեց ապաղաս: Նույն քառասունը անապատում` լեռան վրա, պահեց Եղիան, և չանվանեց ապաղաս: Նույն քառասունը և մենք մեր տկարությամբ օրըստօրէ կատարում ենք պահքով, և մեզ վայել չէ քառասնօրյան պահքն ապաղաս անվանել և լուծել սուրբ պահքի պնդությունը: Քանզի պահքի սկզբից մինչև նրա ավարտը պահք է փափկությունից, եթե կամենում ես ճգնել և պահել, իսկ եթե կամենում ես շատակերությամբ լուծել, ոչ թե թեթև ապաղասը լուծեցիր, այլ կարևոր պահքը: Որովհետև ապաղաս ծույլերն ու ոչ կատարյալներն են անվանում, այլ ոչ թե պարկեշտներն ու պահողները:

Ոչ միայն կերակուրներից [հրաժարումն է] պահք անվանվում, այլ նաև բոլոր մեղքերից հեռանալը, որովհետև պահք են նաև բերանի լռությունը և անհարկի` առանց իրեն հարցնելու խոսելը: Պահք է նաև անընչությունն ու աղքատությունը և ավելորդ բաների մասին չհոգալը, այլ օրվա պետքը փնտրելը և նույնը Աստծուց խնդրելը: Պահք է խոնարհությամբ իր տեղում նստելը և փուչ մեկի պես չշրջելը` անառակությամբ թափառելով և դրամաշորթությամբ: Պահք են փափկություններից հրաժարվելը, խեղճ, ողորմելի հագնվելը, մարմինը ճնշելը և նվաստացնելը` առանց լվանալու և օծելու: Պահք է քրջոտ հագուստներով միայն մերկությունը ծածկելը և ցրտից պաշտպանվելը: Պահք է խոնարհելն աչքերը` անամոթ չնայելու, ականջները` [անամոթություններ] չլսելու, սիրտը` պիղծ խորհուրդներ [չխորհելու]: Պահք է պատիվ և իշխանություն չհանգանակելը, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժ չփնտրելը և իրեն ընկերոջ մոտ չարդարացնելը: Պահք է չագահանալը, մարդահաճ չլինելը, հագուստներով սնապարծ չդառնալը: Պահք են խոնարհությունն ու հնազանդությունը և սուրբ սրտով բոլորին սիրելը: Պահք է կարճատև` միայն քնի կարիքը լրացնող քնով քնելը և հետո արթնանալով` գործելը կամ աղոթելը և ցանկության քուն չունենալը:

Արդ, այս ամենն են ճշմարիտ պահք. և առավել, քան կերակուրի պակասեցումը, սրանք և սրանց նման բաները պետք է պակասեցնել պահքի ժամանակ, և ապա միայն ընդունելի կլինի կերակուրների պակասեցումը: Նաև կերակուրների պակասեցումը ո՛չ միապես [պետք է լինի], այլ ըստ յուրաքանչյուրի կարողության. ոմանք օրվա մեջ մեկ անգամ, ոմանք` երկու, ոմանք` երեք, ոմանք էլ յոթ օրը մեկ անգամ են ճաշակում պարկեշտությամբ, ըստ յուրաքանչյուրի կարողության: Ոմանք բավականանում են միայն բանջարով, ոմանք` միայն հունդերով, ոմանք սակավ հացով, ոմանք ավելի շատով և անպաճույճ թանիկն էլ են ավելացնում, ոմանք իրենց զրկում են գինուց, ոմանք` թանից, ոմանք` հացից են իրենց զրկում և փափուկ և համեղ կերակուրներից են իսպառ հրաժարվում և բավականանում են միայն մեկ տեսակի ոգեպահիկ կերակրով, որ միայն իրենց կենդանությունն է պահում, այլ ոչ մարմինն ու արյունը ավելացնում, որոնք բորբոքում են ախտալի ցանկություններ: Եվ այսպես [ժուժկալեցին]` սակավ ուտելով, սակավ խմելով, սակավ քնելով և անդադար աղոթելով: Մանավանդ հարկ է, որ պահքի օրերին որովայնիցդ զրկելով` աղքատներին տաս այն, որպեսզի դու քաղցես, իսկ քաղցողը կշտանա, և քո մեղքը քավվի: Ա՛յս է սուրբ և Աստծու կամքին համապատասխան պահքը, և սրանո՛վ են ընդունելի լինում վշտամբերությունն ու ճգնությունը, որոնք բժշկում են մեղքերով վիրավորվածին, փրկում են սատանայից գերվածներին, կանգնեցնում են անօրինությամբ կործանվածին, վեր են բարձրացնում ամբարշտությամբ հիվանդացածին, սրբում են պղծություններով աղտոտվածին, լուսավորում են մոլորությամբ խավարածին, պահողներին մաքրում ու արդարացնում են բոլոր հանցանքներից և մեծապայծառ լույսով կանգնեցնում են Աստծու ահավոր և լուսավոր բեմի առջև: Եվ նրանով ժառանգում են անանց բարիքներն ու վայելչությունները մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին փառք հավիտյանս. ամեն:

Դիտվել է 530
2016.02.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.