Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Ալմաստ որոնողը

Ալմաստ որոնողը

Ալմաստ որոնողը

Գյուղացին իր հողակտորը վարելիս մի փայլուն քար գտավ։ Քարը գրավիչ տեսք ուներ. նա մտածեց, որ դա հետաքրքիր խաղալիք կլինի երեխաների համար, և քարն առավ բերեց տուն:

 Երեխաները որոշ ժամանակ խաղացին, հետո ձանձրացան, ինչպես հատուկ է նրանց, ու քարը գցեցին լուսամուտի գոգին, որտեղ այն մոռացության մատնվեց։

 Մի թափառական այդ կողմերով անցնելիս հյուրընկալվեց գյուղացու տանը։ Ընթրիքից հետո սկսեցին զրուցել դեսից-դենից. թափառականը շատ նորություններ գիտեր աշխարհի տարբեր կողմերից։ Զրույցի վերջում խոսքը դարձավ գյուղացու ապրուստին, եւ թափառականը, կարծես իմիջիայլոց, ասաց.

 – Ես մի տեղ գիտեմ, որտեղ հենց ուղղակի գետի ափին ալմաստ է թափված։ Առանց մեծ ջանք գործադրելու՝ դու կարող ես հեքիաթային հարստության տիրանալ։ Իսկ քո հողակտորի վրա աշխատելով՝ ամբողջ կյանքում այսպես աղքատ էլ կմնաս:

 Առավոտյան թափառականը գնաց, իսկ ալմաստը գտնելու եւ հարստանալու տենչը համակեց գյուղացուն։ Ի վերջո, նա վաճառեց իր փոքրիկ վարելահողը ու ճամփա ընկավ` ալմաստ որոնելու` կնոջն ու երեխաներին խոստանալով հինգ տարի անց վերադառնալ հարստացած։ Շատ թափառեց, շատ որոնեց ու չարչարվեց, բայց այդպես էլ չգտավ այն գետը, որի ափերն ալմաստով էին ծածկված։ Սակայն այդ հինգ տարիների ընթացքում նա լավ ճանաչեց ու իմացավ, թե ինչ է ալմաստը։ Եվ երբ տուն վերադարձավ, աչքերին չհավատաց. աներեւակայելի մեծության մի հազվագյուտ ալմաստ ընկած էր իր տան լուսամուտի գոգին։ Եվ գյուղացին մտաբերեց, թե ինչպես էր գտել այն։

                                                                        Հատված «Գեղեցիկ ապրելու գաղտնիքները (խորիմաստ պատումներ)» գքից:

Դիտվել է 144
2017.07.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.