Ընթերցանություն
Գլխավոր>Ինչպե՞ս> Ապաշխարել

Ապաշխարել

Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է (Մատթ. Դ17)

Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը՝ Հիսուս Քրիստոս (Հովհ. Ի 22-23): Ապաշխարություն նշանակում է ապա-աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով՝ կատարած մեղքի համար զղջալ և գործած չարիքի դիմաց սեփական անձը պատժել: Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացեալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում անմիջապես Հիսուս Քրիստոսից: Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին՝ թե ներելի և թե՜ մահացու: Ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար՝ հավատացիալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդը իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի: Ապաշխարության խորհրդակատարը օծյալ հոգևորականն է: Քանի որ Քրիստոս նրանց այդպիսի իշխանություն տվեց՝ ասելով. ՙԵթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի՚ (Հովհ. Ի 22-23): Ինչպես նաև. ՙՃշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում՚ (Մատթ. ԺԸ 18): Ապաշխարության սկիզբը գործած մեղքն ընդունելն է: Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծու հետ: Եվ եթե ՙՄեղքի վարձը մահն է՚ (Հռոմ. Զ 23), ապա Ապաշխարության պտուղը՝ փրկությունն ու հավիտենական կյանքը: Երբ մեղանչում ենք հավիտենական պատիժ է մեզ վերագրվում, սակայն մեր զղջալու և փոխվելու դեպքում Աստված նաև մեր պատիժն է փոխում ժամանակավորի: Այս պատճառով, թեև խոստովանությամբ թողություն է տրվում բոլոր մեղքերին սակայն մնում է պատիժը, որը վճարում ենք աղոթքով, պահքով և ողորմությամբ: Երբեմն մեղավորն ինքն է կամավորապես ստանձնում որոշակի ապաշխարություն, ինչպես օրինակ՝ որևէ վայելքից հրաժարում և այլն: Այսու լավ ըմբռնելու համար Ապաշխարության խորհուրդը, պետք է մտապահենք հետևյալ կարևոր հանգամանքները.

1. Ապաշխարության խորհուրդը սկսվում է մեղքի գիտակցումից:
2. Մեղքը գիտակցող անձը պետք է անկեղծ զղջում ունենա և այն այլևս չկրկնելու վճռականություն:
3. Նա պետք է դիմի Եկեղեցու օծյալ հոգևորոկաննրին՝ մեղքերը խոստովանելու մտադրությամբ:
4. Որևէ այլ անձ բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկին խոստովանեցնելու և մեղքերից արձակում տալու: Այդ իշխանությունը աստվածադիր օրենքով միայն նրանց է տրված:
5. Խոստովանության գնացող անձը պետք է պատրաստ լինի իր գործած մեղքերի դիմաց որոշակի նեղություն կրելու:

Դիտվել է 5592
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.