Ընթերցանություն
Գլխավոր> Օրհնված խաչ և խաչի աղոթաթերթիկներ վարորդներին

Օրհնված խաչ և խաչի աղոթաթերթիկներ վարորդներին

Օրհնված խաչ և խաչի աղոթաթերթիկներ վարորդներին

Ս. Խաչի Գյուտի տոնը Հայ Առաքելական եկեղեցին այս տարի նշում է հոկտեմբերի 29-ին, որի առիթով, ինչպես Ս. Խաչին նվիրված բոլոր տոներին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամներն իրականացրեցին «Խաչի քարոզ» ծրագիրը:


Ծրագիրն ունի շատ հստակ նպատակ՝ վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը: Այդ նպատակին հասնելու եղանակը նույնպես շատ հստակ է․ վարորդներին և անցորդներին ներկայացնել խաչի խորհուրդը, պատմել տվյալ օրվա խաչի տոնի մասին, նրան օրհնված խաչ նվիրել ու վերցնել երթուղայինում առկա աչքի ուլունքներն ու սնոտիապաշտական իրերը, եթե դրանք առկա են։


Այս անգամ խաչի քարոզն իրականացվեց Սուրբ խաչի Գյուտի տոնի առիթով՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասում։ Մինչ խաչի քարոզին անցնելը երիտասարդները երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Ս․ Երրորդություն եկեղեցում մասնակցեցին ընդհանրական աղոթքի, ապա Րաֆֆու փողոցում և մոտակա կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր բաժանեցին երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները: Մոտ 200 օրհնված խաչ և խաչի աղոթաթերթիկ բաժանվեց օրվա ընթացքում։


Արդեն երկար տարիներ է, ինչ Արարատյան Հայրապետական թեմն իրականացնում է այս ծրագիրը և հատկանշականն այն է, որ քարոզն իրականացվում է երիտասարդների կողմից։ Նոր սերունդը չի կորցնում կապն ավագ սերնդի հետ։ Այս ծրագիրը վկայությունն է այն բանի, որ այսօր երիտասարդը ևս ասելիք ունի, երիտասարդից ևս սովորելու շատ բան ունենք։


«Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է տարվա մեջ չորս անգամ՝ Սուրբ Խաչին նվիրված տոներին, և չի դադարի մինչև իր առաջ դրված նպատակին հասնելը։

 

Հասմիկ Թամամյան 
Աղբյուրը՝ qahana.am 

Դիտվել է 138
2017.10.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.