Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Աստվածածնի Վերափոխման տոնը և Խաղողօրհնեքը Ս․ Երրորդություն եկեղեցում

Աստվածածնի Վերափոխման տոնը և Խաղողօրհնեքը Ս․ Երրորդություն եկեղեցում

Աստվածածնի Վերափոխման տոնը և Խաղողօրհնեքը Ս․ Երրորդություն եկեղեցում

Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը։ Այն Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Տոնի առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս․ Պատարագ, որից հետո կատարվում է խաղողի օրհնության կարգ։ Ս․ Երրորդություն եկեղեցում  այսօր Ս․ Պատարագը մատուցեց  հոգևոր հովիվ Տեր Ասպետ վարդապետ Բալյանը, ով շնորհավորեց բոլոր կանանց՝ մաղթելով, որ Տիրամոր ու Աստծո շնորհներն անպակաս լինեն նրանցից։ Պատարագի ավարտին Հայր Ասպետի և հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հանդիսապետությամբ կատարվեց խաղողի օրհնության կարգ, որից հետո  օրհնված պտուղները բաժանվեցին ժողովրդին։

Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:


 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 145
2017.08.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.