Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Թեմատիկ քարոզներ> Ավագ շաբաթ. Հույսի շաբաթ

Ավագ շաբաթ. Հույսի շաբաթ

Ավագ շաբաթ. Հույսի շաբաթ

Ծաղկազարդին հաջորդող շաբաթը, որ Տիրոջ երկնային կյանքի վերջին օրերն է խորհրդանշում, կոչում ենք «Ավագ Շաբաթ»: Ահա Մոտենում ենք տնօրինական հիշատակությանը, մոտենում ենք անցնելու Տիրոջ կյանքի վերջին շաբաթի ամեն մի հանգրվան, ուր ամեն մի օր իր նշանակությունն ու փրկական խորհուրդն ունի:

Ավագ Երկուշաբթին իր մեջ խորհուրդն ունի անպտուղ թզենու, երբ, աստվածաշնչյան պատմության համաձայն,  Քրիստոս Բեթանիայից վերադառնալիս տեսավ, որ թզենին պտուղ չունի և անիծեց այն (Մարկոս 11:12-14): Հայրերը, խոսելով անպտուղ թզենու մասին, ասում են, որ դա խորհրդանիշն է հրեա ազգի, որը Տերը գալով  պտղաբեր չգտավ: Դրա համար հրեաներից վերցվեց ընտրյալ լինելու կոչումը և տրվեց տասներկու առաքյալներին: Հրեաներն անպտղաբեր էին, որովհետև իրենց առաքելության մեջ չեղան, որովհետև նրանք մնացյալ բոլոր ազգերին պետք է բերեին դեպի Աստված, բայց իրենց առաքելության մեջ  անպտղաբեր եղան, իսկ 12 առաքայլաներն այդ պտղաբերությունը տվեցին` Քրիստոսի խոսքը քարոզեցին ճշմարտապես: Առաքյալներն անվերապահորեն կատարեցին Քրիստոսի խոսքը, տարածեցին այն: Մենք էլ պետք է փորձենք մեր կյանքի ընթացքում պտղաբեր լինել` բարիք գործելով:

Ավագ երեքշաբթին տասը կույսերի հիշատակությունն է: Տասը կույսերը հիշատակում էին, որ կուսությունն արդեն պատիվ է, բայց նրանցից հինգն ունեին պտուղներ, հինգը` ոչ: Նրանք համարում էին, որ եթե ունեն կուսության պատիվն, ուրեմն կփրկվեն: Նույնպես վարվում ենք նաև մենք` հայ քրիստոնյաներս, որովհետև ինքներս  մեզ կոչում ենք 1700-ամյա քրիստոնյա երկիր, հպարտանում ենք, որ  առաջինն էինք, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակեցինք, բայց անպտղաբեր ենք քրիստոնեության մեջ: Միայն դա մեզ չի փրկի, եթե բարի գործերով չզարդարենք մեզ: Մենք եթե բարի գործերով մեր ճրագները ձեթով չլցնենք, կնմանվենք հինգը հիմար կույսերին, որ այդ բարի գործերը չունեին, դրա համար մնացին երկնքի  արքայությունից դուրս: Հինգ իմաստունները ոչ միայն  կուսությունը համարեցին պատիվ, այլ նաև բարի գործեր տվեցին, հավատքից բխեցրին բարի գործերը: Մենք` քրիստոնյաներս, եթե Քրիստոսին կրում ենք մեր մեջ, ունենք հավատք առ Աստված և բարի  գործեր մեզանից դուրս չեն գալիս, ուրեմն մենք խնդիր ունենք,  ուրեմն մենք ճշմարիտ ճանապարհի մեջ չենք և մեր ճրագների մեջ ձեթ չկա, մեր ճրագները կմարեն:

Ավագ չորեքշաբթին Տիրոջ օծման և մատնության օրն է: Այս օրը հիշատակվում  է, թե ինչպես Հուդան Տիրոջը մատնեց երեսուն արծաթով, որի մասին մարգարեացել էր Զաքարիա մարգարեն: Մատնեց, ունեցավ զղջում, բայց իր զղջումն անպտղաբեր էր: Մենք էլ շատ պարագաներում միշտ մեր շահն ենք փնտրում մարդկային մեր փոխհարաբերությունների մեջ, ինչպես Հուդան փորձեց Քրիստոսի հետ իր հարաբերության մեջ շահ ունենալ, քանի որ գանձապահն էր՝ 12 առաքյալներից: Հիշենք այն մեղավոր կնոջը` Մարիամին, և նրա` նարդոսի  թանկարժեք յուղով Տիրոջը օծելու պատմությունը: Հուդան, երբ տեսավ, ասաց, որ կարող են այդ յուղը վաճառել մեծ գնով և տալ աղքատներին, սակայն Քրիստոս պատասխանեց նրան` ասելով,  որ աղքատներին միշտ իրենց հետ ունեն, բայց Իրեն չեն ունենա և որ այդ կնոջ արածը  պետք է ավետարանվի ամբողջ աշխարհում (Հովհ. 12:1-1-9): Հուդայի մասին այս պատմությունը թող լինի մեզ համար օրինակ, որպեսզի մենք այդպես չվարվենք: Որովհետև, վերջիվերջո, մենք զղջալու ենք, ինչպես Հուդան ինքը զղջաց, բայց այդ զղջումն անպտղաբեր էր, որովհետև իրեն տարավ հուսահատության: Նա  մտածեց, որ Տերը չի ների իրեն, բայց  մեր զղջումը երբեք անպտղաբեր չպիտի լինի, մենք հույս պետք է ունենանք, որ Տերը մեզ կների: Նոր Կտակարանում ասվում է, որ Տերն ուշացնում է իր գալուստը, որպեսզի ամեն մի մեղավոր դարձի գա և փրկվի: Այնքան մեծ է նրա սերը, որ ուշացնում է գալուստը, ուստի մենք էլ պետք է գիտակցենք այդ ամենը:

Ավագ հինգշաբթին ամբողջությամբ հիշատակության օր է: Այդ օրը հիմք դրվեց հաղորդության խորհրդին: Վերջին ընթրիքի խորհուրդն է այն, որի ընթացքում Քրիստոս վերցնելով հացն ասաց, որ սա է Իր Մարմինը և գինին` Իր Արյունը: Մենք, հենվելով վերջին ընթրիքի խորհրդի վրա, կատարում ենք Սուրբ Պատարագը` ի հիշատակ Քրիստոսի: Այդ օրը անարյուն զոհաբերություն է կատարվում` ի հիշատակ Քրիստոսի Մարմնի և Արյան, և մենք էլ, մոտենալով հաղորդությանը և հաղորդակիցը լինելով Քրիստոսի Մարմին  ու Արյանը, Տիրոջը մեր ներսն ենք ընդունում հավիտենական կյանք ունենալու համար:

Այս օրը նաև ոտնլվայի արարողությունն է կատարվում: Ոտնլվայի  խորհուրդը կապված է Հիսուս Քրիստոսի` իր աշակերտների ոտքերը լվանալու դրվագի հետ: Երբ Պետրոսը  վերնատանը չուզեց, որ Տերն իր ոտքերը լվա, և Հիսուս ասաց, որ այդ դեպքում նա իր հետ բաժին չի ունենա, իսկ Պետրոսը խնդրեց, որ ոչ միայն ոտքերը, այլ նաև գլուխը լվա: Եվ Հիսուս մեզ պատգամեց` իր խոսքը քարոզելով առաքյալներին և ասելով` «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13:1-20): Տերն այս կերպ մեզ ցույց  տվեց խոնարհության, ներողամտության օրինակը. նա գիտեր, որ Հուդան պետք է մատնի իրեն, բայց Հուդայի ոտքերն էլ լվաց: Մենք  էլ մեկս մյուսիս նկատմամբ այդ խոնարհությունը,  ներողամտությունն ու սերը պետք է ունենանք,  ինչպես Տերը սիրեց մեզ:

Ավագ հինգշաբթի երեկոյան  Տիրոջ չարչարանքների հիշատակությունն է, թե ինչպես Տերը Գեթսեմանիում աղոթք էր անում,  երբ քահանայապետները Հուդայի հետ միասին եկան, և Հուդան իր համբույրը տվեց Տիրոջը: Հենց համբույրից հետո էր, որ Տիրոջը բազում չարչարանքների ենթարկեցին` փշե պսակ գլխին դնելով, ծաղրելով, անարգելով, ապա խաչելով: Այս արարողությունը կատարում ենք  խավարման հիշատակությամբ:

Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի խաչելության և թաղման հիշատակություններն են կատարվում: Ինչպես Քրիստոս խաչը բարձրացավ և իր արյունը հեղեց, որպեսզի մենք ունենանք փրկություն: Մենք իր տված արյան գնով փրկվեցինք: Եվ  ամեն անգամ, մեղք գործելով, քրիստոսաավանդ գործերից շեղվելով նորից խաչն ենք հանում Տիրոջը` մոռանալով, որ մենք բոլորս իր արյան գնով փրկված ենք:

Երբ Քրիստոս դրվեց վիմափոր գերեզմանի մեջ: Այդ օրը, ի հիշատակ թաղման, ծաղկեհյուս գերեզմանն է, որ դարձնում ենք: Դարձնում ենք, որպեսզի բոլորս տեսնենք, որ իրապես Տերը մահացել է: Ինչպես Պետրոս առաքյալի առաջին թղթում է ասվում. «Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար,
 մի արդար` անարդարների համար, որպեսզի մեր Աստծուն մոտեցնի. Թեև նա մարնով մեռավ, հոգին, սակայն նրան կենդանի պահեց, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին»:

Ավագ շաբաթ օրը  Դժոխքի ավերման խորհուրդն ունի, քանի որ Տերն իրապես մահացավ, բայց հոգով իջավ և ավերեց դժոխքը, և ով որ հավատաց` Քրիստոսի հետ դժոխքից փրկվեց: Այս օրը երեկոյան կատարվում է ճրագալույցի պատարագը և տրվում  Տիրոջ հարության ավետիսը:

Հարության կիրակի օրը պատարագով մենք ավետում ենք Քրիստոսի հարությունը: Հարություն, որով մահն այլևս մեր վրա իշխանություն չունի:  Դժոխքն իր խայթոցը չունի, որովհետև ավերվեց, մահը կորցրեց իր իշխանությունը, որովհետև Քրիստոսով մենք  հարություն առանք, մեր մեղքից փրկվեցինք, որովհետև մեր մեղքի արդյուքն էր մահը և դրա համար մահն այլևս մեր վրա իշխանություն չունի: Մենք Քրիստոսով նոր արարած ենք դառնում, նորովի մեր կյանքը շարունակելու, սեր, ներողամտություն, պտղաբերություն տալու, բարիք գործելու, որովհետև ուր կա սեր, այնտեղ կան բարի գործեր, իսկ մենք` քրիստոնյաներս, այդ սիրով, ներողամտությամբ պետք է կարողանանք  բարի պտուղները քաղենք, որովհետև ինչ որ սերմանենք մեր կյանքի ընթացքում, այն էլ կհնձենք: Եթե Տիրոջով բարի պտուղներ սերմանենք, բարին էլ կհնձենք, եթե որոմ սերմանենք, որոմ էլ կհնձենք և կրակի բաժին կլինենք:


                                                                                             

Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Դիտվել է 657
2016.03.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.