Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Ո՞ւր կարող է հասցնել սնահավատությունը

Ո՞ւր կարող է հասցնել սնահավատությունը

Ո՞ւր կարող է հասցնել սնահավատությունը

Այս պատմությունը պատմեց մի կին: «20 տարեկան էի: Ուսանող էի: Առավոտյան պետք է գնայի քննության, սակայն շատ էի վախենում: Հայրս կանչեց իր մոտ և ասաց, որ հիմա այնպես կանի, որ հաջողությունն ինձ հետ լինի և ոչ մի չար աչք չի դիպչի ինձ: Նա ինձ խնդրեց, որ նստեմ, իսկ ինքը դուրս եկավ սենյակից: Երբ ետ եկավ, ձեռքին բռնած ուներ կացին և ասեղ: Հայրս ասեղը պտտեց գլխիս շուրջ, հետո այն դրեց կացնի վրա և ասեղն ու կացինը միասին դրեց աթոռի տակ: Ասաց, որ ազատում է չար աչքից և հաջողություն է բերում: Բայց ի՞նչ հաջողություն: Դնելուն պես, սկսեցի հազալ ու խեղդվել, մինչև ասեղը չհանեց կացնի վրայից»:

Հետաքրքրական ու միևնույն ժամանակ ցավալի է, որ հին սովորույթները, որոնք այսօր կարելի է արդեն անտրամաբանական անվանել, հաղթահարել են դարերի սահմանը, քրիստոնեական հարության ու հաղթանակի ավետիսը և այսօր այդքան գործուն են մեր` քրիստոնյաներիս կյանքում: Գործուն՝ այն աստիճան, որ կարող ենք հավատալ, թե ասեղն ու կացինը կարող են պաշտպանել «չար աչքից» կամ հակառակը, ինչ-որ թափված աղի պատճառով տանը կարող է կռիվ ընկնել:
Սնահավատությունը հակադրվում է ճշմարիտ հավատքին և, ըստ էության, հեթանոսական անցյալի վերապրուկն է, որ վախից և անգիտությունից է առաջանում:
Բոլորովին պատահական չէ, որ Ընդհանրական Եկեղեցու կարկառուն ներկայացուցիչներ Սուրբ Հովհան Ոսկեբերանը (4-րդ դար) և Սուրբ Բարսեղ Մեծը (4-5-րդ դարեր), խոսելով սնահավատությունների մասին, գրեթե միաբերան հաստատում են, որ սնահավատությունը մեղքի այն տեսակն է, որով սատանան ծաղրի է ենթարկում քրիստոնյային և ծիծաղում է նրա վրա:
Սնահավատությունը` սին, անիմաստ, զուր հավատք է: Այն է` հավատալ տարբեր երեւույթների ու «նշանների», որոնց պատճառներն ու հետեւանքները իրար հետ ոչ մի կապ չունեն:
«Աչքի ուլունքի, փշի և նման այլ սնոտիապաշտական իրերի փոխարեն քրիստոնյան պետք է ապավինի խաչին և սրբապատկերին: Շատ հաճախ նաև կարող ենք ականատես լինել նաև այն երեևույթին, որ խաչը աչքի ուլունքի հետ են կախում: Սա նույնպես սխալ է, քանի որ այս երկու իրերը բլորովին տարբեր բաներ են և նրանց խորհուրդը չի կարելի համատեղել»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Եսայի քահանա Արթենյանը:
Եթե մարդն իրեն համարում է քրիստոնյա, սակայն չի իմանում, թե ինչ է քրիստոնեությունը, չի ապրում քրիստոնյայի կյանքով, նրա միտքը զբաղվում է հավատքի մտացածին, հորինված, փուչ ու դատարկ երևույթներով:

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 168
2017.07.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.