Ընթերցանություն

Դավաճանության մասին

Դավաճանության մասին

Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով և առանց շապկի Հայր Իսահակի մոտ գալով, մերկ էին երևում և նրանից ողորմություն էին խնդրում: Եվ մինչ նրանից հանդերձանք էին խնդրում, Աստծո մարդը նրանց ասածները լռությամբ ունկնդրեց և, կանչելով իր մոտ աշակերտներից մեկին, նրան ասաց.

 – Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես և առնելով հագուստները, որ այնտեղ են գտնվում, կբերես այստեղ: Եվ երբ աշակերտը գնաց գտավ ամեն բան, ծածուկ բերեց հոր մոտ: Նա էլ, առնելով դրանք, մերկ ու մուրացիկ աղքատներին ասաց.

 – Առե՛ք, քանի որ մերկ եք, առե՛ք և հագե՛ք:

 Իսկ նրանք, այս տեսնելով, ճանաչեցին այն, ինչը որ իրենք էին դրել, և սաստիկ վախեցան: Եվ այսպես, նրանք, որ դավաճանությամբ ուրիշների հանդերձանքն էին խնդրում, ամոթով իրենցը վերցրին:
***
Երկու մեծահարուստ, միմյանց նկատմամբ մեծ թշնամությամբ էին լցված, ովքեր շարունակ [հարմար] պահի էին սպասում, թե ինչպես մեկը մյուսին բռնի կամ սպանի: Եվ նրանցից մեկը մի չարագործ ծառա ուներ, որ այդ ժամանակ մեկ ուրիշին էր ծառայում: Սա, գալով նրա մոտ, ում որ սկզբից ծառայում էր, ամբաստանեց իր տիրոջը, ում որ այդ ժամանակ ծառայում էր, և խոստացավ դյուրին կերպով նրան մատնել իր ձեռքը: Եվ նա, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ: Ապա այդ չարագործը, հարմար ժամանակ գտնելով, իր տիրոջը մատնեց նրա թշնամու ձեռքը: Երբ վերջինս սպանեց, դավաճանն անմիջապես գնաց սպանվածի բարեկամների մոտ և նույն դավաճանությամբ սպանողին մատնեց նրանց ձեռքը: Այս բանը շուտով ի հայտ եկավ, և նրանցից մեկի կողմից, որոնց կամենում էր սպանողին մատնել, բռնվելով, դատավորի հրամանով կախվեց ծառից: Եվ ազգականների խնդրանքով նրա մարմինը թաղվեց, բայց մեծ զարմանք եղավ. քանի որ գիշերը թաղվեց, ահա առավոտյան անծանոթ շներ, որոնց բազմաթիվ մարդիկ ականատես եղան, նրա մարմինը գերեզմանից հանելով` մասերի պատառոտեցին:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ

Աղբյուրը՝http://ter-hambardzum.net

Դիտվել է 110
2017.08.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.