Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Խրիմյան Հայրիկ «Հարսի ու փեսայի կոչումը

Խրիմյան Հայրիկ «Հարսի ու փեսայի կոչումը

Խրիմյան Հայրիկ «Հարսի ու փեսայի կոչումը

Այս կոչումը սուրբ է ու նվիրական. Արարչի տիրական օրենքն է, դրախտի օրհնության ձայնն է, երկու զուգակիցների միության հրամանն ու հրավերն է, որով հարսին մայրության է կոչում, փեսային՝ հայրության: Երկու պսակվածներն այս գորովալի ու խորհրդավոր բարձր անունները նոր են ստանում և հատկապես այն օրից, երբ աշխարհին են ընծայում իրենց անդրանիկ զավակին: Չկան աշխարհում այլ անուններ կամ զանազան վայելուչ և փառավոր տիտղոսներ, որ հավասարվեն ու համեմատվեն այս սքանչելի անունների հետ: Թագավոր, կայսր, իշխան, ժողովուրդ, ազգ և այլ մեծափառ անուններն իրենց բարձրանշան տիտղոսներով հանդերձ ցած ու նվաստ են սիրելի ու պատկառելի հայր ու մայր կոչումներից, որովհետև հայր ու մայր անունները բոլոր այլ անունների նախասկիզբ արմատն են: Դու տես, թե քանի՞ հատկանիշ ու խորհրդավոր նշանակություն ունեն այդ աշխարհանազ անունները. սեր, ծնունդ, կյանք, գորով, գգվանք, գութ, որդեսիրություն, խնամք և այլն: Երկու նորապսակ ամուսինները մինչ այդ սոսկ իրենց մկրտության անունով իբրև զավակ էին կոչվում, իսկ այժմ այդ անուններին ավելանում են նաև հայր ու մայր կոչումները, զավակ ծնելով՝ հասարակության կյանքում բարձրանում է իրենց կոչումն ու միանում երկնային Հոր հետ, որ տիեզերքի հայրն ու հեղինակն է և Իր նորաստեղծ արարչությամբ, իբրև մարդկության նախածնողներ, նախապես դրախտում ծնեց հայր Ադամին ու մայր Եվային: Ի՜նչ զարմանալի է. երկինքն ու երկիրը միասին են մշակում ամուսնական ու խորհրդավոր դրախտը: Երկնքի Հայրը երկնքից է օրհնում, սրանք երկրի վրա զավակ են ծնում ու մեծացնում, բայց չգիտեն, թե ինչպես: Լո՛ւռ մնա, բնագե՛տ, դու ևս չգիտես այն խոր ու անհայտ օրենքները, թե ինչպես է մանուկն իր մոր արգանդում ձևավորվում իբրև մարդ, և ո՞ր ձեռքն է, որ այդ չքնաղ պատկերն անհուն ձևերով է նկարում: Ամեն ինչ բնական է, ասում ես՝ բնական օրենքով է, ու վճռում ես, թե այդ օրենքները հրաշք չեն մեր տգիտության դիմաց. կամ թե այդ հավիտենական օրենքները ուղղորդող չկա, օրենքն է ինքնին հրաշագործում: Ո՛չ, այդպես չէ, դու ևս խոնարհվի՛ր քո հպարտացող գիտությունից, և մեզ հետ խոստովանի՛ր ու հավատա՛, որ միայն Երկնքի Հոր ձեռքն է մանուկների փոքրիկ հասակները վեր քաշում: Երկրի ծնողները կաթն ու հացն են տալիս, Երկնքի Հայրը՝ լույսն ու հանճարը, սրանք ձեռագործ ու շինովի հանդերձ են պատրաստում, նա՝ բնական գեղեցկությունով զարմանազան զարդարում, սրանք մեծ աշխատասիրությամբ ուսում ու գիտություն են դասավանդում, նա՝ մանկան փափուկ ուղեղի մեջ խելքն ու հանճարը զետեղում: Ահա այսպես երկինքն ու երկիրը, միանալով մշտապես, արարչագործում են մարդկության հարատևող կյանքը: Եթե դրախտի ընտանիքում մի պահ դադարեն այս արարչագործ ու մշակող ձեռքերը, կյանքը կմեռնի, ու մարդը կվերանա աշխարհից: Շատ կարճամիտ են նրանք, որ կարծում են, թե ամուսնությունը սոսկ մարմնի հաճույք է կամ խաղ ու զվարճանք, և կամ թե բնավ կարիք չկա հայր ու մայր անվանումների, աշխարհում սեփական տուն ու ընտանիք կազմելու, ամեն բան անխտիր անորոշ թող լինի, զավակները ժողովրդինը համարվեն, ժողովուրդը՝ մարդկությանը, և մարդկությունն առհասարակ աշխարհում այնպես ապրի, ինչպես անտառում՝ անասուններն, ու երկնքում՝ թռչունները, որոնց համար չկա ո՛չ տուն, ո՛չ ընտանիք, ո՛չ տոհմական սերունդ, ո՛չ սեփականություն և այլն: Նվաստ, ամբարիշտ են այդ մոլորամիտ մարդիկ, որ այդպես են կարծում, դատում: Ամուսնության, հայրության, մայրության ու ընտանեկան իրավունքները ջնջել, վերացնել են ուզում մարդկային հասարակությունից: Այնուհետև այլևս զանազանություն չէր մնա խոսուն մարդկանց ու անխոսուն անասունների միջև: Այդ թյուր կարծիքը մարդկանց կյանքը հանում է բանականությունից, արատավորում է հասարակությունը, քանդում է քաղաքակրթությունն ու թողնում, որ մարդը լոկ իր զգայական հաճույքով շարժվի ու ապրի: Եթե մարդկանց կյանքը այդքան նվաստանար, չիմանային հայրության ու մայրության պատիվը, չգիտենային, թե ո՞րն է մարդկանց կոչումը, հոգու անմահությունն ու բանականության շնորհը, ուրեմն վաղ էր պետք, որ գնային առյուծի անտառն ու աղվեսի որջը: Այլևս հարկ չէր լինի տուն շինել, ընտանիք կազմել, քաղաք հիմնել, ընկերական կյանք վարել և այլն: Երկու նորապատվաստ արմավենիները պետք է ամենայն խնամքով ու անբիծ սիրով ծրարեն միմյանց, հարսն՝ իր համեստ քողով, փեսան՝ իր բաց ճակատով: Եթե մեկն արև է, իսկ մյուսը՝ լուսին, երկուսն էլ առանց ստվերող բծի պետք է փայլեն անարատ սիրո պարզ ճառագայթներով: Հարսի հավատարիմ նշանաբանը և բուն բարոյական ու արժանավոր օժիտը սերն է միայն: Եթե աշխարհի բոլոր ադամանդները, բոլոր զարդերի պերճանքները, հարստության բոլոր գանձերը նժարին դնես, ամուսնական սիրո հետ չեն հավասարվի: Այդ նյութական օժիտը երբեք այն արժեքը չունի, որ գրավի բնական ու բարոյական սիրո օժիտի տեղը: Հարսի նվիրական պարտքն է, որ նյութական օժիտից ավելի հսկի իր բարոյական սիրո օժիտը, երբեք այն չկորցնի, եթե այն մի անգամ կողոպտվեց, այնուհետև, շատ դժվար կլինի վերստին վերադարձնել: Նոր ամուսիններն՝ իբրև բարոյական ճարտարապետ, պետք է սիրո հիմքն ամուր գցեն, եթե սկզբից ևեթ այն քանդվի, այլևս հազար օժիտ չեն կարող հիմնել ու հաստատել: Ամուսնական սերն անգին է, աննման ու մահից զորավոր, իր կոչումը՝ սուրբ ու խորհրդավոր, պատկերը՝ պարզ ու մաքուր: Հզորագույն է սերը երկու ամուսնացած սիրելիների միջև. երկու շնչով են շնչում, երկու ոգով են ապրում, երկու կյանքով են զորանում, եթե մեկնումեկը չլինի, սերը կմեռնի, որովհետև սիրո կյանքը երկու սրտերի միությունն է: Ուրեմն ամուսնացածների մեծ կոչումն ու պարտավորություններն այն են, որ սիրո միացնող վեմը երկուսն էլ անշարժ ու անբաժանելի պահեն: Ամուսնասեր փեսան, որ ընտանեկան համեստության ու հավատարմության առաջին հսկող պահապանն է, եթե կցանկանա ազատ մնալ օձերի խորամանկությունից, թող նախազգուշանա՝ հիշելով դրախտի պատմությունը, որ դրդիչ օձն այն պահին էր մոտեցել Եվային, երբ նա միայնակ էր շրջում ու զբոսնում դրախտի ծառաստանում ու մեկ առ մեկ դիտում էր գեղեցիկ ծառերի պտուղները: Նա այն ժամանակ հրապուրվեց, երբ մի նոր ծառի պտուղ տեսավ, որը գեղեցիկ էր ու հաճելի նայող աչքերին: Աշխարհն իրավունք է տալիս փեսային, որ հսկելով շրջափակի իր հարսի ճանապարհը, բայց և փեսայի ճանապարհն ու ոտքը պիտի փակվի ու կապվի, երբ նա արձակ ու ազատ շրջում է ամենուրեք: Հավատարմությունը հավասար է ամուսնական պարտավորություններում ու իրավունքներում, և արդարությունը կբողոքի, եթե փեսան ինքը ևս պահապան չլինի իր անձին, չփակի իր աչքն օտար հրապուրանքից ու կրքի ծարավով խմի օտար աղբյուրի ջուրը՝ բավական չհամարելով իր սեփական աղբյուրը, ինչպես խրատում է Սողոմոնի առակը: Ամուսնական հավատարմության սուրբ պարտականություններն ամենայն հավատարմությամբ պահելու համար բավական չեն միայն աչքն ու հսկողությունը, առավել ևս անհրաժեշտ են մաքուր խիղճ, պատվի զգացում, ապագայի ամոթ ու չարաղետ հետևանքներից խուսափում և այլն: Եվ որո՞նք են այդ ընտանեկան աղետաբեր հետևանքները. գնա դատարան ու կտեսնես, որ մինչև այնտեղ է հասնում այդ ամոթալի գործերի վախճանը, որ պատահելիս երկու ամուսինների միջև սերը մեռնում է, միությունը՝ քանդվում, նախանձի կրակը՝ խանձում սրտերն, ու նրանք միմյանց հետ վարվում են անհաշտ ատելությամբ: Այնուհետև ընտանեկան վեճ ու կռիվ է սկսվում. բողոք, դատաստան, մեկը մեկից անպատկառ չարախոսություն ու երբեմն էլ չար զրպարտություն, այն է՝ բնավ չեն խնայում ամուսնական պատիվն ու ակներև են հանում ամեն ինչ՝ ընտանեկան քողի տակ թաքնված ամոթը և այլն: Հետո այս հանգամանքների վախճանն է գալիս. պատիժ, տույժ ու տան բաժանում, որով ընտանեկան քաղցր ու խաղաղ կյանքը թե՛ նյութապես, թե՛ բարոյապես ապերջանիկ է դառնում, բաժանված ամուսինների պատիվն ու վարկն աղարտվում հասարակության մեջ ու եկեղեցու առաջ: Թեև ամուսնական կյանքում կան ուրիշ դառնահամ հանգամանքներ, ինչպես օրինակ՝ աղքատություն, թշվառություն, զրկանք, զավակների, երբեմն էլ իրենց կորուստ և այլևայլ փորձանքներ, որոնք շատ անգամ ընտանիքները կործանում են, բայց երբ ամուսինների սերը կենդանի է, քաղցր է, այդ ամեն դառնություններն անուշացնում է, թշվառ կյանքը դրախտ է դառնում, ապերջանկությունը՝ երջանկություն: Իսկ երբ մեռնի ու դառնանա մտերիմ լծակիցների սերը, այնուհետև աշխարհի քաղցրությունն ու երջանկությունն իրենց ամեն հանգամանքներով թե միասին էլ գան, չեն կարող դառնացած սերն անուշության փոխել:                                                                            

                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Holytrinity.am                                                                                      

Դիտվել է 153
2017.08.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.