Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Դեպի Հաղարծին ճանապարհ կա, բայց տրանսպորտ` ոչ

Դեպի Հաղարծին ճանապարհ կա, բայց տրանսպորտ` ոչ

Դեպի Հաղարծին ճանապարհ կա, բայց տրանսպորտ` ոչ

Հաղարծնի վանային համալիրը հիմնադրվել է դեռևս 12-րդ դարում: Բաղկացած է 4 եկեղեցիներից: Բազմաթիվ վերանորոգումների է ենթարկվել: Հայաստանի երբեմնի ամենանշանավոր մշակութային կենտրոններից մեկը մինչև վերջին վերանորոգումը արդեն սկսել էր խոտածածկվել: Այս հանգամանքը ոչ միայն չխանգարեց համալիրի այցելուներին հիանալ վանքի շքեղությամբ, այլև այցելուներից մեկը` Արաբական Էմիրություններից ժամանած Շարժայի շէյխը, անհանգստացած լինելով վանքի ճակատագրով, որոշեց գումար տրամադրել եկեղեցիներն ու սեղանատունը վերանորոգելու համար: Այսպիսով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի և արաբ շեյխի աջակցությամբ 5 տարի առաջ սկսեցին վերանորոգման աշխատանքները: Այսօր արդեն վերանորոգված է ողջ համալիրը, որի սեղանատունն իր պարզ, անպաճույճ ձևավորմամբ եզակի է հայոց եկեղեցիների մեջ: Ուշագրավ է վանական համալիրին կից վեր է խոյացող ճարտարապետական ոճով վանքին խիստ համահունչ վանատունը` նախատեսված 25-ից ավելի վանականների համար: Նրանք այստեղ կուսումնասիրեն աստվածաբանական թեմաներ, կգրեն գիտական աշխատանքներ:
Ամեն բան այնքան ներդաշնակ ու գեղեցիկ է ձորաբերանին թիկնած հինավուրց վանքում, որ խնդիրներին անդրադառնում ենք առավել ուշ` երբ դրանք պարզապես սկսում են զգացնել տալ: Ճիշտ է, դրանք «սոցիալ-կենցաղային» կարելի է որակել, բայց վանքի կյանքն ու առօրյան դրանցից մեծապես տուժում են: Մասնավորապես, պատարագների մասնակիցներին նկատելի է երգչախմբի ու դպիրների բացակայությունը: Պարզվում է, որ համալիրի երգչախումբը տրանսպորտային խնդիրների պատճառով ոչ միշտ է կարողանում մոտ 14 կմ հեռավորության վրա գտնվող Դիլիջան քաղաքից գալ և մասնակցել Հաղարծնի վանական համալիրում մատուցվող պատարագին: Մեզ տեղեկացրին, որ քաղաքապետարանն արդեն նախագիծ է մշակում խնդիրը լուծելու համար: Դրանցից մեկն էլ Դիլիջան քաղաքի բնակչության համար եկեղեցական տոներին անվճար երթուղայինների տրամադրումն է:
Այսքանով խնդիրները չեն սահմանափակվում. օրական 2000-4000 զբոսաշրջիկ ու ուխտավոր հյուրընկալող վանական համալիրն առայժմ պետքարան չունի: Այն կառուցման փուլում է: Մինչ այդ մարդիկ անտառում պետք է հոգան իրենց կարիքները:
Ընդամենը 2 տարի է, ինչ Հաղարծնի վանահայր է նշանակվել Գերմանիայից վերադարձած Հայր Արիստակես աբեղա Այվազյանը: Վանահայրը անդրադարձավ հարակից գյուղերի բնակչությանը, որոնց մոտ 70 տոկոսը մկրտված չեն: Այս խնդրի վերաբերյալ աբեղան մարդկանց չի մեղադրում, քանի որ, ըստ նրա, երկար ժամանակ է, ինչ հոգևորական չեն տեսել, և կոմունիզմի տարիներին առաջինը հենց այս տարածաշրջանից է սկսվել հակակրոնական գաղափարախոսությունը: Հայր սուրբը նկատում է նաև, որ գյուղերում գնալով քչանում են աղանդավորական շարժումները, որոնցից մնացել են միայն Եհովայի վկաներն ու հոգեգալստականները, իսկ նրանցից ոմանք արդեն դարձի են գալիս ու մկրտվում:
Թե ինչ զարգացումներ ու լուծումներ կստանան Հաղարծնի խնդիրները, կդիտարկենք հաջորդ ուխտագնացությունից հետո:

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 3254
2012.05.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.