Ընթերցանություն
Գլխավոր> Այս ամենն Ինձանից է

Այս ամենն Ինձանից է

Այս ամենն Ինձանից է

Մտածե՞լ ես դու երբևէ, որ քեզ վերաբերող ամեն ինչ վերաբերում է և Ինձ, որովհետև քեզ վերաբերողն աչքի լույսի պես թանկ է Ինձ համար:  Դու Իմ աչքին թանկ ես, անգին, և Ես քեզ սիրեցի, ու դրա համար էլ քեզ դաստիարակելն Ինձ համար առանձնակի ուրախություն է:  Երբ փորձություններն ու թշնամին վրա կհասնեն, Ես ուզում եմ իմանաս, որ դա Ինձանից է: Քո տկարությունն Իմ զորության կարիքն ունի, և քո անվտանգությունն այն կլինի, որ քեզ պաշտպանելու հնարավորությունն Ինձ ընձեռես: Թե գտնվում ես դժվար կացության մեջ, այնպիսի մարդկանցով շրջապատված, որոնք քեզ չեն հասկանում, արհամարհում են քեզ և հաշվի չեն նստում քեզ հետ` դա Ինձանից է:
Ես քո Աստվածն եմ, իրավիճակը տնօրինող, և դու պատահաբար չես հայտնվել քո տեղում, դա հենց այն տեղն է, որում Ես քեզ նշանակել եմ: Չէ՞որ դու ինքդ ես խնդրել, որ հնազանդվել սովորեցնեմ քեզ: Եվ ահա. Ես քեզ դրել եմ հենց այն միջավայրում և հենց այն դպրոցում, որտեղ այդ դասն է սերտվում: Քո շրջապատն ու քեզ հետ ապրողները միայն Իմ կամքն են կատարում: Թե դրամական դժվարության մեջ ես, դժվար է քեզ համար ծայրը ծայրին հասցնել, իմացի’ր, որ դա Ինձանից է:
Ես եմ տնօրինում քո միջոցները և կամենում եմ, որ Ինձ ապավինես, իմանաս, որ Ինձանից ես կախված: Իմ միջոցներն անսպառ են: Ես ուզում եմ, որ դու վստահես Իմ հավատարմությանն ու Իմ խոստումներին: Եվ չլինի այնպես, որ կարիքիդ մեջ կարողանան քեզ ասել. <<Դու մի' հավատա քո Տեր Աստծուն>> (Օր. 8:11): Ապրե՞լ ես դու գիշերը հեծության մեջ: Դու հեռացվա՞ծ ես մտերիմ և քո սրտին հարազատ մարդկանցից` դա Ինձանից է քեզ ուղարկված:
Ես վշտերի Տերն եմ, հիվանդություններ տեսած: Ես թույլ տվեցի այդ, որ դու դիմես Ինձ և Ինձանում գտնես հավիտենական մխիթարանք: Թե խաբվել ես քո ընկերոջից, կամ որևէ մեկից, որի առջև բացել ես քո սիրտը` դա Ինձանից է:
Ես թույլ տվեցի, որ հիասթափությունը դիպչի քեզ, որպեսզի գիտենաս` քո ամենալավ ընկերն Աստվածն է: Ես ուզում եմ, որ ամեն ինչ Ինձ բերես և Ինձ ասես: Եթե մեկը քեզ զրպարտել է, դա Ինձ թող և ավելի հպվիր Ինձ, քո ապաստարանին, որպեսզի թաքնվես լեզուների տարափից: <<Ես քո արդարությունը դուրս կբերեմ, ինչպես լույսը և քո իրավունքը կեսօրվա պես>> (Սղմ. 36:6): Քո ծրագրերը քանդվեցին, դու վհատվել ես ու հոգնել` դա Ինձանից է:
Դու քեզ համար ծրագրեր էիր կազմում, քո մտադրություններն ունեիր և բերեցիր Ինձ մոտ, որ օրհնեմ դրանք: Բայց Ես կամենում եմ, որ Ինձ հանձնես քո կյանքի իրավիճակների տնօրինությունն ու ղեկավարությունը, որովհետև դու միայն գործիք ես, և ոչ գործող անձ: Թե անսպասելի հանդիպել ես կենցաղային անհաջողությունների, և տխրությունը համակել է քո սիրտը, իմացի'ր, դա Ինձանից է:
Ես կամենում եմ, որ քո սիրտն ու հոգին միշտ բոցավառվեն Իմ աչքերի առջև և Իմ անվամբ հաղթահարեն ամեն մի փոքրոգություն: Թե երկար ժամանակ լուր չես ստացել մտերիմ և քեզ հարազատ մարդկանցից, քո փոքրոգությամբ ու թերհավատությամբ ընկել ես դժգոհության ու հուսահատության մեջ, իմացի'ր, դա Ինձանից է:
Որովհետև քո հոգու այս անձկությամբ Ես փորձում եմ հավատքիդ ամրությունը խոստումների անխախտության հանդեպ և համառ աղոթքիդ ուժը այդ մտերիմների համար: Չէ որ ինքդ էիր վստահել նրանց հոգատարությունը Իմ նախախնամ սիրուն: Չէ որ հիմա էլ ես հանձնում նրանց Ամենասրբուհի Իմ Մոր խնամքին: Թե ընկել ես ծանր հիվանդության մեջ, ժամանակավոր կամ անբուժելի, կամ էլ գամվել ես անկողնուն` դա Ինձանից է:
Ես ուզում եմ, որ դու Ինձ ավելի խորը ճանաչես քո մարմնավոր անզորության մեջ և չտրտնջաս ուղարկված այդ փորձության համար, չջանաս թափանցել զանազան ճանապարհներով հոգիների փրկության Իմ ծրագրերի մեջ և անտրտունջ ու հեզաբար խոնարհվես Իմ բարեգթության առջև: Երազե՞լ ես դու երբևէ ինչ-որ առանձնահատուկ գործ կատարել Ինձ համար և դրա փոխարեն ընկել ես հիվանդության ու անզորության մեջ` դա Ինձանից է:
Որովհետև այդ դեպքում դու մխրճված կլինեիր քո գործերի մեջ և Ես չէի կարողանա քո ուշադրությունը ուղղել դեպի Ինձ, իսկ Ես ուզում եմ սովորեցնել այն ամենախորը մտքերին ու դասերին, որ դու Իմ ծառայության մեջ լինես: Ես ուզում եմ, որ գիտակցես. առանց Ինձ դու ոչինչ ես: Իմ լավագույն զավակներից ոմանք կտրված են աշխույժ գործունեությունից, որպեսզի սովորեն տիրապետել անդադար աղոթքի զենքին: Թե անսպասելի կանչվել ես ծանր ու պատասխանատու ծառայության, հուսալով Ինձ` գնա': Քեզ եմ հանձնում այդ դժվարությունները, որովհետև դրա համար քո Տեր Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր գործերում, քո բոլոր ճանապարհներում, և ամեն ինչում քո ղեկավարն ու խնամակալը կլինի քո Տերը:
Այսօր քո ձեռքն եմ հանձնում օրհնված յուղով այս անոթը, ազատորեն օգտագործի'ր այն, զավակս: Միշտ հիշի'ր, որ առաջացած ամեն մի դժվարություն, ամեն մի վիրավորանք, ամեն մի զրպարտանք ու մեղադրանք, ամեն մի խոչընդոտ քո գործում, որը կարող է բերել սրտնեղություն ու հիասթափություն, և քո անզորության ու տկարության ամեն մի բացահայտում այդ յուղով կլինի օծված. դա Ինձանից է:
Հիշի'ր, յուրաքանչյուր դժվարություն` Աստծո խրատն է, և դրա համար սրտումդ դիր այն խոսքը, որ Ես ասացի քեզ այսօր` դա Ինձանից է:
Պահի'ր դրանք, իմացի'ր և հիշի'ր. միշտ, որտեղ էլ որ լինես, ամեն մի խայթոց կմեղմանա, երբ կսովորես ամեն ինչում Ինձ տեսնել:
Ամենն ուղարկված է Ինձանից քո հոգու կատարելության համար. այս ամենն Ինձանից է:   

Դիտվել է 9107
2011.10.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.